ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ցուրտ եղանակի հետևանքները ձեր դեմքին
18:00 17.11.2019

Ցուրտ եղանակի հետևանքները ձեր դեմքին

Աշնանը և ձմռան սառը օդից, քամուց, ձյունից դեմքի մաշկը հաճախ չորանում, կարմրում է և  լրացուցիչ խնամք է պահանջում: Ցուրտ եղանակին մի շարք գործոններ մաշկից խոնավություն են կլանում։ Իսկ ջեռուցվող տարածքների չոր օդը, ջերմաստիճանի տատանումները մաշկը դարձնում են ջրազրկված։ 

«Ցրտի ժամանակ քայքայվում է մաշկի պաշտպանական շերտը, և եթե պատշաճ կերպով չխնամել մաշկը, այն շրջակա միջավայրի ագրեսիային չի դիմանա, կչորանա, կբորբոքվի ու կկարմրի։ Դրան նպաստում է նաև շրջակա միջավայրի ջերմաստիճանի անընդհատ տատանումը, քանի որ ցուրտ եղանակին հաճախ ենք սառնամանիքից տաք տեղափոխվում և հակառակը։ Այսպիսի արտաքին ազդեցությունների հետևանքով մեր մաշկի հիմնական խնդիրը դառնում է ցրտահարումը, թեփոտումը, ինչպես նաև մաշկը կորցնում է դիմադրողականությունն ու առողջ տեսքը, ինչի դեմ կարելի է պայքարել միայն ինտենսիվ կերպով խնամելով մաշկը։ Հետագա խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ճիշտ ժամանակին: Այս դեպքում շատ կարևոր է հետևել մաշկի խնամքի մի քանի կարևոր կետերի: 

Նախ յուրաքանչյուր խնամք պետք է սկսել` ճշտելով մաշկի տեսակը (չոր, յուղոտ, կոմբինացված), քանի որ սա իմանալով է, որ կարելի է ճիշտ խնամք կազմակերպել: Սխալ է կարծել, թե ձմռանը մաշկը խոնավության կարիք չի զգում, հակառակը: Երբ մենք դրսից մտնում ենք տուն, տաքի և սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավություն են ծախսում: Նշանակում է՝ մաշկը մշտապես պետք է խոնավացնել՝ օգտագործելով խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ: Սա անհրաժեշտ է մաշկի յուրաքանչյուր տեսակի համար. յուղոտ մաշկը խոնավության պակաս այնքան չունի, որքան չոր մաշկը: Եթե ջերմաչափը ցույց է տալիս զրոյից ցածր ջերմաստիճան, խոնավացնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ: Այլապես կարող է առաջանալ հակառակ երևույթը. ձեր դեմքը կարող է թեփոտվել կամ ծածկվել բծերով: Դա ալերգիկ երևույթ չէ. պարզապես քսուքի խոնավացնող բաղադրիչը ցուրտ փողոցում սառչում է, և  մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել: Դեմքի մաշկի ինտենսիվ խոնավացման համար ձմռանը ամենից լավ համապատասխանում է գիշերային ժամանակը։ Խնամող միջոցի օգտագործումից հետո ներծծումը սովորաբար տևում է 10-15 րոպե։ Եթե հասարակ խոնավացնող միջոցները չեն բավականացնում, ապա կարելի է աշնանային կամ ձմեռային օրերին խոնավացնող անձեռոցիկներ օգտագործել, դա կօգնի դեմքը պաշտպանել չորությունից:

Ինչ վերաբերում է ցերեկային քսուքին, ապա լավ միջոց կարող է հանդիսանալ պաշտպանիչ քսուքը խիտ և հագեցած կազմությամբ», - ասում է մաշկաբան-կոսմետոլոգ Ռուզաննա Ղազարյանը։

Մաշկը պետք է նաև ակտիվորեն սնուցել, քանի որ ցրտերի պատճառով չորանում ու թեփոտվում է։ Սնուցման միջոցները պետք է փափուկ լինեն, պարունակեն վիտամիններ ու անտիօքսիդանտներ։ Նույնիսկ յուղոտ մաշկին սնուցում է պետք, պարզապես ավելի քիչ յուղոտ, քան մյուս տիպի մաշկերի սնուցումը։ Ցուրտ եղանակին պարտադիր կարգով պետք է խոնավացնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց և ցրտից:

«Հաջորդ կարևոր քայլն այն է, երբ կինը` դեմքը տոնային քսուքով պատված, գալիս է տուն, առաջին հերթին պետք է լվանա դեմքը, սակայն ձմռանը ցանկալի չէ, որ անմիջապես տաք ջրով լվացվի: Այս պարագայում հնարավորինս ցածր ջերմաստիճանի ջրով պետք է լվանալ, որպեսզի մաշկը ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ չզգա: Չոր մաշկը ցուրտ եղանակին ավելի լավ է մաքրել կոսմետիկ սերուցքներով։ Եթե մաշկը նորմալ է կամ համակցված տիպի, մոռացեք լոսյոնների ու տոնիկների մասին։ Դեմքի ավելի ճարպոտ մասերը մաքրեք շպարը հանող անյուղ միջոցներով, չոր մասերը՝ յուղ պարունակող միջոցներով կամ կոսմետիկ սերուցքներով։ Յուղոտ մաշկ ունեցողները ձմռանը պետք է հրաժարվեն սպիրտային լոսյոններ գործածելուց։ Դեմքը մաքրելու համար օգտագործեք միայն ալկոհոլ չպարունակող տոնիկներ», - հավելում է Ռուզաննա Ղազարյանը:

Շատ կարևոր է նաև օրգանիզմում ավելացնել ջրի քանակը՝ օրական մինչև 2 լիտր:

Ջեռուցման սեզոնի բացման հետ սենյակում անպայման պետք է խոնավություն պահպանել: Այդ նպատակով կարելի է հատուկ խոնավացնող սարք օգտագործել:

Սոնա Օհանջանյան

18:00 17.11.2019

Ամենաշատ ընթերցվածները