ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սև ուրբաթ». հայկական այլընտրանք
17:00 28.11.2019

«Սև ուրբաթ». հայկական այլընտրանք

«Սև ուրբաթը» կամ Black Friday-ը տոն է, որը նշվում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Սովորաբար այն լինում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը։ Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը: Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ` առավոտյան մոտ 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին: Այդ օրը հաճախորդներին առաջարկվում են մեծ զեղչեր: Երբեմն առաջին գնորդները ստանում են 50-80% զեղչ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ շուրջ 102 մլն ամերիկացի ամեն տարի մասնակցում է այս տոնին՝ յուրաքանչյուրը ծախսելով միջինը 300 դոլար։ «Սև ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռևս 19-րդ դարում: Իսկ «Սև ուրբաթ» եզրույթը հայտնվել է միայն 1966 թվականին Ֆիլադելֆիայում։ Օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ ուրբաթը սև է կոչվում, քանի որ վաճառողները ծախսերի հաշվարկը կատարում են կարմիր գրիչով, իսկ եկամուտները գրանցում են սևով։ Իսկ այդ օրերին մեծ վաճառքները բերում են մեծ եկամուտներ, ու ցուցակներում սևը սկսում է գերակշռել։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ուրբաթը սև է, քանի որ արդեն նախորդող գիշերը գնորդները սկսում են հերթ կանգնել խանութների մոտ, երբ շուրջը մութ է ու սև։

Տոնի բուն իմաստն այն է, որ այդ օրը աշխարհը մուտք է գործում նախաամանորյա շրջան, և աննախադեպ զեղչերով հայտարարվում է զեղչերի շրջանի սկիզբը: Աննախադեպը ենթադրում է 70-95 տոկոս զեղչ, ոչ թե հայկական իրականության աննախադեպ 10 կամ, չեք պատկերացնի, 20 տոկոսը, ըստ որում մեզանում ինքնարժեքը յուրովի են մեկնաբանում։

Արտասահմանյան մի շարք երկրներում հասկացել են, որ այդպես կարելի է ազատել պահեստները, ապրանքները վաճառել ինքնարժեքով կամ մի քիչ ավելի, որ նախաամանորյա տեսականիով հանդես գան ու այսպես կոչված զեղչերի շրջանում կրկնակի եկամուտ ունենան, ոչ թե նույնաոճ բաճկոնը մինչև «սեզոնի» ավարտ պահեն, որը չի վաճառվելու, որովհետև թանկ է, հետո միայն ինքնարժեքով վաճառեն:

«Սև ուրբաթը» Հայաստանում

Վերջին տարիներին «Սև ուրբաթ» սկսել են կազմակերպել նաև Հայաստանում։ Մի շարք խանութներ սպառողներին առաջարկում են զեղչեր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին դա լինում է արտասահմանում: Իհարկե, կան նաև վերապահումներ, դրանք հիմնականում արտասահմանյան բրենդների հայկական ներկայացուցչական խանութներն են: 

Նախորդ տարի պարզ դարձավ, որ Հայաստանում սև ուրբաթը այդքան էլ չի համապատասխանում իր նպատակին, և գրանցվել էին դեպքեր, երբ խանութում մի ապրանքը մինչև սև ուրբաթ վաճառվել էր 50.000 դրամով, իսկ սև ուրբաթի շրջանակում նույն ապրանքը իբր թե զեղչված վաճառվել է 55.000 դրամով, և նմանատիպ այլ երևույթներ: Տեղեկությունը հաստատել էր նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է, իսկ Հայաստանում՝ դեռ ոչ։

Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ, բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել:

Հետ չմնալով մեծ զեղչերից

Այն, որ Հայաստանում «Սև ուրբաթի» մշակույթը դեռ ձևավորված չէ, չի խանգարում հայ սպառողին ևս օգտվել մեծ զեղչերից: Ինչպես հայտնի է, առցանց գնումների շնորհիվ կարելի է գնումներ կատարել արտասահմանյան մի շարք երկրների խանութներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա և այլն: Կան մի շարք բեռնափոխադրող ընկերություններ, որոնք օգնում են սպառողին այդ հարցում: Եթե օնլայն գնումներ անելու մեջ հմուտ չեք, ապա առցանց խանութներում հեշտ ու արագ կողմնորոշվելու համար հարկավոր է մինչև «Սև ուրբաթ» ժամանակ առ ժամանակ այցելել օնլայն խանութներ, ուսումնասիրել բաժինները։

Այժմ կա նաև հնարավորություն զեղչերին մեկ տեղում հետևելու, կան մի շարք կայքեր, որոնք իրենց մեջ ներառում են հարյուրավոր ապրանքատեսակների առցանց խանութներ, և սպառողը կարող է նախապես ընտրել իր նախընտրած ապրանքները և այդ օրը հասկանալ՝ կա արդյոք զեղչ իր նախընտրած ապրանքի համար, թե ՝ ոչ:

Կարևոր նախապայման է նաև նախապես հաշվարկել բոլոր ծախսերը և հասկանալ, թե որքան գումար կարող ես ծախսել զեղչերի ժամանակ: Երբեմն առաջարկները այնքան գրավիչ են լինում, որ դրամապանակը դատարկվում է հաշված րոպեների ընթացքում, և հետագա ծախսերի համար գումար չի մնում: 2019թ․ «Սև ուրբաթը» արդեն մեր դռան շեմին է, նոյեմբերի 29-ը։

Սոնա Օհանջանյան

17:00 28.11.2019

Ամենաշատ ընթերցվածները