ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ով փրկում է մեկին, փրկում է աշխարհը
19:00 20.11.2019

Ով փրկում է մեկին, փրկում է աշխարհը

Կապանի Հալիձոր թաղամասի 13 շենքի 34 բնակարանի բնակիչ Էրիկ Սողոմոնյանի մայրը 2015 թվականին սպառողական վարկ էր վերցրել, չէր կարողացել վճարել, տունը աճուրդի է հանվել և 490 հազար դրամով վաճառվել։ Փաստացի ԷՍողոմոնյանը, ով ունի առողջական խնդիրներ ունեցող մայր, երեխաներ, կինն էլ մահացած է, ապրում է մի տան մեջ, որը փաստաթղթերով իրենցը չէ, օրերից մի օր էլ կարող են դրսում հայտնվել։

Օրենքը՝ օրենք, բայց․․․

Անելանելի վիճակում են։ Այս թեմային բազմիցս ենք անդրադարձել։ Տեղյակ էինք, որ Էրիկ Սողոմոնյանը դիմել է մի շարք պետական ծառայողների։ Տուժողի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ սայլը դեռ տեղից չի շարժվել։ Նախ նշենք, որ, ինչպես Էրիկն է ասում, ինքը պատրաստ է գնորդին հետ վերադարձնել այդ 490 հազար դրամը, միայն թե տունը կրկին իրենցը լինի։ Սակայն գնորդ, փաստաբան Դավիթ Արզումանյանը համաձայն չէ։ «Ես բազմիցս փորձել եմ հանդիպել նրա հետ, բայց նա իմ զանգերին չի պատասխանել։ Որդուս է հաջողվել հանդիպել, ասել է, որ այդ տունը մերն է, հանգիստ կարող ենք ապրել, սակայն մինչ օրս դեռ անվանափոխություն չի արել։ Իսկ ինձնից ջրամատակարարման, էներգամատակարարման նպատակով տան փաստաթղթերն են ուզում հաշվիչը փոխելու համար, իսկ ես չունեմ, ի՞նչ անեմ»։

Դավիթ Արզումանյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը, մենք էլ մի օր կարող ենք ջրի գնով երեքսենյականոց բնակարան գնել՝ աճուրդի հանված։ Օրենքը դա թույլ է տալիս։ Բայց գերշահավետ տարբերակից շատ հաճախ բխում է ցավալի պատկեր։ Դավիթը բազմիցս է հրաժարվել հարցազրույց տալ, միայն նշում է, որ լավ կլինի՝ իր անունն առհասարակ չշոշափվի։ Արդյո՞ք դա հավուր պատշաճի պահվածք է։

Անիվը էլի կոտրվեց իր սիրած փոսում

Այս ընտանիքի խնդրով հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ինը ամիս առաջ՝ սյունիքյան այցի ժամանակ։ Պատգամավորն այն ժամանակ մեզ տված հարցազրույցում մասնավորապես նշել էր․ «Պետք է բարեգործների միջոցով տունը գնել և վերադարձնել իրենց։ Դրա համար անձամբ ես կամ պատգամավորներով բանակցություններ կսկսենք տան ներկայիս սեփականատիրոջ հետ, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է պատրաստ ընդառաջել»։

Անցել է տևական ժամանակ, ինչպես պատկերը ցույց է տալիս, ոչինչ չի արվել։ Էրիկն ասում է՝ իր զանգերին պատգամավորը չի պատասխանում։ Մենք ևս փորձեցինք կապ հաստատել, սակայն մեր զանգերը նույնպես անպատասխան մնացին։ Զանգերին չպատասխանելը՝ մի կողմ, քարը գլխին, փաստորեն ոչ մի քայլ առաջ այս հարցով չկա։ Նախկինում մշտապես հանրությունը դժգոհ էր ԱԺ պատգամավորների աշխատանքից ու պահելաձևից, ի՞նչ եք կարծում, հիմա, այժմյան պատգամավորներից մենք գո՞հ լինենք, բայց դրա համար ի՞նչ են նրանք արել։ Օրինակ, մեկ տարի առաջ Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկած խոշոր հրդեհը չորս բնակելի տուն էր այրել, ինչի հետևանքով այդ մարդիկ այսօր ապրում են հարևանների ու հարազատների տանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մեզ հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ասել էր, որ դիմել է բարեգործ Թերեզա Մխիթարյանին, որ օգնի շինանյութով, մինչդեռ այդ բարեգործից դեռևս նորություն չկա, տուժողներն էլ անորոշ վիճակում են։ Բացի դրանից՝ նա ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր հանքերի հարակից տարածքում բնակվող մարդկանց հնարավոր առողջական վատ վիճակի մասին։ Մինչ օրս քանի՞ բնակիչ է նրանց միջնորդությամբ անցել անվճար բուժզննում, ի՞նչ վիճակագրություն կա։

Սկզբից լուծենք մեկ մարդու կյանքի և մահվան հարց

Էրիկ Սողոմոնյանը փոխանցեց, որ մեկ ամիս առաջ այս խնդրով դիմել էր Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանին․ «Մտա նրա աշխատասենյակ, ողջունեցի ու թղթերս ցանկացա ցույց տալ, սակայն նա հրաժարվեց դրանք նայել, ընդամենը վերցրեց իմ ու Դավիթի հեռախոսահամարը, ասաց, որ կզանգի, բայց դեռ պատասխան չկա։ Ես անգամ ասացի, որ ես էլ իր պես Բարաբաթումից եմ, որ գոնե ինչ-որ կերպ աջակցի, բայց ասաց, որ այնտեղ գրեթե չի եղել»։

Բայց չէ՞ որ հեղափոխությունը տեղի ունեցավ մարդկային ճակատագրեր փրկելու, փոխելու և ավելի լավը դարձնելու համար։ Էրիկի պես քանի՞ մարդու ճակատագիր փոխեց այս կառավարությունը, դժվար է ասել։ Ն․Բաբայանը պետծառայող է, և չի բացառվում, որ իսկապես շատ զբաղված է լինում, բայց եկեք խոստովանենք, որ կարող էր իր մոտ հրավիրել գնորդին, փորձել բացատրել, ասել, որ այս մարդը հիմա վատ վիճակում է, անկախ նրանից, որ օրենքի խախտում չկա, փոխշահավետ ինչ-որ տարբերակներ գտնել, ի վերջո Դավիթն էլ մարդ է՝ միս ու արյունից, կարող է զիջել, միայն լավ առաջարկ անող է հարկավոր։ Բայց դա չարվեց։ Ինչպես չի լուծվում, օրինակ, հետևյալ խնդիրը։ 21 տոննա հեղուկ գազով բեռնված մեքենայի կցորդը սեպտեմբերի 23-ին Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով պոկվել ու մոտ 30 մետր գլորվել է ձորը։ Ցանկացած պահի կարող է պայթել, մինչ օրս ոստիկաններն ու փրկարարները հերթապահում են այդտեղ։ Բոլորը թքած ունեն փրկարարների և ոստիկանների ռեսուրսը անիմաստ վատնելու վրա։ Վերադասները նրանց վերաբերում են ինչպես պատվո պահակախմբի զինվորներին։ Բայց չէ՞ որ նրանք կարող են մեկ այլ տեղ շատ օգտակար բան անել քաղաքացիների համար։ Մարզային իշխանությունը այս խնդիրը չի կարողանում լուծել։ Իսկ եթե նման հարցեր լուծել չեք կարող, էլ ինչո՞ւ եք այդ աթոռին նստած։ Ու՞մ է պետք ձեր իշխանությունը։ Պատասխան տալու՞ եք պայթյունից հետո առաջ եկած վնասների համար, թե՞ թաքնվելու եք կրկին ձեր առանձնասենյակներում։

Անելանելի վիճակում հայտնված Էրիկ Սողոմոնյանի անունից դիմել ենք ԱԺ-ում Սյունիքի շահերը ներկայացնող բոլոր պատգամավորներին, ինչպես նաև փոխմարզպետ Նարեկ Բաբայանին։ Սկզբից լուծենք մեկ մարդու հարցը, հետո միայն խոսենք ողջ մարզի մասին։  

Իսկ ես՝ որպես լրագրող, պարտավորվում եմ պարբերաբար գրել Սյունիքի պատգամավորներին, համոզել, որ օգնեն Էրիկին։

Անուշ Միրզոյան

19:00 20.11.2019

Ամենաշատ ընթերցվածները