ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Լոտոսի երկրում»
16:00 02.12.2019

«Լոտոսի երկրում»

Պատմությանը, մշակույթին, արվեստին անդրադառնալիս հաճախ զուգահեռներ ենք անցկացնում տարբեր իրադարձությունների միջև՝ փորձելով գտնել օրինաչափություններ, մեկը մյուսի միջոցով ընկալելու, առավել խոր պատկերացում կազմելու համար։ Օրինակ, ասում ենք 1869 թվական և մտաբերում, որ այդ նվիրական տարում Հայաստանում ծնվել է երկու մեծ հանճար` Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը։ Անցնենք տասը տարի` 1879թ. թվական։ Այդ տարում ծնվել են պատմության ամենամեծ բռնակալ Իոսիֆ Ջուղաշվիլի-Ստալինը և ամենանրբագեղ արվեստի տեր կոմպոզիտորներից մեկը`անգլիացի Սիրիլ Սքոթը։ Եթե Ստալինը մարդկությանը պատճառել է անմոռանալի տառապանքներ, միլիոնավոր զոհերի պատճառ դարձել, ապա Սքոթի կենսահաստատ արվեստը բերկրանք է պարգևել և հարստացրել միլիոնավոր մարդկանց հոգևոր կյանքը։ Այդպիսին են նրա սիմֆոնիաները, օպերաները, երգերը, «Երաժիշտը եւ սոխակը» կոնցերտը և, վերջապես, մարդկության չարի ճահճի վրա վեր խոյացող ու արևին ժպտացող «ծաղիկը», այսինքն՝ «Լոտոսի երկրում» գլուխգործոցը...

«Անգլիական Դեբյուսի»՝ այսպես են անվանել Սիրիլ Սքոթին ժամանակակիցները, իսկ ինքը` Կլոդ Դեբյուսին, նրան համարել է «ամենաանսովոր կոմպոզիտորներից մեկը»։

Հիրավի, Սքոթը անգլիական իմպրեսիոնիզմի հիմնադիրն է։ Նրա արվեստին բնորոշ է բնապաշտությունը, հպանցիկ տպավորությունների հավերժացումը, էկզոտիկ՝ հենց չնաշխարհիկ բնության, մշակույթների, կերպարների արտացոլումը։ Այդ են վկայում նրա «Չինական սերենադ», «Հնդկական սյուիտ», «Ռուսական տոնավաճառ», «Տպավորություններ Կիպլինգի «Ջունգլի» գրքից» և այլ երկերը։

Սիրիլ Սքոթը նաև դաշնակահար էր, բանաստեղծ և գեղագետ։ Նա հեղինակ է «Մոդեռնիզմի փիլիսոփայությունը» և այլ աշխատությունների։ Վերադառնալով «Լոտոսի երկիր»՝ նշենք, որ Հնդկաստանում տարածված այդ ծաղիկը խարհրդանշում է հենց մարդուն։ Այդ անապական ծաղիկն աճում է ճահճում, նրա արմատները, որ խորանում են տիղմի մեջ, մարդու ենթագիտակցության, ստորին բնազդների նշանակն են, ճահճի պղտոր, թանձր ջրի միջով վեր խոյացող ցողունը պայքարի նշանակն է։ Իսկ ճահճի վրա բացվող անբիծ ծաղիկը այդ պայքարի թագ ու պսակն է՝ բանականության, լույսի, գեղեցիկի հաղթանակը։ «Խավարից դեպի լույս», «Տառապանքի միջով դեպի բերկրանք»՝ ահա ամբողջ դասական արվեստի գաղափարաբանությունը, մարդկային կյանքի վեկտորը։

«Լոտոսի երկրում» պիեսը գրված է դաշնամուրի համար։ Պիեսի ընդհանուր տրամադրությունը կարելի է արտահայտել չինացի միջնադարյան պոետ Լի Բոյի հետևյալ բանաստեղծությամբ (մեր թարգմանությամբ).

Կարկաչահոս առվակում

Աշնան լուսինն է ծորում։

Հարավային լճակում

Խաղաղություն է ու զով։

Լոտոսն ինչ-որ բան է հուշում,

Որ հոգիս էլ համակվի

Մեղմ ու լուսեղ թախիծով։

Սքոթի պիեսը բաղկացած է երեք մասից։ Դաշնամուրի ձախ ձեռքի մեղմօրոր նվագակցության վրա վեր է խոյանում աջ ձեռքի զարդոլորուն մեղեդին։ Այդ ծաղկավետ մեղեդու ուրվագիծը՝ «Կոնֆիգուրացիան», մոտիվների պտույտները գծագրում են հենց լոտոս ծաղկի թերթիկների համակենտրոն դասավորությունը։ Միջին մասում պիեսի միապաղաղ ընթացքն ընդհատվում է։ Կարծես, խաղաղ ծովը հետզհետե սկսում է ալեկոծվել` փոքրիկ ալյակները արագ-արագ կուտակվում են ու վերածվում վիթխարի «իններորդ ալիքի»՝ այն դաշնամուրի սև ստեղնաշարով մեկ սփռված ուժգին «գլիսսանդոն» է։ Չինական «պենտատոն» (հնգատոն) լադի վրա հիմնված այս գլիսսանդոն ընդգծում է պիեսի էկզոտիկ, չնաշխարհիկ բնույթը։ Այդ նույն գլիսսանդոն պիեսի երրորդ մասում՝ ռեպրիզայում, վերադառնում է շշուկով, որպես մի վերհուշ։ Մինչ այդ միջին մասի վերջում երիցս ներխուժում է տագնապալից մի հարց։ Այս տրամադրությունը ևս կարելի է արտահայտել բանաստեղծության օգնությամբ՝ այս անգամ Ճապոնիայի պոետ Սայգյոյի թանկայի միջոցով.

Ծաղկով գերված իմ սիրտը,

Ինչպե՞ս կրկին ետ դարձավ,

Մի՞թե վստահ չէի ես,

Որ այս երկրից հողեղեն

Հրաժարվել եմ ես արդեն։

Պիեսի երրորդ մասում վերականգնվում են առաջին մասի մեղմօրոր ընթացքը և տրամադրությունը` մարդու սիրտը կրկին «գերվում» է լոտոսի գեղեցկությամբ։

Պիեսի վերջում մարդու սիրտը, ասես հնչյունների թևերով, ճախրում է և դարչնաբույր լոտոսի քուլաների «խնկարկումով» սլանում դեպի երկինք։ Բուրմունքի այդ «քուլաներն» ավելի պատկերավոր են հնչում-ծավալվում այս պիեսի ջութակի և դաշնամուրի համար մշակած տարբերակում, որը իրականացրել է մեծն Ֆրից Կրայսլերը։ Պիեսի վերջին յոթ տակտերում, դաշնամուրի գլիսսանդոյից սկսած, ջութակի՝ «մի-ֆա-դիեզ-լյա-դո-մի» հնչյունների վերընթաց «տրելները» կարող են խորհրդանշել Հակոբի տեսիլքի աստիճանը կամ ծիածանի կամուրջ, որով հոգին բարձրանում է ու անհետանում երկնքի հեռաստաններում։ Այս հնարքը, արտահայտչամիջոցը մենք հանդիպում ենք Էռնեստ Շոսսոնի «Պոեմի» վերջում և, փոքր-ինչ այլ տեսքով, Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգերը» շարքը եզրափակող «Վերջալույս» երգում։ Թեպետ Շտրաուսի երգի վերջում «պիկկոլո» ֆլեյտաների «տրելը» չորս անգամ է հնչում, այն էլ նույն հնչյունի վրա, սակայն նույնպես ազդեցիկ պատկերում է հրաժեշտի, երկրային կյանքից դեպի անմահություն տանող ճանապարհի գաղափարը։ Այս ամենը կարելի է ամփոփել նույնպես  պոեզիայով` Իսիկավա   Թաքուբոքուի թանկայով, Նաիրի Զարյանի թարգմանությամբ.

                                       Կապույտ երկնքում

Հալվում ես դու, ծո՛ւխ,

Եվ անհետանում հեռվում միայնակ։

Ո՞ւմ ես հիշեցնում, ո՞ւմ ես հիշեցնում։

Հիշեցնում ես ինձ։

Ահա այսպես, մի գողտրիկ լոտոսն ի զորու է մարդուն ներշնչելու և արթնացնելու այսքան խոհեր։ Թեպետ կյանքում բոլոր ծաղիկներն ի վերջո թառամում են, սակայն արվեստում դրանք հավերժանում են, մնում անթառամ, ինչպես Սիրիլ Սքոթի «Լոտոսը»։

                                    ***                          ***                  ***

Առաջին անգամ Սիրիլ Սքոթի «Լոտոսի երկրում» ստեղծագործությունը լսել եմ ուսուցչիս՝ Ժան Տեր-Մերկերյանի կատարմամբ։ Տարիներ անց միայն լսեցի բնագիրը՝ ձայնագրությամբ, հեղինակի կատարմամբ։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև ջութակահարներ Ալբերտ Մարկովի և Ջեյմս Էնեսի մեկնաբանությունները։

Հակիրճ Ալբերտ Մարկովի և Ջեյմս Էնեսի մասին

Ալբերտը ծնվել է 1933թ. Խարկովում։ Երկրորդ աշխարհամարտի օրերին նրա ընտանիքը տեղափոխել են Սվերդլովսկ, որտեղ նա սովորել է անվանի մանկավարժ Ստոլյարսկու ջութակի դասարանում։ Պատերազմից հետո Ալբերտը ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտը և ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Յուրի Յանկելևիչի ղեկավարությամբ։ Կոմպոզիցիա է ուսումնասիրել Արամ Խաչատրյանի և Հենրիխ Լիտինսկու ղեկավարությամբ։ Ալբերտ Մարկովը միջազգային մրցույթների դափնեկիր է։ 1975թ. Մարկովը տեղափոխվել է ԱՄՆ։ Նա հեղինակ է կամերային սիմֆոնիայի, ջութակի կոնցերտի, «Ջութակի տեխնիկա» և «Փոքրիկ ջութակահար» ձեռնարկների։

Ինչ վերաբերում է Ջեյմս Էնեսին, ապա նա 20-րդ դարավերջի ջութակահարների սերնդի ներկայացուցիչ է։ Ջեյմսը ծնվել է 1976թ. Կանադայի Բրենդոն քաղաքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլյարդի բարձրագույն դպրոցը։ Պագանինիի 24 կապրիսների և Մոցարտի կոնցերտների կատարման համար Ջեյմսը արժանացել է «Գրեմի» մրցանակի։ Հատկանշական է, որ Ջեյմս Էնեսը և Ժան Տեր-Մերկերյանը նվագել են իտալացի Գվարների ընտանիքի վարպետների պատրաստած ջութակներով։ Ընդ որում, Էնեսի ձեռքի գործիքը պատրաստել է Ջուզեպպե Գվարներին, որի պատվանունն է «դել Ջեզու», այսինքն՝ «Հիսուսից»՝ Աստվածատուր, քանզի նա գերազանցում էր բոլոր վարպետներին։ 1737թ. պատրաստված նրա ջութակի անունն է «Արքա Յոզեֆ»։ Իսկ, ըստ ջութակի վարպետ Մարտին Երիցյանի, Ժանը նվագել է Անդրեա Գվարներիի ջութակով, և զարմանալին այն է, որ, թեպետ Ժանի ջութակը զիջում է, սակայն նրա անզուգական արվեստը մեծապես գերազանցում է Էնեսի նվագին։ Որովհետև, եթե Էնեսի գործիքը ջութակների «արքան» է, ապա Ժանը՝ ինքը ջութակահարների արքան է։

Դանիել Երաժիշտ

16:00 02.12.2019