ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ձմեռային անվադողերը կնվազեցնեն վթարների թիվը
20:00 29.11.2019

Ձմեռային անվադողերը կնվազեցնեն վթարների թիվը

«Մեր բնակլիմայական պայմաններն այնպիսին են, որ ձմեռային անվադողեր չենք կարող չգնել, դեռ որ այս ճանապարհին դիմանում են, լավ է», - ասաց վարորդ Կլիմենտ Ներսիսյանը։ Ձմռան գալուն հաշված օրեր  են մնացել, և Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վարորդներն անվտանգ երթևեկելու համար դիմում են ձմեռային անվադողերի օգնությանը։

Անվադողերի կարևորության մասին

Անվադողերը հիմնականում երկու տեսակի են լինում՝ ամառային և ձմեռային։ Վերջիններս միմյանցից տարբերվում են ինչպես պահպանաշերտի բաղադրության խառնուրդներով, այնպես էլ՝ պահպանաշերտի նախշանկարներով։ Ամառային անվադողերը արտաքնապես տարբերվում են ձմեռային անվադողերից, այս երկու տեսակի հիմնական ու ամենակարևոր տարբերությունն այն է, որ ամառային անվադողերի պահպանաշերտի բաղադրության խառնուրդը կոշտ է՝ նախատեսված տաք եղանակին ասֆալտի համար, իսկ ձմեռային անվադողերի պահպանաշերտինը՝ փափուկ՝ նախատեսված ցուրտ եղանակի՝ ձյան համար։ Ձմեռային անվադողերն այն անվադողերն են, որոնք մշակված են հատուկ ցածր ջերմաստիճաններում կիրառվելու համար: Դրանց պաշտպանաշերտի խորությունը սովորաբար տատանվում է 6-10մմ միջակայքում։ Անվադողերի վերաբերյալ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Կառլեն Հայրիկյանը կարևոր դիտարկում է անում․ «Նույն մոդելի անվադողերի շահագործման ժամկետը տարբեր պայմաններում կարող է տատանվել 1-ից մինչև 4 տարի: Այն կախված է բազմաթիվ գործոններից` ավտոմեքենան վարելու ոճից, շարժիչի հզորությունից, ճանապարհածածքի որակից, արագության ռեժիմներից և այլն: Մեծ արագություններից և կտրուկ արագացումներից անվադողը մաշվում է ավելի շուտ (օրինակ՝ 120 կմ/ժ արագության ժամանակ մաշվում է երկու անգամ ավելի շուտ, քան 60կմ/ժ)»։

Ճիշտ շահագործումը միայն ճանապարհից չէ կախված

Կառլեն Հայրիկյանը շեշտում է, որ անվադողերի ճիշտ շահագործումը կախված է տվյալ մեքենայի բեռնվածությունից և արագությունից․«Հմուտ վարորդները անվադողերը որակով պահպանելու համար պետք է վայրէջքների ժամանակ կտրուկ արգելակում չանեն, շրջադարձերի ժամանակ մեծ արագություն չտան, որը երկարացնում է անվադողի շահագործումը։  Պետք է հիշել նաև, որ ձմեռային անվադողերի օգտագործումը ամռանը նույնքան վտանգավոր է, որքան ամառային անվադողերի օգտագործումը ձմռանը», - նշեց նա։

Անվադողի երկարակեցությունը կախված է նրա ճիշտ շահագործումից: Արգելվում է վերականգնված,  ոչ ցրտադիմացկուն անվադողերի շահագործումը ձմռանը։ Տարբեր մակնիշի մեքենաների մոտ տարբեր է անվադողերի օգտագործումը։  Մարդատարի դեպքում ուրիշ է, բեռնատարի դեպքում՝ ուրիշ։

Կարևորը գնի մատչելի լինելն  է

Կապանում անվադողերի գներ տարբեր են՝ սկսած  13 հազարից մինչև 70 հազար դրամ։  «Անիվների աշխարհի»-ի սեփականատեր Նարեկ Հակոբյանի խոսքով՝  վարորդները սովորաբար կանգ են առնում մատչելիի վրա։ Ասում է՝ շարժը ակտիվացել է, մարդիկ սկսել են մտածել իրենց անվտանգության մասին․«Վարորդներին ներկայացնում ենք  «Ավտոմաքս» ընկերության թե՛ ռուսական, թե՛ չինական, թե՛  եվրոպական անվադողերը, դրանք են՝ Cordiant, Viatti, Goodyear, Marksizm, Kama, Vanli,  Powertrac և այլն։ Նախընտրում են մատչելի՝ ռուսական և չինական միջին մոդելի տեսակներ, որոնք սկսում են 13 հազարից և հասնում մինչև 30 հազար դրամ։ Դրանից բարձր գնի ապրանքը ձեռք են բերում ապառիկով, որը հարմար է։ Մարդկանց մոտ այնպիսի կարծիք կա, որ չինականը անորակ է, բայց դա այդպես չէ»։ 

«Մինչև մարտ ամիսը բոլորն էլ պետք է փոխեն անվադողերը, որ անվտանգ երթևեկեն։ Ճանապարհներին սառույց է լինում, պետք է ապահովես քեզ, մարդ կա գումար չունի, չի կարողանում անցնել ձմեռայինի, մարդ էլ կա, էժանն է առնում, որ հաճախորդին բարեհաջող տեղ հասցնի», - ասում է վարորդ Էդիկ Բաղդասարյանը։

Այնպես որ՝ գումար մի՛ խնայեք եղանակին համապատասխան անվադողեր ձեռք բերելու համար, քանի որ մեքենան ու ճանապարհը իրար կապող ամենաանվտանգ օղակը անվադողերն են։

Նարե Խաչատրյան

20:00 29.11.2019

Ամենաշատ ընթերցվածները