ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ընտանեկան բռնությունները կհաշվառվեն
16:00 16.11.2019

Ընտանեկան բռնությունները կհաշվառվեն

Վերջին 8 տարում ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում սպանվել է 60 կին. այս մասին փաստում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան: 

ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով 2019թ․ առաջին կիսամյակի ընթացքում կոմիտեի մարմինները և ստորաբաժանումները նախապատրաստել են ընտանեկան բռնության վերաբերյալ 180 նյութ:

Ըստ հաղորդագրության՝ տվյալ ժամանակահատվածում կոմիտեի վարույթում է գտնվել 331 քրեական գործ: 

Նշված հանցագործություններում 209 անձ ներգրավված է եղել որպես մեղադրյալ, որոնցից 77 անձ եղել է 18-35 տարեկան, 132-ը՝ 35 տարեկանից բարձր: Սակայն սա ընտանեկան բռնության վերաբերյալ ամբողջական վիճակագրությունը չէ, քանի որ բռնության զոհ դարձածների մի մասը պարզապես լռում է:

Բռնությունը կենսակերպի նորմալ ձև չէ

«Դե ոչինչ», «Երեխաներս առանց հայր չպետք է մեծանան», «Ներողություն կխնդրի՝ կանցնի».  սրանք այն բառակապակցություններն են, որոնք հաճախ կրկնում են բռնության ենթարկված կանայք:

Հասարակության մեջ զարգացած մի շարք կարծրատիպերի պատճառով բռնության ենթարկված կանայք հաճախ լռում են՝ ստվերում թողնելով մի շարք այլ խնդիրներ:

Հոգեբան Մանե Հակոբյանը պնդում է՝ բռնությունը կանխարգելելու գործընթացը պետք է սկսել ամենավաղ տարիքից և պետք է կանխարգելել բռնությունը այն ընտանիքներում, որտեղից տվյալ երեխան դուրս է գալիս:

Ըստ հոգեբանի՝ Հայաստանում բռնության վերաբերյալ պատկերացումները մի փոքր այլ են:

«Մեր երկրում բռնություն հաճախ համարվում է միայն ֆիզիկական ծեծը: Ծեծի հետևանքով առաջանում են կապտուկներ, հետևաբար իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, և քանի որ կա փաստական ապացույց, մասնագետները լծվում են գործին: Իսկ մյուս տեսակի բռնությունները դժվար ապացուցելի են: Չկա ապացույց՝ չկա բռնություն», - նշում է հոգեբանը:

Կա կարծիք, որ նման դեպքեր առավել հաճախ հանդիպում են սոցիալապես անապահով ընտանիքներում:

Մ.Հակոբյանը նշում է՝ հոգեկան առողջության և սոցիալական կենսամակարդակի միջև ուղիղ կապ կա: Մարդիկ աղքատ են, որովհետև շատ հաճախ հոգեկան ռեսուրսներ չեն ունենում իրենց կյանքը կազմակերպելու և գումար վաստակելու համար: Հետևաբար, բացառված չէ, որ սոցիալական վիճակը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ:

«Սոցիալապես անապահով ընտանիքներում, որտեղ կուլտուրայի ցածր մակարդակ կա, նման դեպքերը ավելի արագ են բացահայտվում, իսկ սոցիալապես կայուն ընտանիքներում կանայք հիմնականում թաքցնում են, քանի որ հասկանում են՝ ամուսնուց է կախված նրանց ֆինանսական վիճակը: Եթե ամուսնու դեմ գործ հարուցեն, կմնան առանց ֆինանսական միջոցների», - նշում է Մ.Հակոբյանը:

Հոգեբանը առանձնացնում է կանանց սոցիալական ապահովածության հարցը․ միայնակ կանայք մեր հասարակության մեջ անպաշտպան են:

Ինչ վերաբերում է բռնարարներին, ապա նրանք բարդ խմբեր են համարվում, քանի որ նրանց հետ հոգեբանական աշխատանքը հարկադրական բնույթ է կրում: Ընտանիքում կա բռնարար, որին միշտ մեղադրում ենք, բայց կա նաև մեկը, որը պատրաստ է լինել զոհ, և կա սադրիչ, ով չի հեռանում։

«Մենք զոհի մասին ավելի շատ ենք մտածում, քան բռնարարի: Սկզբից զոհին պետք է մեկուսացնենք, գիտակցության հասցնենք, որ ինքը պետք է զոհ չլինի, դա նորմալ չէ, որ իրեն ծեծում են, խոշտանգում, վիրավորում, ստորացնում և այլն: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ  բռնությունը կենսակերպի նորմալ ձև չէ», - նշում է հոգեբանը: 

Մասնագետը պնդում է, եթե զոհը դիմի համապատասխան մարմիններ, բռնարարը կհասկանա, որ ինքը սխալ է և կդիմի օգնության ինքնակամ կամ իրեն կստիպեն՝ հարկադրաբար որոշակի բուժում անցնել: Հետո հաջորդ անգամ խփելուց առաջ կմտածի, որ իրեն պատասխանատվության կենթարկեն:

Մ.Հակոբյանի կարծիքով՝ մարզերում, համայնքներում պետության կողմից ֆինանսավորվող կենտրոններ պետք է լինեն, որտեղ մարդիկ կդիմեն և համապատասխան  աջակցություն կստանան:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերատեսչության ներքո պետք է ստեղծվեն այդ կենտրոնները, որտեղ կլինեն հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ, մանկավարժ, որոնք ընտանիքի հետ պարբերաբար աշխատանքներ կտանեն՝ նման դեպքերը գոնե մեղմելու համար», - նշում է հոգեբանը:

Մ. Հակոբյանը ողջունում է բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումը՝ ասելով, որ դա դեռ սկիզբն է և չպետք է մնա միայն թղթի վրա:

Ինչ կտա բռնությունների հաշվառման համակարգը 

Կանանց աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն Մարո Մաթոսյանը նշում է, որ այս ոլորտում մինչ օրենքի ընդունումը և օրենքի ընդունումից հետո տարբերությունը ակնհայտ է:

«Մինչ օրենքի ընդունումը ոստիկանները նման դեպքերը երկու ձևով էին լուծում: Կամ ասում էին՝ գնա ու քո հարցերը ամուսնուդ հետ լուծիր, կամ ընտանեկան բռնությունը գրանցում էին իբրև կոնֆլիկտ, որը, իհարկե, կոնֆլիկտ չէ», - նշում է Մ.Մաթոսյանը: 

Նրա խոսքով՝ այսօր նման դեպքերը արձանագրվում են որպես ընտանեկան բռնություն, և կան պաշտպանական միջոցներ, ինչպիսին է, օրինակ, անհետաձգելի անմիջական միջամտությունը, որը թույլ է տալիս ոստիկանին 20 օրով բռնարարին հեռու պահել տնից. «Դատարանը կարող է պաշտպանական որոշում կայացնել, հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը»:

Բացի օրենքից՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ ևս մեկ փոփոխություն էլ է տեղի ունեցել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ:

Մ.Մաթոսյանը նշում է, որ աջակցման կենտրոնները և մնացած պետական մարմինները նոր են սկսում ակտիվանալ այս ոլորտում: «Սա հնարավորություն կտա իմանալ, թե որքանով է մեր աշխատանքը արդյունավետ: Կիմանանք՝ քանի դեպք է եղել, քանիսն է կարճվել, քանի կին է հրաժարվել գործը շարունակելուց կամ քանիսն է շարունակել»:

Տնօրենի խոսքով՝ համակարգը թույլ կտա մեզ ստեղծել տվյալների բազա, կունենանք վիճակագրություն, օրինակ՝ բռնարարների վերաբերյալ: Եթե տվյալ անձը նորից բռնություն կիրառի, ապա կտեսնենք, որ դա առաջին դեպքը չէ, նրա վերաբերյալ այլ գործեր էլ կան. «Համակարգը հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերի և վիճակագրության վերաբերյալ»:

Մ.Մաթոսյանը նշում է, որ բռնության պատճառները այսօր գտնվում են հասարակության մեջ, քանի որ չկա կին և տղամարդ հավասարությունը.  «Հասարակության մեջ բռնությունը արդեն վարք է: Տղամարդը կարծում է՝ ինքը արտոնյալ է և կնոջ հետ կարող է անել այն, ինչ ուզում է: Իսկ քանի որ կինը գենդերային կարծրատիպերով է շարժվում, ապա մտածում է, որ առանց տղամարդու ունակ չէ ամեն ինչ միայնակ անել»:

Իսկ ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա ամենաշատ դեպքերը գրանցվում են այնտեղ, որտեղ կա շատ բնակչություն: Իսկ նման դեպքերում կանանց օգնում են իրավապաշտպան կամ կանանց աջակցման կենտրոնները:

Մ.Մաթոսյանը նշում է, որ իրավապաշտպան կազմակերպությունները իրավաբանական ծառայություններ են մատուցում, իսկ կանանց աջակցման կենտրոնները հիմնականում սոցիալական աջակցություն են ցուցաբերում. «Աջակցման կենտրոնը կարող է ուղղորդել, որպեսզի կինը ապաստարան գտնի: Ապաստարանները տրվում են մինչև 3 ամիս, բայց, անշուշտ, դա վերջնական ժամկետ չէ»:

Մանե Բաբայան

16:00 16.11.2019