ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ոչ՝ գողականներին
17:00 29.11.2019

Ոչ՝ գողականներին

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը: Իհարկե, 420 էջ պարունակող քրեական նոր օրենսգրքին մենք դեռ կանդրադառնանք, սակայն Ազգային Ժողովում պատգամավորները գերադասեցին խոսել միայն գողական լինելու համար գողականներին պատժելու մասին: Իրականում առանցքային հարց է: Իսկապես, պետական մակարդակով պետք է հասկանալ՝ մեզ գողականնե՞ր են պետք, թե՞ ոստիկաններ: Գաղտնիք չէ, որ գողականները ավելի սիրալիր ու արագ են հարցեր լուծում քաղաքացիների համար, քան ոստիկանությունը:  Քավ լիցի, ես չեմ ասում, որ գողականը ավելի լավ է, ես ուղղակի ասում եմ, որ մեզ անհրաժեշտ է գործուն համակարգ, իսկ 120 000 դրամով օր մթնեցնող ոստիկանները, որոնք ստիպված են իրենց հաշվին զանգել կամ բենզին լցնել, ըստ իս, ոչ մի բանով չեն տարբերվում գողականներից: Անկեղծ լինենք, ոստիկանությունը անզոր է, տգետ, ոչ արդյունավետ: Իսկ քանի դեռ մենք դա չենք խոստովանում պետական մակարդակով, գողականները միշտ էլ լինելու են, ունենալու են իրենց բյուջեն, որը իրենց հնարավորություն է ընձեռելու ավելի արդյունավետ մխրճվել քաղաքացիների շարքերը և պատիվ ու հարգանք վայելել: Դուզ խոսելը շան տղություն չէ: Այսպիսի որակի ոստիկանությանն ու դատախազությանը չի փրկի նույնիսկ նոր քրեական օրենսգիրքը:

«Զանգեզուր պրես»

17:00 29.11.2019