Մամուլ
Կապանը օրեցօր լուսավորվում է
Անցած տարվա նոյեմբեր ամսից սկսած Կապանի համայնքապետարանը իր առջև նպատակ է դրել արմատական փոփոխություններ իրականացնել՝ կապված փողոցային լուսավորության հետ: Մեկ տարի առաջ այդ գաղափարը թվում էր անիրագործելի՝ ունենալ ժամանակակից LED լուսատուներ, շուրջօրյա լուսավորություն և նույնիսկ որոշակի գումար տնտեսել: Իրագործված ծրագրի շրջանակում մոտ 950 հին լուսատու փոխարինվել է նոր, LED սերնդի լուսատուներով:
Այդ աշխատանքների իրականացմանը զուգահեռ քաղաքում տեղակայված 26 էլեկտրական ենթակայանում իրականացվել են համապատասխան փոփոխություններ, տեղադրվել են ժամանակակից սենսորային համակարգեր, որոնց աշխատանքի շնորհիվ մութն ընկնելուն պես փողոցները լուսավորվում են, իսկ լուսաբացին ավտոմատ կերպով լուսատուները անջատվում են: Նախկին 5 ժամ տևողություն ունեցող լուսավորության ռեժիմի փոխարեն այժմ քաղաքը լուսավորվում է 11 ժամ, և նույնիսկ այս պարագայում ժամանակակից լուսատուները տնտեսում են համայնքային բյուջեն: Տնտեսված գումարը հաջորդ տարվանից նախատեսվում է օգտագործել գյուղական բնակավայրերի լուսատուները նույնպես նորերով փոխարինելու համար:
Մութ ժամերին լուսավորություն ունենալը մեր քաղաքի բնակիչների համար կարևոր է տարվա ցանկացած եղանակին. ամռանը՝ երբ քաղաքը լի է արտասահմանից ժամանած հյուրերով, ովքեր երեկոյան ժամերը նախընտրում են անցկացնել քաղաքի կենտրոնում, իսկ մնացած եղանակներին շուրջօրյա լուսավորությունը ապահովում է հերթափոխով աշխատողների անվտանգությունն ու հարմարավետությունը:
Քաղաքացի Ռաֆիկ Նավասարդյանը առաջիններից մեկը գնահատեց դա. «Վերջապես, աշխատանքի գնալիս աչքերիս առաջը տեսնում եմ, հաճախ է պատահել, որ աշխատանքի հասնելու համար ժամը 5-ին եմ տանից դուրս եկել: Վտանգները ամենուր էին, իսկ հիմա քաղաքացիները կարող են իրենց անվտանգ զգալ»:
Տեսադաշտից դուրս չեն մնացել նաև Արփիկ, Աշոտավան, Բեխ, Բարաբաթում, Բաղաբուրջ, Ներքին Վաչագան թաղամասերը, Գեղանուշ և Գոմարան գյուղերը:
Ինչպես իր խոսքում նշեց Կապան համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանը, քաղաքացիները ավելի համարձակ են դարձել, դիմում են համայնքապետարան, ներկայացնում խնդիրը և առաջարկում լուծման տարբերակներ: Ցանկացած առաջարկ, որը ուղղված է քաղաքի բարեկարգմանը, ողջունվում է համայնքապետարանում:
Աստիճանաբար գրի են առնվում նաև գալիք տարվա անելիքները, օրինակ՝ պլանավորվում է լուսավորել քաղաքի բոլոր հուշարձանները: Ամիսներ առաջ լուսավորվել են Հունան Ավետիսյանինը և Արամ Մանուկյանինը, իսկ օրերս լուսատուներ են տեղադրվել նաև Դավիթ Բեկի հուշարձանի մոտ:
Անի Գրիգորյան