ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Անհայտ բաժանորդի» հայտնի դեմքերը Սյունիքում
18:00 14.11.2019

«Անհայտ բաժանորդի» հայտնի դեմքերը Սյունիքում

2019թ․ թերևս ամենասպասված ֆիլմը՝ «Անհայտ բաժանորդը», մեծ էկրան բարձրացավ։ Կինոնկարը ցուցադրվեց նաև Սյունիքում, ինչի առթիվ էլ ստեղծագործական կազմը երկու օրով մարզում էր։ Առաջին կանգառը Kajaran Cinema-ն էր։ Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի խոսքով՝ ֆիլմը մարդկային հարաբերությունների մասին է։ Ասում է՝ ունենք փոխհարաբերությունների ճգնաժամ։ Մեզանում կարևորություն է տրվում հեռախոսներին, համացանցին, իսկ պարզ, մարդկային շփումները հետին պլան են մղվում։ Կինոնկարը իտալական արտադրության «Կատարյալ անծանոթները» ֆիլմի ռիմեյքն է։ Իսկ հայկական տարբերակն ինչո՞վ է առանձնանում։ Ռեժիսորն ասում է․ «Մեր հայկական տարբերակն ունի ֆանտաստիկ էներգետիկա՝ պայմանավորված շատ լավ դերասանական կազմով։ Իսկական դերասանական անսամբլ է։ Կա քիմիա, հայկական խառնվածք, էներգիա, մտածելակերպ, որը, կարծում եմ, կարևոր է իսկական հայկական ֆիլմ ստանալու համար»։

«Անհայտ բաժանորդում» հայտնի ու սիրված դեմքեր են, որոնցից մեկը Նազենի Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով՝  ֆիլմը  դրվագ է յուրաքանչյուրիս կյանքից, ամեն վայրկյանը՝ մի ամբողջական կյանք։ Ֆիլմը,  ըստ դերասանուհու, ունի կարևոր ուղերձ․ ինչպես ենք ապրում և  ինչու ենք երբեմն ցույց տալիս, թե ապրում ենք։ Այս տարբերությունը պետք է հասկանանք․ «Մենք սովորել ենք ցույց տալ, թե ապրում ենք այսպես, թե այնպես, դերեր խաղալ, բայց ֆիլմի ուղերձը սա է․ եկեք բացենք մեր դեմքերը և հասկանանք, որ մենք անկեղծ չենք նախ ինքներս մեր հանդեպ։ Այս ֆիլմում բոլորը կգտնեն իրենց կյանքից մի փոքր պատմություն, իրենց ընկերներից մի պատմություն։ Ֆիլմը բերում է մի լավ եզրահանգման․ ի վերջո ինչ է այս կյանքում մեզ մնում․ մեկս մյուսի հետ շփումը, ընկերությունն ու մեր ընտանիքները, մնացած ամեն ինչ անցողիկ է։ Եթե այդ անցողիկության մեջ մենք սկսենք խաբել իրար, էլ ինչո՞ւմ է կյանքի իմաստը»։

Կերպարներից մեկին՝ Աննային, մարմնավորում է Մարջան Ավետիսյանը։ Դերասանուհին ասում է, որ ինչպես իր մյուս դերերի, այնպես էլ Աննայի համար առաջադրված խնդիրները մարտահրավեր էին, որ պետք է մինչև վերջ հաղթահարեր․ «Ֆիլմը մեր մասին է, հասարակության, և ընդհանրապես, յուրաքանչյուր հանրույթի համար է։ Կարևոր չէ ազգությունը։ Եթե ինը երկրի հետաքրքրել է, ապա կարծում եմ, որ համամարդկային է։ Այն վերաբերում է այն ամենին, ինչը մեզ այսօր և՛ սպանում է, և՛ օգնում․ հեռախոսների մասին է»։

Հայ իրականության մեջ ամենահետաքրքիր ձայն ունեցող դերասաններից մեկը՝ Բաբկեն Չոբանյանը, այս ֆիլմում գլխավոր կերպարներից մեկին է մարմնավորում․ «Հետևություն անելու կարիք կլինի գուցե, մեր կյանքը կազմակերպելու առումով վերանայելու կարիք կլինի գուցե։ Եթե ֆիլմից հետո մարդիկ մտածեն, ինչ-որ բան փոխվի իրենց մեջ, ուրեմն իզուր չենք աշխատել»։

Քաջարանի ջերմ ընդունելությունից հետո աստղաբույլը շարժվեց մարզկենտրոն՝ ֆիլմի ցուցադրությանը ներկա լինելու «Սյունիք» կինոթատրոնում։ Այստեղ ևս ջերմ ընդունելության արժանացավ։ Ցուցադրության հաջորդ օրը դերասանները շրջագայություն կատարեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքում։

«Անհայտ բաժանորդի» հաջորդ կանգառը Գորիսն էր։ Սակայն մինչև կինոնկարի ցուցադրությունը ստեղծագործական կազմը հանդիպում ունեցավ երիտասարդների ու Գորիսի պետթատրոնի դերասանների հետ։ Թեյախմությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով։ Գորիսի պետթատրոնի աշխատակիցներն ուրախ էին հանդիպման համար։ Գլխավոր ռեժիսոր Ասյա Սիրեկանյանն ասում է․ «Հանդիպման ընթացքում հասկացանք, որ հնարավորություն ունենք  կիսվելու փորձով, համագործակցելու, որի համար մեզ պետք է աշխատասիրություն ու ցանկություն»։

Կրկին ստեղծագործական առիթներ կլինեն մտքեր փոխանակելու և Սյունիքում մշակութային կյանքը ակտիվ պահելու համար։ Նման ակնկալիքով ստեղծագործական թիմը մեկնեց Սյունիքից։

Անուշ Միրզոյան

18:00 14.11.2019