ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուզում ես դառնալ ծրագրավորող, սկսիր «Արմաթից»
16:00 15.11.2019

Ուզում ես դառնալ ծրագրավորող, սկսիր «Արմաթից»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման կրթական ծրագիր: Ծրագրի շրջանակում ստեղծվել են ինժեներական լաբորատորիաներ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի 1400 դպրոցում։

«Արմաթի» պատմությունը

2008թ․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանում մեկնարկ տվեց դպրոցականների շրջանում ռոբոտաշինության զարգացման լայնամասշտաբ ծրագրին՝ ԱրմՌոբոտիքսին, որի շրջանակում Հայաստանի (ներառյալ Արցախը) 55 համայնքում ստեղծվեց 60 խմբակ, որտեղ աշակերտներն ուսումնասիրում էին ռոբոտաշինություն և աշխատում «Սայմոտեկ» ընկերության արտադրած ռոբոտներով։ Հետագայում ԱրմՌոբոտիքսի հիման վրա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ստեղծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնց թիվը 2019թ․ ապրիլի դրությամբ հասնում է 260-ի։

«Արմաթի» նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:

Ծրագրի առանձնահատկությունը

Ծրագիրը նախատեսված է այն դպրոցականների համար, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով: «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մանե Աղագուլյանը պատմում է. «Ի սկզբանե ծրագիրը 12 տարեկանից բարձր երեխաների համար էր, բայց տարիքային շեմն իջեցվել է: Այժմ սովորողների շարքում ունենք 9-10 տարեկան երեխաներ: Սարքավորումների հիմնական մասը, որ տրամադրվում է դպրոցներում ինժեներական լաբորատորիաների գործունեության համար, արտադրվում է Հայաստանում, գտնվում են հովանավորներ, ովքեր իրականացնում են դրանց ֆինանսավորումը, իսկ կառավարությունը վճարում է խմբակավարներին»: 

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում կրթությունն անվճար է։ Այստեղ աշակերտներն ուսումնասիրում են ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև համակարգչային փայտամշակում և լազերային փորագրություն: Սկզբնական շրջանում աշակերտները ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած և հայաֆիկացված «Աղուէս» և «Կրիայ» ծրագրավորման և խաղերի ու անիմացիաների ստեղծման միջավայրերը, որոնց շնորհիվ ձեռք են բերում ալգորիթմային մտածողություն, այնուհետև սկսում են խորացնել գիտելիքները եռաչափ մոդելավորման և տպագրության, լազերային փորագրության և ռոբոտաշինության ասպարեզներում։ Աշակերտները ուսումնասիրում են ծրագրավորման բազմաթիվ լեզուներ, ինչպես նաև ավտոմատացնում տարբեր համակարգեր, ստեղծում ռոբոտ-օգնականներ և իրականացնում սեփական տեխնոլոգիական նախագծերը։

Լաբորատորիաների թիվը ավելանում է

Օրերս լաբորատորիա բացվեց նաև Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում․ ««Արմաթի» գերխնդիրը ինժեներական կրթության զարգացումն է, ռոբոտաշինության, ծրագրավորման նկատմամբ հետաքրքրության սերմանումը։ Տարեցտարի հետաքրքրվողների թիվը ավելանում է։ Համեմատելով նոր լաբորատորիայի գույքը  և ծրագրերը 3 տարի առաջ ունեցածի հետ՝ պետք է ասեմ, որ «Արմաթը» քայլում է ժամանակին համընթաց»,- ասաց Մանե Աղագուլյանը։

Աշակերտները ավելի շատ հետաքրվում են «Աղուէս» ծրագրով, քանի որ հեշտ ծրագրավորվող լեզու է։  Էմիլ Ղուկասյանը ավելի շատ սիրում է խաղ պատրաստել․ «Շատ եմ սիրում համակարգչով խաղեր խաղալ։ Ինձ հետաքրքրեց, թե ինչպես կարող եմ իմ նախաձեռնությամբ խաղեր պատրաստել, դրա համար էլ այցելեցի «Արմաթ»»։

Հաճախողների թիվը անցնում է 40-ից։ Խմբակավարի խոսքով՝ սկզբում երեխաները գալիս են հետաքրքրությունից դրդված, բայց հետո շարքերը նոսրանում են․ «Ժամանակի ընթացքում այն երեխաները, որոնց մոտ հետաքրքրությունը քիչ-քիչ մարում է, շարքերը սկսում են լքել։ Շարունակում են  հաճախել այն սաները, ովքեր պատրաստ են խորանալ այս ոլորտում։ Բացի դրանից՝ «Արմաթը» օգնում է նաև ուսումնառությանը․ ավելացնում է ինֆորմատիկա առարկայից ունեցած գիտելիքների պաշարը»։

Գագիկ Աթաջանյանն էլ վաղուց էր հետաքրքրվում ռոբոտաշինությամբ, եկել է ավելի խորացնելու իմացությունը․ «Դեռ մի քանի օր է, որ գալիս եմ, առայժմ հեշտ ծրագրերի վրա ենք աշխատում,  հուսով եմ՝ կհասնենք ավելի բարդերին»։

Վերջերս «Արմաթ» լաբորատորիա է  բացվել նաև Կապանի թիվ 13 հիմնական  դպրոցում։

Նարե Խաչատրյան

16:00 15.11.2019

Ամենաշատ ընթերցվածները