ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան համայնքում գյուղապահպանության խնդիր կա
13:30 02.12.2019

Կապան համայնքում գյուղապահպանության խնդիր կա

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտը նահանջել է նաև Կապանի տարածաշրջանում: Հողերի զգալի մասը դեգրադացվել են և շատերն այլևս հնարավորություն չունեն զբաղվելու գյուղատնտեսությամբ: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը panorama.am-ին ներկայացնելով համայնքում ծառացած խնդիրները  թվեց մի քանիսը:

Խնդիրներ շատ կան, ինչպես բոլոր համայնքներում, սկսած ճանապարհների անբարեկարգ լինելուց, վերջացրած սոցիալական այլ հարցերով: Սակայն ամենակարևորը  համայնքապետը համարեց  գյուղապահպանության  խնդիրը.  «Գյուղերը դատարկվում են, աշխատատեղերի խնդիր ունենք, բացի դրանից  կյանքի նկատմամբ հետաքրքրությունն է փոխվել, երիտասարդները ձգտում են քաղաք, չեն ուզում մնալ գյուղերում»:

Փարսյանը նաև  տեղեկացրեց,  որ որոշ գյուղերում էլ հակառակ պատկերն ունեն՝ բնակիչների թվի ավելացում է եղել: Մասնավորապես վերջին հաշվառման արդյունքներով, որն իրականացվել է  Կապան համայնքի 37 գյուղերում , շուրջ 150 -ով ավելացել է:

«Հիմականում այն մի քանի գյուղերում են, որտեղ գյուղատնտեսական նշանակության հողերը  դեռ բերք են տալիս  և մարդիկ ունեն զբաղվածություն՝  վարուցանք են անում»,- պարզաբանեց համայնքապետը:

Այդուհանդերձ, արտագաղթի խնդիրը համայնքում սուր է և խնդրի մեղման ուղղությամբ փորձում են քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, գյուղերում  նպաստել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

Գևորգ Փարսյանի խոսքով՝ նախ  կան հողեր, որոնք այլևս պիանի չեն մշակության համար և առաջնահերթ  խնդիր ունեն պարզելու, թե որքա՞ն պիտանի հող կա համայնքում. «Հողերի գույքագրում ենք իրականացնում, հասկանալու, թե որքան վարելահող, արոտավայր,խոտհարք կան,քանի որ շատ հողեր արդեն դեգրադացված է: Գույքագրումից  հետո կփորձենք տեխնիկական մոտեցումներով , գյուղացիներին օգնելով լուծում տալ այդ խնդրին:  Փորձում ենք  ամեն կերպ զարգացնել գյուղատնտեսությունը: Նշեմ նաև, որ վերագործարկվել  է Կապանի  պահածոների գործարանը: Վերջերս հանդիպեցի սեփականատերերի հետ, կան հեռահար նպակատներ՝ ընդլայնվելու ցանկություն ունեն: Հիմա  մեծ քանակությամբ արտադրանք չեն կարողանում տալ, հենց  բերքի բացակայության պատճառով: Սա ևս մեկ պատճառ է  գյուղացիներին օգնելու ՝ ակտիվ  գյուղատնտեսությամբ զբաղվելու, իսկ  բերքը տեղի գործարանին հանձնելու համար»:

Բացի  գյուղատնտեսության ոլորտից, Կապան համայնքում փորձ է արվում  զարգացնել ձկնաբուծությունն ու ոչխարաբուծությունը: Փարսյանի փոխանցամբ ՝ պիլոտային ծրագրեր են իրականացնում, որի արդյունքում պարզ կլինի մարդիկ ցանկանում են զբաղվել ձնաբուծությամբ ու ոչխարաբուծությամբ, թե ՝ ոչ:

Աղբյուր` Panorama.am

13:30 02.12.2019