ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սվետլանա Գևորգյան․ «Կնոջ մեծագույն արժանիքը ամեն առումով մաքուր մնալն է»
15:00 24.11.2019

Սվետլանա Գևորգյան․ «Կնոջ մեծագույն արժանիքը ամեն առումով մաքուր մնալն է»

Ծնվել է 1940թ Ղափան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1949-59թթ. սովորել և ավարտել է Լենհանքերի միջնակարգ դպրոցը:

1959 թ. աշխատել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ավագ ջոկատավար, միաժամանակ սովորել և 1962թ. ավարտել Քաջարանի շինարարական տեխնիկումը, ստացել տեխնիկ-շինարարի որակավորում: 1962-64թթ. աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ԼԿԵՄ կոմիտեում՝ սեկտորի վարիչ: 1964թ. մայիսին ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի շրջկոմի երկրորդ քարտուղար: 1965թ. ընդունվել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը, ավարտել 1970թ: 1967-75թթ. աշխատել է Ղափանի քաղսովետի գործկոմի քարտուղար, 1975-80թթ. կուլտուրայի բաժնի վարիչ: 1980-92թթ. եղել է Ղափանի կենցաղ սպասարկման արտադրական վարչության պետ: 1993-2016թթ. աշխատել է տարբեր բնագավառներում, 2009-2016թթ. Կապանի քաղաքապետարանի ակումբագրադարանային միավորման տնօրենն էր:

1964թ-ից՝ շուրջ 50 տարի, ղեկավարել է (հասարակական հիմունքներով) Ղափանի շրջանի կանանց խորհուրդը:

Արժանացել է բազմաթիվ պարգևների և խրախուսանքների: Կապանի պատվավոր քաղաքացի է:

Տիկին Սվետլանայի հարուստ և ուսանելի կենսափորձին ծանոթ լինելով՝ փորձեցինք նրա հետ զրուցել գործարար կնոջ դերի, աշխատանքային առօրյայի և կերպարի մասին:

- Դժվա՞ր է արդյոք աշխատանքային հագեցած առօրյային սովոր կնոջը լինել տանը, թե՞ իրականում արդեն կար վաստակած հանգստի կարիք:

- Տասնամյակներ շարունակվող աշխատանքային գործունեությանը անխուսափելիորեն հաջորդում է հանգստի շրջանը, որը միանգամայն նոր իրավիճակ է, նոր կենսակերպ: Դրան հարմարվելու համար ջանքեր են անհրաժեշտ: Փորձեցի հարմարվել ժամանակակից հաղորդակցման միջոցներին: Շատ էի դրանով զբաղվում, համացանցային տիրույթում ընթերցում տարբեր հոդվածներ, որից հետո հոգնածություն էի զգում: Այդ պատճառով բոլորովին վերջերս հրաժարվեցի համակարգչից: Հիմա ազատ ժամանակ կարդում եմ (աշխատելու տարիներին դրա  համար շատ ժամանակ չէր լինում, իսկ արձակուրդներին գրքերն ու թերթերն էին իմ առօրյա ուղեկիցները), հեռուստացույց դիտում, գեղարվեստական գրքերն ու մամուլը հաջողությամբ փոխարինում են համակարգչին: Իսկ մոտակա մամուլի կրպակում վաղուց գիտեն, որ պարբերականն ու թերթն են ինձ հետաքրքրում:

- Ձեր սիրելի զբաղմունքը, որին ձգտել եք աշխատանքից դուրս…

- Հավանաբար ճամփորդելը: Եղել եմ տարբեր երկրներում, փորձել դրանց մշակույթին ծանոթանալ և սովորույթները ուսումնասիրել: Դա նորոգում է միտքը, հարստացնում մարդուն, նորանոր ձեռնարկումների մղում: Նաև՝ ընկերություն անելը, ընկերների, մտերիմների հետ պարբերաբար հանդիպումները, որոնք լիցքաթափվելու հնարավորություն են տալիս:

- Ձեր աշխատանքային կենսագրության առաջին էջը…

- Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում ավագ ջոկատավար էի աշխատում տնօրեն Ռուբեն Թադևոսյանի օրոք, հայտնի մանկավարժ էր, խստապահանջ անձնավորություն:

- Ինչպիսի՞ տարիներ էին...

- Դժվար տարիներ էին, հիշում եմ՝ անգամ ներկայանալի հագուստ ու կոշիկ չունեի: Սակայն վհատվող տեսակ չեմ: Հետագայում հնարավորություններիս սահմաններում հետևել եմ նորաձևությանը: Եվ կարծում եմ՝ կնոջ համար դա կարևոր է, կերպարի ճիշտ ձևավորումը՝ առավել  ևս:

- Ինչպիսի՞ն էր պատասխանատու դիրք ունեցող պաշտոնյա կնոջ դերը խորհրդային տարիներին…

- Ակնածանք կար կանանց նկատմամբ, ես նույնպես դա զգացել եմ: 1964 թվականին ստեղծվեցին կանանց խորհուրդներ: 24 տարեկան էի, և նոր ձևավորվող կառույցի ղեկավարումը մեր շրջանում վստահվեց ինձ: Խորհուրդը պարտավոր էր զբաղվել կանանց հոգսերով, ակտիվացնել նրանց հասարակական կյանքը, տարբեր հաստատությունների հետ ծագած խնդիրներին լուծումներ տալ, միջոցառումներ կազմակերպել, նաև՝ նպաստել ընտանիքների կայունացմանը: Այժմյան իրականությունն ու գնահատման չափանիշները մի քիչ այլ են: Դժվարանում եմ համեմատության եզրեր գտնել ու գնահատել:  

- Իսկ համարձակ և նախաձեռնող լինելը գործարար կնոջ համար կարևո՞ր է ձեր կարծիքով:

- Այո: Եղել եմ նախաձեռնող, միշտ բարձրաձայնել եմ կարծիքս, անգամ՝ ամենահամարձակները: Իհարկե, եղել են սխալներ, ինչպես յուրաքանչյուրի մոտ: Օգտագործելով պատեհ պահեր՝ դրանք  ուղղելու փորձեր արել եմ միշտ: Նաև պակաս կարևոր դեր չեն ունեցել կյանքումս հանդիպած բանիմաց ու փորձառու մարդիկ: Սկսնակ մասնագետը կամ առհասարակ մարդը խորհրդատուների կարիք միշտ ունի, որոնք կարող են լինել ավելի փորձառուները: Ավելացնեմ, որ, իմ համոզմամբ, պետք չէ միանգամից կենսաթոշակի ուղարկել խելացի, բանիմաց մասնագետներին, ովքեր դեռ  կարող են օգտակար լինել: Խոսքը բնավ ինձ չի վերաբերում, ես աշխատել եմ այնքան, որ ի վերջո ինքս եմ ասել՝ չեմ ուզում և էլ չեմ կարող: Ուղղակի կարծում եմ՝ ստեղծագործ մարդուն պետք է հնարավորություն  տալ ավարտել գործը:

Աշխատանքային գործունեությանս վերջին տարիներին նոր բնագավառում ինձ աշխատանք առաջարկեցին. քաղաքապետարանի ակումբագրադարանային  միավորման տնօրեն: Ոլորտը լուրջ փոփոխությունների կարիք ուներ, հարկավոր էր գործել և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Կարծում եմ՝ հաջողվեց:

- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի կինն այսօր. գործունյա և նախաձեռնո՞ղ, թե՞ կենցաղային….

- Միանշանակ կնոջ համար աշխատանքն ավելի եմ կարևորում, դա ոչ միայն սոցիալական խնդիրներ կլուծի, այլև կենցաղից դուրս գալու, հոգսերից թոթափվելու լավագույն միջոց կհանդիսանա:

- Ինչպիսի՞ ղեկավար եք եղել…

-Բնականաբար, դժվար է բնութագրել ինքդ քեզ, բայց փորձեմ….

Յուրաքանչյուր աշխատատեղում ձգտել եմ բերել նորը, առաջընթաց ապահովել: Տարիների հետ, բնականաբար, եկավ փորձը: Դրան գումարվեց նաև ձգտումը, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը: Երբեք ձայն բարձրացնելով աշխատանքային խնդիրներին լուծումներ չեմ տվել կամ փորձել այդ կերպ հարգանք վաստակել: Կադրային ջարդն ու փոփոխություններն իմ ռազմավարության մաս չեն կազմել երբևէ:

Եղել եմ զգացմունքային, ստեղծագործ աշխատանքով տարված: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ ես չինովնիկ չեմ, մեծ կոլեկտիվում կարևորել եմ ղեկավարի նկատմամբ հարգանքը,  փոքրում՝աշխատակիցների սերը:

Այդ ամենով հանդերձ ընտանիքում ևս փորձել եմ ամեն բան անել հավուր պատշաճի:

- Կա՞ն չարված գործեր, որոնց համար ափսոսում եք….

- Գոհ եմ ճակատագրից՝ չնայած այն բոլոր դժվարություններին, որ ունեցել եմ: Շրջապատված եմ եղել լավ մարդկանցով, պատիվ ունեցել շփվել, անձամբ ճանաչել հայ և խորհրդային շատ մտավորականների:

Այժմ էլ զգում եմ մարդկանց հարգանքն իմ նկատմամբ, հպարտ եմ, այդ ամենը՝ վաստակել եմ: Հիմա էլ հրավիրվում եմ համաքաղաքային միջոցառումների, դա ի վերջո հաճելի է, շոյում է ինքնասիրությունդ:

Սիրել եմ հնարավորությունների սահմանում օգնել մարդկանց, ու մինչև անգամ երբեմն չգնահատվելով՝ ափսոսանքի զգացողություն չեմ ունեցել:

- Երիտասարդ մնալու գաղտնիքը….

- Չարություն չեմ ունեցել, նաև՝ նախանձ: Հիմա վերլուծելով ապրածս տարիները՝ մտորում եմ. «Ինչպես է, որ ոչ մեկին ու ոչնչի չեմ նախանձել, բարի կամեցող մնացել...»։

Պատասխանը տանում է դեպի ակունքներ…. Աշխատասիրությամբ մորս եմ նման, հաղորդակցվելու կարողությամբ՝ հորս: Արմատներով Վերին ձորի Քաջարանց գյուղից եմ, այնտեղ շատերն են աշխատասեր:

Իսկ կնոջ ամենամեծ արժանիքը մաքուր մնալն եմ համարում ամեն բնագավառում…

Լիլիթ Իսրայելյան

15:00 24.11.2019

Ամենաշատ ընթերցվածները