ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սուտ խոսելը մոդայիկ է ու անպատիժ
19:00 27.11.2019

Սուտ խոսելը մոդայիկ է ու անպատիժ

Նախորդ շաբաթ 1in.am լրատվական կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը իրեն դատի է տվել: Տարբեր ակտիվիստներ, լրագրողներ, իրավապաշտպաններ սկսեցին հանրային կերպով հայտնել իրենց աջակցությունը՝ միաժամանակ մեկնաբանություններում թաղելով ԶՊՄԿ-ի 60 տարուց ավելի կուտակած համբավն ու հեղինակությունը: Րոպեների ընթացքում բուսնեցին մի շարք առասպելներ, արդյունաբերական հսկայի կողմից մամուլին լռեցնելու վիշապային ցանկությունից սկսած և վերջացրած նրանով, որ հաստ ու կարծր բիլակներով կոմբինատը փորձում է ճզմել նրբագեղ մարմնով աղջկան: Ժամանակակից առասպելները միանգամայն տպավորիչ են իրենց երևակայական թռիչքներով, բայց եկեք ամեն ինչ վերլուծենք ըստ հերթականության:

Կեցցե ԶԼՄ ամենաթողությունը

Ամբողջ աշխարհում լրագրողներին նախևառաջ սովորեցնում են փաստերի վերստուգման կանոններին: Փաստերը պետք է միշտ ստուգել, հետո մեկ անգամ ևս ստուգել մեկ այլ աղբյուրից և միայն համոզվելուց հետո, որ այդ փաստը գոյություն ունի, իրեն հարգող լրագրողը իրեն իրավունք է վերապահում այն հրապարակել ի լուր աշխարհի: Հարգարժան Գոհար Հայրապետյանը այդպես չարեց: Նա հայկական ոչ արհեստավարժ լրագրողների և հաղորդավարների բանակի ընդամենը մի զինվորն է: Այդ մարդիկ, զենքից գաղափար չունենալով, կրակում են աջ ու ձախ՝ երբեք չմտածելով, թե ում կկպչի գնդակը:

Հարգարժան տիկին Հայրապետյանը չի անցել ոչ մի թրեյնինգ փաստերի ստուգման կարևորության մասին: Եթե անցներ, ապա կիմանար, որ իսկական լրագրողը ստուգում է նույնիսկ իր հարազատ մայրիկի՝ իրեն սիրելու փաստը: Այո՛, այո՛, եթե դուք իսկական լրագրող եք, դուք չեք կարող պարզապես ուղիղ եթերից հայտարարել, որ ձեր հարազատ մայրիկը ձեզ սիրում է: Որովհետև շատ հնարավոր է՝ դուք կեղծում եք իրականությունը ճիշտ այնպես, ինչպես տիկին Հայրապետյանը կեղծեց: Ձեր մայրիկի սիրո արտահայտումը նույնպես պետք է ապացուցել ուղղակի և անուղղակի փաստերով: Օրինակ, եթե ձեր մայրիկը ձեզ պարբերաբար գումար է հատկացնում, լվանում է ձեր շորերը և կերակրում ձեզ անկախ այն հանգամանքից, որ դուք անպատասխանատու պորտաբույծ զավակ եք, ապա, այո, մեծ է հավանականությունը, որ ինքը ձեզ սիրում է: Սակայն եթե դուք չունեք անուղղակի և ուղղակի փաստական տվյալներ, որոնք ձեզ հնարավորություն են ընձեռում հայտարարել, որ ձեր մայրիկը ձեզ սիրում է, ապա խորհուրդ կտամ լռել, որպեսզի հիմար վիճակում չհայտնվեք: Հայկական լրատվական դաշտի ամենաթողությունը և անպարկեշտությունը այնքան մեծ է, որ եթե նույնիսկ հաղորդավարը վաղը կենդանի մարդուն մահացած հայտարարի՝ վնաս պատճառելով նրա մտերիմներին, ապա հազիվ թե պատիժ կրի: Ի՞նչ էթիկա, ի՞նչ խիղճ, ով հասցրեց,  նա էլ մալադեց:

«Թալանչի» ԶՊՄԿ-ի մասին

Իրականում այս խայտառակ վիճակը մեկնարկեց այն բանից, երբ 1in.am կայքի հաղորդավար Գոհար Հայրապետյանը իրեն իրավունք վերապահեց կոմբինատում աշխատող մարդկանց ո՛չ ավել ո՛չ պակաս թալանչիներ անվանել: Կարծում եմ՝ ավելորդ է հիմա նշել, որ ԶՊՄԿ-ի թալանչիության մասին փաստերին նա նույնպես չէր ու չի տիրապետում: Դե այդպես լինում է մեր ԶԼՄ դաշտում, երբ մեկը մի բան է զազրախոսում, լրագրող-հաղորդավարներն էլ մատի փաթաթան են սարքում ու տարածում: Ի՞նչ փաստ ստուգել, ի՞նչ բան: Դրսից կարող է մասնագետները տեսնեն, մտածեն՝ զարգացել ենք։ Բա ամոթ չի՞:

Եթե նույնիսկ ենթադրենք, որ կոմբինատի պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր թալանել են ընդերքը, ապա նրանք դա արել են պետության վերնախավի իմացությամբ, ինչը նույնպես պետք է ապացուցել: Այսինքն՝ Գոհար Հայրապետյանը պարտավոր էր թալանչիության հետ մեկտեղ ասել, որ պետական ղեկավարները, պատկան մարմինները կատարյալ հիմարներ են և կոռումպացված այրեր, ահա թե ինչու մեր ընդերքը թալանում են իրեն անհայտ մարդիկ: Բայց տիկին Հայրապետյանը չի կարող մոդայիկ տենդենցներից հետ մնալ և վիրավորել  Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը՝ հայտարարելով, որ վերջիններս չեն տիրապետում իրավիճակին, ու նրանց օրոք երկիրը թալանվում է: Այո՛, միանգամայն հասկանալի է, որ սիրված վարչապետին դեռևս չարժե անուն կպցնել: Մինչդեռ դա կարելի է անել 60 տարուց ավելի բարիք ստեղծող ընկերության հասցեին, որը հաղորդավարուհու տարիքի գրեթե կրկնապատիկի չափով միայն աշխատանքային փորձ ունի: 

Հեղափոխական տրամաբանության մեջ է լրիվ այս ամենը: Կարողություններ ունեցողը տականք է: Ներկա իշխանությունների լրատվական ֆոնի շնորհիվ, ըստ էության, բացառվում է սեփական աշխատանքով բարիք ստեղծելը Հայաստանում, այն էլ՝ խոշոր բարիք: Կարող ընկերությունները միշտ էլ նախանձի առարկա են եղել: Թողնենք...

Անպատժելիությունը ծնում է հանցանք

ԶՊՄԿ-ն արդեն մեկնաբանել է հայտնի հաղորդավարուհու՝ մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող երևակայությունը: Իհարկե, ոչ ոք ներողություն չխնդրեց թե՛ փաստերի աղավաղման, թե՛ կոմբինատի անվան հաշվին անտեղի միավորներ հավաքելու, թե՛ բազմահազարանոց փութաջան աշխատող մարդկանց պատիվն ու արժանապատվությունը ցեխի հետ խառնելու համար: Եղել է, որ շատ ու շատ լրագրողներ լրատվական թոհուբոհի մեջ չեն հասցնում ստուգել փաստերը, սակայն երբ այդ ամենը սկանդալի է վերածվում, նրանք, որպես կանոն, ներողություն են խնդրում նույնպես հանրային կերպով:

Դե հիմա դեռ այդ մակարդակը չունենք Հայաստանում, որ մարդիկ մասնագետ լինեն ու ներողություն խնդրեն: Սա անցնենք: Հիրավի, խայտառակությունը այս պատմության լրիվ այլ տեղ է: Այսօրվա քաղաքացիական դատարանների տվյալները վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ եթե նույնիսկ ԶՊՄԿ ղեկավարությունը որոշի իսկապես դատարան դիմել՝ պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու նպատակով, ապա այդ քաշքշուկը կտևի առնվազն միջին վիճակագրական 835 օր: Պատկերացնու՞մ եք. երկու տարուց ավելի սպասել, որ դատարանը արձանագրի հաղորդավարուհու անմիտ, փաստազուրկ վիրավորանքը: Ժողովրդի ասած՝ այդ ժամանակ ով սաղ, ով մեռած, մարդիկ չեն հիշելու՝ ինչից ինչ եղավ: Ներկա իշխանություններին չի հետաքրքրում ողջամիտ ժամկետներում իրականացվող արդարադատությունը: Հետևաբար, բոլոր մյուս ԶԼՄ-ները կարող են շարունակել նույն կերպ, հորինել առասպելներ և անվնաս տարածել դրանք՝ ի լուր համայն աշխարհի: Չկա արագ գործող դատական համակարգ, չկա տեղում պատիժ, չկա ափսոսանք, չկա վերլուծություն: Ա՛յ, դրա համար էլ այսպիսի Ստամբուլյան տրանսգենդեր իրավիճակում ենք:

Արման Սուլեյմանյան

19:00 27.11.2019

Ամենաշատ ընթերցվածները