ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հերթ կանգնելու մշակույթը Հայաստանում
19:00 23.11.2019

Հերթ կանգնելու մշակույթը Հայաստանում

Համաշխարհային տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդն իր կյանքի 2-5 տարին անց է կացնում հերթերում: Պարզվում է, որ նույնիսկ կա վախի տեսակ՝ մակրոֆոբիա, որը ենթադրում է վախ երկար հերթերից: Հերթում չսպասելու, ծանոթ-բարեկամ փնտրելով առաջ անցնելու մշակույթը հայերիս մեջ միշտ եղել է:  Այս տարվա մարտ ամսին այս հարցը բարձրացվել է նաև Ազգային ժողովում, որտեղ պատգամավոր Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ բարելավվե՞լ է արդյոք Հայաստանում հերթ կանգնելու մշակույթը։ Որպես հիմնավորում՝ պատգամավորը նշել էր, որ նման կետ կար կառավարության ծրագրում՝ մեջբերելով․ «Պետական հիմնարկների ու մասնավոր հիմնարկների ներկայացուցիչների և քաղաքացիների շփման մշակույթն էականորեն պետք է բարելլավվի՝ միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետևողական քաղաքականության արդյունքում»: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ բոլոր այն հիմնարկներին, որտեղ այդպիսի խնդիր կա, շատ հստակ հրահանգ է տրվել, որ քաղաքացիներին հերթագրող ապարատներ տեղադրեն:

Այսօր գրեթե բոլոր բանկերը ունեն հերթի առցանց ամրագրման հավելված, որը հնարավորություն է տալիս հաճախորդին իր ցանկացած ժամին մոտենալ իր նախընտրած մասնաճյուղ և առանց հերթի կատարել իր գործարքը: Մի շարք հաճախորդների խոսքով՝ այս համակարգերը ոչ միշտ են ճշտապահ, և երբեմն 10-30 րոպե ժամանակային տարբերություն է լինում: Բայց հիշենք, որ այս տարբերակից ոչ բոլորը կարող են օգտվել, քանի որ մեր հասարակության մեջ դեռ կան այնպիսի մարդիկ, ովքեր համացանցից ընդհանրապես չեն օգտվում, օրինակ, տարեցները, որոնց համար հերթում սպասելը դժվար է: 

Տեղամասային թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ այցերի ժամանակ ևս անբաժան մաս են կազմում հերթերն ու ժամանակի կորուստը: Երևանի մի շարք  պոլիկլինիկաներում արդեն հնարավոր է հերթագրվել էլեկտրոնային եղանակով: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից, ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օր և հարմար ժամի: Գրանցումների շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է 15-20 րոպե ժամանակ: Ծրագիրը Սյունիքի մարզում դեռևս չի գործում: 

Հերթի կառավարման համակարգեր կարելի է հանդիպել նաև բջջային օպերատորների սպասարկման կենտրոններում և մի քանի այլ հաստատություններում ևս: 

Կան նաև այնպիսի բջջային հավելվածներ, որոնք իրենց մեջ են ներառում մի քանի հաստատություններում հերթի առցանց կառավարման միջոցներ: 

Այնուամենայնիվ, որքան էլ նորագույն տեխնոլոգիաները ինչ-որ չափով կրճատեն հերթում սպասողների թիվը, միևնույն է, հերթեր դեռ կան ու կլինեն, իսկ հերթում սպասելիս պետք է հիշել էթիկայի տարրական կանոնների մասին: Թեկուզ վերոնշյալ բանկերում լինում են դեպքեր, երբ մարդիկ սպասում են իրենց հերթին կամ հավելվածում նշված ժամին, բայց ինչ-որ մեկը, խախտելով բոլոր նորմերը, անցնելով հերթում սպասողներին, մոտենում է սպասարկող մասնագետին: Լինում են դեպքեր, երբ սպասողները իրենց առարկությունն են հայտնում, որը երբեմն վերածվում է վեճի։ Իսկ եթե հերթում սպասողները լռում են, տվյալ անձը, մտածելով, որ իրեն ամեն ինչ կարելի է,  իր սխալ վարվեցողությունը կիրառում է նաև այլ դեպքերում:

Այս երևույթը պետք է կարգավորվի թե՛ հասարակության ներսում՝ գիտակցության բարձրացմամբ և «ամենաթողության» վերացմամբ, և թե՛ մասնագետների համակարգված աշխատանքով: 

Քիչ չեն հանդիպում դեպքերը, որ հերթեր գոյանում են հենց թերի աշխատանքի հետևանքով, երբ վաճառող-գանձապահը, բանկի աշխատակիցը կամ սպասարկման ոլորտի այլ մասնագետը, շեղվելով աշխատանքից, սկսում է զրուցել որևէ մեկի հետ՝ հաշվի չառնելով նույնիսկ գոյացող հերթերը: 

Եվ ամենակարևորը՝ հերթում սպասելիս, թե հաճախորդին սպասարկելիս չպետք է մոռանալ էթիկայի կարևոր նորմերի մասին, որոնք կիրառելու դեպքում կշահի ողջ հասարակությունը:

Սոնա Օհանջանյան

 

19:00 23.11.2019