ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ
20:00 28.11.2019

Հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների սերը՝ պատերազմի ժամանակ

Նոյեմբերի 25-ին 93 տարեկան հասակում կյանքից հեռացավ խորհրդային լեգենդար հետախույզ-գործակալ Գոհար Վարդանյանը:

Ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին (1924թ․-ի փետրվարի 17- 2012թ․ հունվարի 10), նա մի քանի տասնամյակ աշխատել է աշխարհի տարբեր մասերում ՝ ձեռք բերելով սովետական հետախուզության համար ամենակարևոր տեղեկատվությունները: Ամուսիններ Վարդանյանները,  որոնք ժամանակին հայտնի էին միայն Անիտա և Անրի կեղծանուններով, իրականացրել են բազմաթիվ գործողություններ, որոնց մի մասն էլ մինչ այժմ «գաղտնի» խորագրի ներքո է: Բայց մեկն արդեն դարձել է պատմություն՝ հավերժացնելով նրանց անունները: 1943-ին Թեհրանում Անիտան և Անրին օգնեցին խափանել գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը հակահիտլերյան կոալիցիայի երկրների ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի վրա: Խորհրդային հետախուզության լեգենդների պատմությունը վերհիշել է Lenta.ru-ն և որից ներկայացնում  հետախույզների «Սերը՝ պատերազմի ժամանակ»։

«Գևորգը հաճախ էր վազում իր ընկեր Հովհաննես Փահլևանյանին այցելելու և նրանց բակում հասած նռներն համտեսելու: Այնտեղ էլ նա հանդիպեց Հովհաննեսի քրոջը` 13-ամյա Գոհարին:
Ավելի ուշ, արդեն իսկ լինելով «Թեթև հեծելազոր» հետախուզական խմբի ղեկավար, Գևորգը Գոհարին հրավիրեց միանալ խմբին: Գոհարը ուրախությամբ համաձայնվեց: Երիտասարդ հետախույզը ապացուցեց իր կարողությունները հենց առաջին ամիսներին։

Մի քանի տարի անց  18-ամյա Գևորգի և 16-ամյա Գոհարի միջև համակրանք առաջացավ։ Աղջիկը տպավորված էր նրանով, որ նրա բոլոր զինակիցները մեծ հարգանքով են վերաբերվում ընտրյալին, ով նաև կանանց ուշադրության պակաս չուներ։ Սակայն Գևորգն ընտրեց հենց Գոհարին՝ իր հետախուզական խմբի միակ աղջկան ու սկսվեց նրանց սիրավեպը:

«Թեթև հեծելազոր» խմբի  հետախույզները շարունակեցին իրենց ոչ հեշտ աշխատանքը։ Նրանք Թեհրանում հայտնաբերեցին թշնամու դիվերսանտներին և լրտեսներին, և Իրանի մայրաքաղաքում գտնվող 20,000 գերմանացի ներգաղթյալների մեջ Հիտլերի կողմնակիցներ բավականաչափ կային: Երիտասարդ հետախույզների աշխատանքի շնորհիվ 1940-1941 թվականներին հաջողվեց վնասազերծել գերմանացի մոտ 400 գործակալների, երբեմն այնպիսի մանրուքների շնորհիվ, որոնց վրա բնակիչները նույնիսկ ուշադրություն չէին դարձնում։ Օրինակ, Իրանի տարածք ներխուժած գործակալները տեղական հագուստ էին կրում, բայց հաճախ մոռանում էին փոխել կոշիկները, ինչը չէին կարող չնկատել հետախույզները, որոնք հետապնդում էին հակառակորդներին և նրանց հանձնում իշխանություններին:

Երիտասարդությունը ևս օգնում էր հետախուզական խմբի անդամներին, որի շնորհիվ նրանք հեշտությամբ ձեռք էին բերում գերմանացի լրտեսների վստահությունը:

Գևորգ և Գոհար Վարդանյանների հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի անվտանգությունը։ Հայ հետախույզներին և նրանց գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Գոհարն ու Գևորգ Վարդանյաններն ամուսնացան 1946 թվականի հունիսի 30-ին՝ պատերազմից հետո: Զույգը ապրում էր խաղաղ, բարեկամական միջավայրում։

«Իմ ընտրությունը կախված էր միայն ինձանից: Ոչ ոք չի պարտադրել իմ ամուսնու թեկնածությունը ինձ վրա: Ես ամուսնացա մեծ սիրով», - հիշում էր Գոհարը:

Ի դեպ, հետագայում Վարդանյանները ամուսնացել են ևս երկու անգամ․ այդպես էր պահանջում աշխատանքը։ Իհարկե, հարսանեկան զգեստ Գոհարը կրել է միայն առաջին ամուսնության ժամանակ, իսկ մյուս երկու դեպքում բավարարվել են միայն գեղեցիկ հագուստներով և ուրախ երեկույթներով:

«Այդ պատճառով էլ մեր ամուսնությունն այսքան ամուր է. մենք երեք անգամ ենք  ամուսնացել», - կատակում էր Գևորգը, ում կինը ջերմորեն անվանում էր Ժորա:

Բայց զույգը երեխաներ չի ունեցել. այդպիսի շքեղություն նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել էին հետախուզությանը, իրենց պարզապես չէին կարող թույլ տալ:

Աղբյուր` Panorama.am

20:00 28.11.2019

Ամենաշատ ընթերցվածները