ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան-Քաջարան ավտոճանապարհին հեղուկ գազի արտահոսքը դադարել է
13:30 19.11.2019

Կապան-Քաջարան ավտոճանապարհին հեղուկ գազի արտահոսքը դադարել է

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Կապանի մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ ըստ իրականացված մասնագիտական զննման արդյունքների, հեղուկ գազի արտահոսքը դադարել է Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մոտ 30 մ ձորում հայտնված «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տոննա) տեղափոխող բեռնատարի կցորդիչից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կցորդիչի մոտ իրականացվող հերթապահությունն ավարտվել է: Նոյեմբերի 18-ին այն իրականացրել են 2 փրկարար ծառայող և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակից։ 

«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տոննա) տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դեպքի վայրում սահմանել հերթապահություն:

Ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.), տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բութան հեղուկ գազի բազայի աշխատակցի կողմից գազի պարպման նպատակով իրականացվել են համապատասխան աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ 24news.am

13:30 19.11.2019

Ամենաշատ ընթերցվածները