ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մ․Լևի․ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»
17:00 24.11.2019

Մ․Լևի․ «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը»

Վերնագիրն իսկ հուշում է, որ ընթերցողը մասնակիցն է դառնալու անսովոր արկածների։ Ճամփորդությունը տարօրինակ է հենց նրանով, որ վեպի հերոսուհին, հետևելով բախտագուշակի կանխասումներին, հայտնվում է Թուրքիայում, որտեղ պետք է գտնի իր կյանքի տղամարդուն։ Հենց այդտեղ էլ նա բացահայտում է իր կյանքի անհայտ էջերը։ Ֆրանսիացի ժամանակակից գրող Մարկ Լևիի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպը ռոմանտիկ ոճով գրված սիրո հուզիչ պատմություն է։

Ալիսը յուրահատուկ ձիրք ուներ։ Սովորականից ուժեղ հոտառությունը թույլ էր տալիս մտապահել նույնիսկ ամենաաննշան բույրը։ Օծանագործի իր գիտելիքները նա շարունակ խորացնում էր արհեստանոցում՝ հուսալով ստեղծել յուրօրինակ օծանելիքներ։

Ալիսի անխռով կյանքը գուցե երկար շարունակվեր, եթե մի օր ընկերների հորդորով ստիպված չլիներ լսել գուշակուհու մարգարեական խոսքերը իր կյանքի տղամարդու մասին․ «Նա, որին դու փնտրում ես վաղուց՝ նույնիսկ չիմանալով նրա գոյության մասին, այդ տղամարդը ճիշտ մի քանի վայրկյան առաջ անցավ քո ետևից»։ Բայց մինչ այդ տղամարդուն հանդիպելը Ալիսը պետք է երկար ճամփորդություն կատարեր և հանդիպեր վեց ուրիշ անձնավորությունների։

Ալիսը միայնակ էր ապրում Լոնդոնի իր բնակարանում։ Հայրն ու մայրը զոհվել էին Երկրորդ աշխարհամարտի օրերին ինքնաթիռային ռմբահարումից։ Ճիշտ է, ընկերներ ուներ, բայց տառապում էր միայնությունից, իսկ գիշերները հաճախ այցի էին գալիս մղձավանջները։

Դժվար է ասել՝ կկայանա՞ր ճամփորդությունը դեպի Թուրքիա, եթե չլիներ սանդղահարթակի հարևանը՝ պարոն Դալդրին, որ նկարիչ էր և ամենից շատ սիրում էր պատկերել փողոցների խաչմերուկներ։ Մաքսատան աշխատակիցը զարմացած դիմում է երկուսին․ «Դուք Թուրքիա եք եկել, որպեսզի ամուսնանաք մեկի հետ, որին չե՞ք ճանաչում»։ Իսկ ուղեկցորդ-թարգմանչի տարակուսանքը Դալդրին շտապում է այսպես փարատել․ «Նա կյանքն է ուզում փոխել, իսկ ես՝ արվեստանոցս նկարելու համար։ Դա փոխշահավետ փոխանակություն է»։ Եթե Ալիսը հաջողության հասներ, Դալդրին պետք է զբաղեցներ նրա բնակարանը։

Օրերը հաջորդում են միմյանց։ Եկեղեցիներ, սինագոգներ, մզկիթներ, գերեզմանատներ, բանուկ փողոցներ, թեյարաններ ու ռեստորաններ։ Ալիսը բացահայտում է իր ուղեկցին․ «Դալդրին նման է սարսափելի քմահաճ երեխայի, բայց իսկական ջենթլմեն է»։ Բացահայտում է նաև բույրեր, որոնք ներշնչանքի աղբյուր են դառնում նոր օծանելիքների համար։

Բայց կարևոր բացահայտումները առջևում էին։ Պարզվում է՝ ծնողները որոշ ժամանակ ապրել են Ստամբուլում։ Առաջին աշխարհամարտի դժվարին տարիներին դեղագործ հայրն ու մայրը բուժարան էին հիմնել և օգնում էին հիվանդ բնակիչներին։ Որոնումները երկարում են։ Դալդրին վերադառնում է Անգլիա։ Ալիսը նամակով նրան հերթական շնորհակալությունն է հայտնում իրեն այդտեղ բերելու համար։ Դալդրին նույնպես երախտապարտ է Ալիսին․ «Տարօրինակ կերպով ինձ ավելի լավ նկարիչ դարձրիք, միգուցե ավելի լավ մարդ»։

Նամակներից մեկում Ալիսը անսպասելի տեղեկություն է հաղորդում․ «Իմ անունը Ալիս չէ, այլ Անուշ։ Մինչ անգլուհի լինելը հայուհի եմ եղել»։ Հայրը կոշկակար էր, մեծ արհեստանոց և երկու խանութ ուներ Բոսֆորի ափին։ 1915-ի ապրիլյան ջարդերի օրերին հորը և մորը Ստամբուլում սպանել են թուրքերը․ «Հայերին մեղադրում էին այդ ժամանակաշրջանում թշնամի համարվող ռուսների հետ դավադրություն կազմակերպելու համար։ Դա ճիշտ չէր, բայց ազգայնական կրքերը բորբոքել էին մտքերը»։ Այս ամենի մասին Ալիսին պատմել է դայակը։ Հենց նրանից էլ տեղեկանում է, որ իրեն հանձնել են Անգլիա վերադարձող դեղագործին ու նրա կնոջը՝ երկրորդ ծնողներին։ Պարզվում է՝ նաև, որ Ալիսը եղբայր է ունեցել՝ Ստամբուլում մնացած Ռաֆայելը, որին մեծացրել են թուրքերը։ Մի օր էլ Ալիսը գտնում է եղբորը, ով խոսում է ներողամտության մասին․ «Ինձ թուրքեր են մեծացրել և հանդուրժողականություն են սովորեցրել։ Մի կարգին մարդը հավասարակշռում է հազարավոր մեղավորների իրականացրած անմարդկային արարքները»։

Ընթերցողին թերևս անչափ հետաքրքրեն Ալիսի արմատների մասին պատմող էջերը։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ պատմությունը դեռևս չի ավարտվել։ Ռաֆայելը չէ գուշակուհու մարգարեության մեջ հիշատակված այն տղամարդը, որին փնտրում էր Ալիսը։ Եղբայրը երբեք Անգլիայում չէր եղել։ Գուշակուհու թված վեց անձնավորություններին Ալիսը հանդիպել էր Ստամբուլում։ Մնում էր անել վճռական քայլը և գտնել յոթերորդին։ Վերջին բացահայտումը կատարվում է Անգլիայում։ Ալիսի կյանքի տղամարդը, պարզվում է, հենց Դալդրին է։  Նա վերջապես հաղթահարել էր սիրած էակին իր զգացմունքով երբևէ տառապանք պատճառելու վախը և այլևս չէր ձգտում նրանից ամեն գնով հեռու մնալ։

Այնուամենայնիվ, մի մութ կետ մնաց։ Չհաջողվեց պարզել գուշակուհու ինքնությունը․ցավոք, մահացել էր։ Գուցե Ստամբուլում ապրող դայակի քու՞յրն էր։ Այդ դեպքում նա ոչ թե գուշակություններ էր արել, այլ պարզապես ասել էր այն, ինչ իրեն հայտնի էր։ Բայց, ի վերջո, դա արդեն էական չէր։ Ալիսի և Դալդրիի համառության շնորհիվ տարօրինակ ճամփորդությունը հասել էր տրամաբանական ավարտին։

Արթուր Իսրայելյան  

17:00 24.11.2019

Ամենաշատ ընթերցվածները