ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Այս ձմռանն էլ վերարկուով դասի կնստեն
14:00 22.11.2019

Այս ձմռանն էլ վերարկուով դասի կնստեն

 «Մենք ունենք մեծ դահլիճներ, մեծ լսարաններ, որտեղ չափազանց ցուրտ է։ Երեխաների մի մասը հիվանդանում և դասերից հաճախ բացակայում է», - ասաց Կապանի արվեստի պետական քոլեջի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Ավանեսյանը և հավելեց, որ քոլեջում տարիներ շարունակ վառարան են օգտագործել։  Կապանի արվեստի պետական քոլեջի լսարանները տաքացվում են վառելափայտով։ Բայց դա չի գոհացնում ուսանողներին։

Լուծման տարբերակ դեռ չկա

Երկար տարիներ է՝ Կապանի արվեստի պետական քոլեջը ջեռուցման խնդիր ունի։ Ձմռան նախօրյակին քոլեջը պատրաստվում է ջեռուցումը կազմակերպել վառարաններով և էլեկտրական սալիկներով։ Մոտ 10 տարի առաջ մշակույթի կենտրոնի հարակից տարածքում կառուցվել էր կաթսայատուն, բայց չի շահագործվել և այսօր արդեն նպատակին չի ծառայում․ «Դրանից պետք է օգտվեին Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցը, Կապանի արվեստի պետական քոլեջը և մշակույթի կենտրոնը։ Վերանորոգելուց հետո հասկացանք, որ ծախսը շատ է և նպատակահարմար չէ օգտագործման համար։ Երևի թե հանրապետությունում չկա քոլեջ, որ դեռ վառելափայտով է տաքացվում, կարծես թե բոլորը ժամանակակից պայմաններ ունեն», - նշեց քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը։

Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրենի խոսքով՝ հարցը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Ջեռուցման համար համապատասխան բաժնի աշխատակիցները եկել, անհրաժեշտ չափումներն արել են։  Տաք լսարաններում դասերն անցկացնելու համար հարկավոր է  25-28 մլն դրամ․ «Առաջացած խնդիրներից զատ վառելափայտի ձեռքբերումն էլ մեզ համար լուրջ խնդիր է, որովհետև եթե նախկինում վառելափայտը կարողանում  էինք  անհատ ձեռներեցից ձեռք բերել, ապա այսօր խնդիր է։ Կապանում  միայն անտառտնտեսությունն է,  որ կարողանում է փայտով ապահովել, բայց արդեն նոյեմբերի կեսն անցել է, դեռ սպասողական վիճակի մեջ ենք։ Էլեկտրական սալիկներ գործածել էլ շատ չենք կարող․ ներքին համակարգը բեռնվածությանը չի դիմանա, եթե ուզենանք ամբողջ շենքը ջեռուցել այդ եղանակով»։

Քոլեջն ունի 104 ուսանող։ Լիլիթ Բաբայանը նրանցից մեկն է և դժգոհում է ջեռուցման բացակայությունից․ «Չեմ կարողանում կենտրոնանալ աշխատանքիս վրա, անընդհատ ուզում եմ տաքանալ։ Երբ մատներս սառչում են, վրձին բռնել հնարավոր չի լինում»։

Ցրտի դեմն առնելու համար պոլիէթիլենե թաղանթով փակել են նաև պատուհանները։ Առայժմ կբավարարվեն տնտեսած փայտով։  Վառարաններն էլ տեղադրված են այն սենյակներում, որտեղ բացակայում են երաժշտական գործիքները։ Երկյուղ ունեն, որ դրանք կվնասվեն․ «Դիմել եմ համայնքապետին, որ օգնի մի քանի խորանարդ մետր փայտով, քանի որ նախորդ տարվանից մնացածը բավական չէ՝ մինչև անտառտնտեսությունից ձեռք բերենք անհրաժեշտ վառելափայտը։ Էլեկտրական սալիկներն էլ կօգտագործենք  հերթափոխով, չենք թողնի, որ դասարաններում շատ ցուրտ լինի», - եզրափակեց իր խոսքը Վարդան Քոչարյանը։

Քոլեջը էլի պետք է սպասի   

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղյակ է խնդրին, բայց լուծման ժամկետ չի նշում․ «Հայաստանում միակ քոլեջը չէ, որտեղ ջեռուցման ընդհանուր համակարգ չկա և ջեռուցվում է էլեկտրական սալիկների և վառարանների միջոցով։ Պարբերաբար կապի մեջ ենք քոլեջի տնօրենության հետ։ Տեղեկացնեմ, որ նախարարությունը ամեն տարի հատկացնում է որոշակի ֆինանսական միջոցներ ուսումնական հաստատություններում ջեռուցում ապահովելու համար։ Վերջին տարիների խնդրին տեղյակ լինելով՝ նախարարությունը  դիմել է պետբյուջեից  ֆինանսավորման համար, ուղղակի հաշվի առնելով, որ հնարավոր չէ կարճ ժամկետում  բոլոր ուսումնական հաստատությունների  վերոնշյալ խնդիրը լուծել, պետք է մի փոքր սպասել», - ասաց ԿԳՄՍ  նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ 

Վերջերս Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Եվրամիության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում մարզի երկու քոլեջ պետք է վերանորոգվի  և  վերակառուցվի։ Հարցին, թե արդյոք  Կապանի արվեստի պետական  քոլեջի ջեռուցման խնդիրը ավելի հրատապ չէր, քան մյուս քոլեջներինը, նախարարությունից պարզաբանեցին․  «Ուսումնասիրում են համապատասխան մասնագետները, ապա ներկայացնում ամենահրատապները։ Սյունիքի տարածաշրջանային քոլեջի խնդիրը  հրատապ էր․ շինարարությունը կիսով չափ էր արվել, և փաստորեն երեխաները այդ կիսաքանդ վիճակում ո՛չ դաս էին կարողանում անցկացնել և ո՛չ էլ  մարզադահլիճից էին կարողանում օգտվել։ Ժամանակի հարց է, բոլորին էլ անդրադարձ կարվի», - ամփոփեց Դավիթ Դանիելյանը։ 

Իսկ մինչ խնդրի վերջնական լուծումը ուսանողները ստիպված կլինեն սովորել կիսատաք լսարաններում։

Նարե Խաչատրյան

14:00 22.11.2019

Ամենաշատ ընթերցվածները