ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Էրդողանը շանտաժի է ենթարկում Եվրոպային
14:00 04.12.2019

Էրդողանը շանտաժի է ենթարկում Եվրոպային

Թուրքիայի նախագահ Էրդողանը մինչև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի առաջնորդների հետ հանդիպելը հանդես էր գալիս հայտարարություններով, որոնք շատերը համարում են անզուսպ։ Օրինակ Ֆրանսիայի նախագահի մասին նա ասում է, թե Էմանուել Մակրոնը «ուղեղից մեռած» է, և որ Թուրքիան, ըստ նրա, Եվրոպայի նկատմամբ ունի ավելի մեծ ասելիք։ Այս մասին գրել է Ամերիկայի Ձայնը։

Նման հարձակողական տրամադրությամբ էր Էրդողանը պատրաստվում հանդիպմանը, երբ մեծ է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների հետ կապված քննադատության ալիքը։ Հանդիպման ժամանակ Էրդողանը պատրաստվում էր վեր հանել սիրիացի փախստականների հարցը և այդ հարցն օգտագործել ընդդեմ քրդերի։ Ինչպես վերլուծաբաններից, թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենն է ասում, Թուրքիայում սիրիացի 3.5-ից 4 միլիոն փախստականների հարցը Էրդողանին թույլ է տալիս պնդել իր պահանջները՝ հասկանալով, որ փախստականության հարցը շատ մեծ խնդիր է դարձել Եվրոպայի համար։ Էրդողանը կարծում է, որ 2 միլիոն սիրիացիների կարող է բնակեցնել այն հատվածներում, որտեղից նրա զորքերը հոկտեմբեր ամսին իրականացված ռազմական գործողությունների արդյունքում հետ են մղել քրդերին։ Անկարային մեղադրում են, որ այն փորձում է փոխել այս տարածքներում ժողովրդագրությունը՝ քուրդ ազգաբնակչությանը վտարելով, այստեղ արաբներին բնակեցնելով։ Այս մեղադրանքների պատճառով էր Էրդողանը Մակրոնին անվանեց «ուղեղից մեռած»։

Մեծաթիվ վերլուծաբաններ են հիշեցնում Էրդողանի այն խոսքերը, թե ինքը դարպասները կբացի փախստականների առջև, եթե Արեւմուտքը շարունակի իրեն մեղադրել Սիրիա կատարած ներխուժման համար։ Ավելին, Էրդողանը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ն չպաշտպանի իր այն պնդումները, թե Սիրիայում թուրքական ուժերը դիմել են ռազմական գործողությունների ընդդեմ «քուրդ ահաբեկիչների», իր երկիրը կընդդիմանա ՆԱՏՕ-ի այն ծրագրին, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում պաշտպանել Լեհաստանին, Լիտվային, Լատվիային ու Էստոնիային։

Էրդողանն իր երկրում այսօր կանգնած է սիրիացիներին հետ՝ Սիրիա ուղարկելու ճնշումների տակ, իսկ Եվրոպան արդեն իսկ ունի փախստականության հետ կապված լուրջ խնդիրներ։ Այնպես որ, փախստականության հարցը երկու կողմերի միջ ոչ միայն քննարկման լուրջ խնդիր է, այլ նաև փոխզիջումների գնալու պարտադրանք։


Աղբյուր` Panorama.am

14:00 04.12.2019

Ամենաշատ ընթերցվածները