ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեծամտությու՞ն, թե՞ ցածր ինքնագնահատական
20:00 18.11.2019

Մեծամտությու՞ն, թե՞ ցածր ինքնագնահատական

Շրջապատում հաճախ ենք հանդիպում մարդկանց, ովքեր սեփական անձի մասին միշտ բացասաբար են արտահայտվում, դժգոհում են սեփական տեսքից, աշխատանքից, ապրելու ոճից և այլն: Կա նաև ճիշտ հակառակը՝ մարդիկ, ովքեր իրենց փորձում են ներկայացնել մեծամտական կերպով: Որքան էլ տարօրինակ թվա, վերոնշյալ երկու դեպքում էլ անձինք հնարավոր է ունենան ցածր ինքնագնահատական: Առաջին դեպքում մարդը, նման կերպ արտահայտվելով, փորձում է շրջապատից ստանալ հակառակ կարծիքը՝ դրանով իսկ իր մեջ հաղթահարելով ցածր ինքնագնահատական ունենալու բարդույթը, իսկ երկրորդ դեպքում անձը, իր մեջ փորձելով հաղթահարել ցածր ինքնագնահատականը, բոլորին ներկայացնում է իր լավագույն կողմերը, ինչ-որ տեղ նույնիսկ չափազանցված՝ շրջապատում կարծիք ձևավորելու համար:

Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Մարդու ադեկվատ ինքնագնահատականը անձի կարևորագույն բաղադրիչներից մեկն է, իսկ նորմայից ամեն մի շեղում անմիջականորեն ազդում է անձի կյանքի որակի վրա:

«Ինքնագնահատականի վրա ազդող հիմնական գործոնները խառնվածքը, ընտանիքը և շրջապատն են: Անձի մոտ ինքնագնահատականի ձևավորումը սկսվում է դեռ փոքրուց: Սովորաբար այն երեխաները, ովքեր մեծանում են այնպիսի ընտանիքներում, որտեղ տիրում է  քննադատության, պահանջկոտության և մաքսիմալիստական վերաբերմունքի մթնոլորտ, հետագայում լինում են ցածր ինքնագնահատականով մարդիկ: Քանի որ նրանց միշտ թվում է, թե չեն կարողանում բավարարել շրջապատի պահանջները: Անհրաժեշտ է ոչ թե մատնացույց անել երեխայի սխալները և քննադատել նրան դրա համար, այլ ցույց տալ նրա հաջողությունները և խրախուսել։ Սխալները մատնացույց անելու դեպքում երեխան անվստահություն է տածում իր նկատմամբ, նրա գիտակցության մեջ ամրագրվում է համոզմունք, որ ինքն անընդունակ է, վատն է, թույլ է, անկարող է, անհաջողակ է։ Մինչդեռ նրա հաջողությունները մատնացույց անելը և գովելը ինքնավստահություն են ձևավորում նրա մեջ, երեխան չի վախենա ավելի բարդ գործեր ձեռնարկելուց։  

Հետագայում դպրոցում մեծ դեր են ունենում դասավանդող ուսուցիչները: Որպես կանոն, որքան բարձր են սովորողի հաջողությունները ուսման մեջ, այնքան բարձր է նրա ինքնագնահատականը:  Ուսուցիչները պետք է օգնեն, որպեսզի սովորողները բացահայտեն իրենց սեփական Ես-ը, իրենց կարողությունները, հնարավորությունները, թերություններն ու առավելությունները: Ուսուցչի մի խոսքը բավական է, որ սովորողին երկինք բարձրացնի և հակառակը: Ուսուցիչը պետք է օգնի, որ սովորողը կարողանա ճիշտ գնահատել իր հաջողություններն ու անհաջողությունները: Եթե նկատում ենք, որ սովորողն ունի ցածր ինքնագնահատական, պետք է փորձենք նրա թեկուզ ամենաչնչին հաջողության մասին բարձրաձայնել՝ ցույց տալով, որ սա նրա սեփական ջանքերի արդյունքն է: Բայց սա չի նշանակում, որ պետք է կեղծել. խոսքը իրական հաջողության մասին է: Հաճախ որոշ ուսուցիչներ մոռանում են, որ պետք է որոշ չափով տիրապետել հոգեբանական հմտությունների, քանի որ գործ ունեն ամենազգայուն ներաշխարհ ունեցող անձանց՝ երեխաների հետ: 

Արդեն մեծ հասակում ցածր ինքնագնահատականը հիմնականում քննադատությունների արդյունք է․ մարդը չի կարողանում պայքարել կողմնակի մարդկանց կարծիքի դեմ, ովքեր փորձում են նրան կաղապարել իրենց կարծիքներով։ Հաճախ նաև լինում է ինքնաքննադատություն, օրինակ՝ մարդը ինքն իր արտաքինից, արածից, պահվածքից գոհ չի լինում, ինչն էլ պատճառ է հանդիսանում ցածր ինքնագնահատականի համար», - նշում է հոգեբան Հասմիկ Սիմոնյանը:

Այն մարդիկ, ովքեր ավելի օբյեկտիվ և ռացիոնալ են գնահատում սեփական ունակությունները, ավելի կենսունակ են իրենց կյանքում և գործունեության մեջ: Նրանք իրավիճակի նկատմամբ ավելի կառավարող են, որովհետև շատ լավ կարողանում են տեսնել սեփական առավելություններն ու թուլությունները: Նրանք կարողանում են այս երկուսի ճիշտ հարաբերակցության մեջ հաջողության հասնել: Նրանք ավելորդ ջանքեր չեն թափում, որպեսզի թաքցնեն իրենց թույլ կողմերը, և ոչ էլ ջանք են թափում, որպեսզի ցուցադրեն սեփական ուժեղ կողմերը: Նրանք, կարծես, ինքնաբավ են տվյալ ժամանակահատվածում իրենց ձեռքբերումների, վիճակի և կացության առումով:

Ինքնագնահատականը մարդու ներքին շարժիչն է` բազմաթիվ լավ ու վատ արարքների արդյունքը: 

Սթափ և օբյեկտիվ վերաբերմունքը սեփական անձի հանդեպ նորմալ ինքնագնահատականի հիմքն է: «Շրջապատում միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ բանում գերազանցում են ձեզ, օրինակ` ավելի ուժեղ են, գեղեցիկ, հմայիչ, զարգացած, հաջողակ կամ հանրահայտ: Եվ հավասարապես էլ` կգտնվեն այնպիսիք, ովքեր զիջում են ձեզ այդ նույն հարցերում: Փորձեք օբյեկտիվ վերաբերվել ձեզ` ձեր բոլոր թերություններով հանդերձ: Սա ամենևին չի նշանակում, որ չպետք է ձգտել դրանք ուղղել կամ վերացնել, բայց պետք չէ սեփական անձից պահանջել լինել կատարյալ: 

Աշխատելով ինքներդ ձեզ վրա` զգալիորեն կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Աշխատեք միշտ հասնել ձեր առջև դրված նպատակին. դրա համար փորձեք որոշակիացնել իրատեսական և հաղթահարելի նպատակներ: Հստակ որոշեք ձեր գործողությունների պլանը և ստիպեք ձեզ անպայման հետևել դրանց, ինչքան էլ ժամանակ առ ժամանակ սկսածը կիսատ թողնելու գայթակղություն առաջանա», - ասում է մասնագետը:

Հիշեք, թե ինչքան կարևոր են մեր աշխարհընկալման համար կատարված բարի գործերը, ինչքան կարևոր են ինքներս մեր մեջ լավագույն մարդկային գծեր դաստիարակելու մղումը, ձգտումը մեծացնելու մեր հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը: Զբաղվեք ձեր սիրած գործով, ժամանակի հետ դուք ձեռք կբերեք փորձ ու հմտություն, որը հետո առիթ կդառնա հպարտանալու ինքներդ ձեզնով: 

Սոնա Օհանջանյան

20:00 18.11.2019