ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բնակչության թիվը նվազել է
17:00 23.11.2019

Բնակչության թիվը նվազել է

Ազգային վիճակագրական կոմիտեն վերջերս հրապարակեց Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Այն կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ։

Խոսուն թվեր

Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է 11 հազար 700-ով: Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի  դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 969 հազար 200 էր:

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հավաստիացնում է՝ ավելացում արձանագրվել է միայն մայրաքաղաքում,  իսկ ահա մարզերում մշտական բնակչության թիվը նվազել է․ «Մայրաքաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը  կազմում է 1 մլն 83 հազար 600, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1 մլն 79 հազար 400 էր։ Ստացվում է՝ մեկ տարվա ընթացքում ավելացել է 0,4 տոկոսով։ Մարզերում ևս կան նվազումներ։ Ամենաշատը արձանագրվել է Արագածոտնի մարզում՝ 1,8 տոկոսով»։

Կարինե Կույումջյանը նշում է՝  Սյունիքում ցուցանիշը նվազել է 1000 մարդով։ Վիճակն առավել խոցելի  է գյուղական բնակավայրերում․ «Հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը 137 հազար 400 է, իսկ 2018 թվականին՝ 138 հազար 400։  Եթե փորձեմ առանձնացնել քաղաքային և  գյուղական բնակչության թիվը, ապա պետք է ասեմ , որ նվազումները ակնհայտ են։ Սյունիքի քաղաքային մշտական բնակչության թիվը 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 93 հազար 200 մարդ, նախորդ տարվա 93 հազար 800  մարդու համեմատ, իսկ գյուղական բնակչության թիվը 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ  44 հազար 200 մարդ է, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 400 մարդով»։

Սոցիոլոգը կարծում է․․․

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի համար կանխատեսելի էր, որ այսպես է լինելու, մայրաքաղաքի բնակչության ավելացումը մարզերի բնակչության հաշվին է։ Հանրապետության մյուս բնակավայրերում   նպաստավոր պայմաններ չեն ստեղծվել․ «Բիզնեսը չի կարողանում մարզերում մասնաճյուղ բացել, քանի որ մարդ չկա։ Եթե մարզային իշխանությունները կարողանան հնարավորություն ստեղծել, որ երիտասարդները գոնե ինչ-որ չափով կարողանան մնալ իրենց բնակավայրում, բիզնես կստեղծվի, հենց բիզես ստեղծվեց, փողը կգա, մարդիկ էլ չեն հեռանա»։

Սոցիոլոգի խոսքով՝ նվազման պատճառները մի քանիսն են․ «1988 թվականից սկսած մենք ունեցանք հսկայական արտահոսք, ինչի պատճառով ծնելիության ցածր մակարդակ արձանագրվեց։ Միևնույն ժամանակ տարիքով մեծերը մնացել են, երիտասարդները գնացել, հետևաբար մահացությունների թիվը  շատ մոտ է ծնվածների թվին։ Պատճառները երկուսն են՝ մեկը զուտ ժողովրդագրական, մյուսն էլ՝ պայմանավորված  սոցիալական և տնտեսական վիճակով»։

Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն բնակչության թվի նվազման փաստի հանդեպ։ Հանրապետության 3-րդ նախագահը հայտարարում էր  բնակչության թիվը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը բնակչության թիվը պետք է 5 միլիոնի հասնի։ «Ով էլ գար իշխանության, պետք է այսպես ասեր, հակառակ դեպքում մարդկանց մոտ խուճապ կառաջանա։ Սա այն է, որ պետությունը ծրագիր է մշակում և սկսում է իրականացնել, որ պայմանական այսքան տարի հետո  բնակչության թիվը  հասնելու է 4 միլիոնի։ Կարծում եմ՝ ձևակերպումը մի փոքր սխալ է։ Մեզ մոտ միայն հարկավոր է երիտասարդ ընտանիքներին աջակցել պետական մակարդակով, բայց քարոզելով ազդել մարդու վրա, որ նա պետք է շատ երեխա ունենա, բավականին բարդ է, եթե շատ ճնշես, կթողի կգնա երկրից», - խոսքը եզրափակեց սոցիոլոգը։

Բերված տվյալները վկայում են, որ այս վիճակից դուրս գալու համար իշխանությունները պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկեն։

Նարե Խաչատրյան

17:00 23.11.2019

Ամենաշատ ընթերցվածները