ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին
18:00 22.11.2019

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին

Լեգենդար գիտնական-բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման և խորհրդարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Շքանշանը նրան հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի ունեցած  Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, թանկագինս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- իր խոսքում ասել է Արթուր  Չիլինգարովը։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին: 1963 թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963–1965 թթ. աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թթ. վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971 թթ. եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թթ.՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թթ.՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թթ.՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռում։

Նրա հմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման-բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը:

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի Երկու բևեռներում:
 

Աղբյուր` Panorama.am

18:00 22.11.2019

Ամենաշատ ընթերցվածները