ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ավազը կլանում է բացասականը
16:00 17.11.2019

Ավազը կլանում է բացասականը

Անցած դարի 40-ական թվականներին շվեդ հոգեբույժները հատուկ իրենց փոքրիկ այցելուների համար թերապիայի նոր տեսակ են մշակել: Նրանց կարծիքով՝ ազատվել հոգեբանական լարվածությունից և հաղթահարել որոշակի վախերը, ինչպես նաև զարգացնել մոտորիկան՝ շարժողական ակտիվությունը, հնարավոր է ավազի հետ շփման միջոցով: Նորարարական մեթոդը արդարացրեց մասնագետների սպասելիքները, հետագայում թերապիայի այս տեսակը սկսեցին կիրառել նաև հասուն այցելուների հետ՝ որպես հետինսուլտային թերապիա: Այդպես աստիճանաբար ավազաթերապիան ճանաչում գտավ աշխարհում:

Իհարկե, Հայաստանը բացառություն չդարձավ, և նման թերապիայի մեթոդը մեզ մոտ նույնպես կիրառվում է: Օրերս եղանք Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում, որտեղ ավազաթերապիայի համար հատուկ ժամեր են հատկացված: Հանդարտ երաժշտության ուղեկցությամբ անցկացվող դասերը երեխաների վրա միանգամայն լավ են ազդում։ Քանի որ մեթոդը նաև խաղային է, հաջողվում է լեզու գտնել բարդութավորված սաների հետ: Երեխաների համար այդքան անհրաժեշտ պարագաները դպրոցը ստացավ «Կարմիր խաչ» միջազգային հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղից: Շատ հաճախ դասերը անցնում են հենց Կարմիր խաչի կամավորների մասնակցությամբ, դա ևս դրական է ազդում:

Բելլա Բաղդասարյանը, ով 2 տարվա փորձով կամավոր է, հաճույքով է այցելում, ասում է, որ մանուկների հետ աշխատելը պատասխանատու է, և որ ինքն էլ է կարծես մանկանում ավազաթերապիայի դասերին: «‎Շփումը նոր մարդկանց հետ օգնում է երեխաներին հասարակության մեջ ինտեգրվելու հարցում»‎, - ասում է հոգեբան Սիրուն Հակոբյանը: Նրա կարծիքով՝ սաների հետաքրքրությունը ակնհայտ է, փոքրիկների կարծիքով, նրանք միայն նոր խաղաձև են գտել, մինչդեռ մասնագետի համար տեսանելի է ներքին լարվածության նվազում և շարժողական ակտիվության բարելավում:

Հատուկ կարիքավոր երեխաների հետ աշխատելու ընթացքում, բնականաբար, յուրահատուկ մեթոդներ են կիրառվում: Երբեմն պարագաների ձեռքբերման հարցում դպրոցներին աջակից են լինում բարերարներ և հասարակական կազմակերպություններ, ինչպես եղավ այս դեպքում:

Անի Գրիգորյան

16:00 17.11.2019

Ամենաշատ ընթերցվածները