ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մայթերի՝ տարվա վերջին նորոգումը
19:00 26.11.2019

Մայթերի՝ տարվա վերջին նորոգումը

Կապանի Շահումյան փողոցի գետափնյա մի  հատվածի մայթը անմխիթար վիճակում էր։ Նոյեմբերի 1-ից սկսվել են բարեկարգման աշխատանքներ։ Բազալտե նոր երիզաքարեր ու լուսատուներ, գետափնյա ցանկապատ։ Նորոգումը իրականացվում է համայնքի 5-ամյա զարգացման ծրագրի շրջանակում։

«Ընտրությունը գնում է վատ վիճակում գտնվող մայթերի միջև, հատկապես այն մայթերի, որոնք այդ վիճակին են հասել նաև ծառերի արմատների զարգացման հետևանքով այդ ծառերը հանվում են, փոխարենը նոր տնկիներ են տեղադրվում», - ասաց Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ  Արմեն Ստեփանյանը։

Վերանորոգման համար նախատեսված է 11 մլն 200 հազար դրամ։  Աշխատանքները իրականացնում է «Ֆորաս-Շին» ՍՊԸ-ն։  Ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանի կարծիքով՝ հետիոտների և մեքենաների շարժը աշխատանքին փոք-ինչ խանգարում է․ «Նախկինում կային անհարթություններ, քանդված վիճակ էր, առայժմ ամբողջովին վերևի շերտը փոխարինում ենք նորով, երեսպատման աշխատանքներ պետք է անենք, ինչպես նաև լուսավորություն պետք է ապահովենք թե՛ մայթի, թե՛ փողոցի համար, աղբամաններ տեղադրենք, թեքահարթակ կառուցենք»։

Մայթի մոտ 190 մետր երկարությամբ այդ հատվածը առաջիկայում նոր տեսք կստանա։ Արմեն Ստեփանյանի խոսքով՝ համայնքապետարանի ծրագրերը նպատակ  ունեն  հարմարավետ մայթեր ստեղծել քաղաքացիների համար․«Շատ մայթեր կան քաղաքում, որ բարեկարգման կարիք ունեն, հետագա մեր ծրագրերում անպայման հաշվի կառնենք ոչ միայն կենտրոնական, այլև ծայրամասային թաղամասերի մայթերի բարեկարգման կարևորությունը»։

Եթե եղանակը բարենպաստ լինի, վերանորոգումը կավարտվի դեկտեմբերի 25-ին։

Նարե Խաչատրյան

19:00 26.11.2019

Ամենաշատ ընթերցվածները