ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հեղափոխության խաչը պաչողները
18:00 05.12.2019

Հեղափոխության խաչը պաչողները

Պարզվում է՝ լավ բան անելու համար փող է պետք: Առողջապահության նախարարին 6% լրացուցիչ հարկ, դատավորներին բարձր աշխատավարձ, ՍԴ դատավորներին ցմահ աշխատավարձ, որպեսզի թողնեն հեռանան պաշտոնից, Երևանի քաղաքապետին՝ ԿաՄԱԶ-ների տեսքով թանկարժեք նվերներ, իսկ ԱԺ պատգամավորներին՝ 2 մլն դոլար պարգևավճար 11 ամսվա ընթացքում: Ի դեպ, պարզվում է, որ 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են միայն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, իսկ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի պատգամավորները պարգևատրվել են 4 անգամ։ Սա պետական միջոցների թալան է, թե՝ ոչ, ինքներդ որոշեք, ես մի բան գիտեմ, որ այս 11 ամսում ամենաշատը աշխատել են ԱԺ հանձնաժողովների պադավատները: Ինչու՞ ենք հեռու գնում, մի հատ մեր Սյունիքի պատգամավորների արածը հիշեք: Ուրեմն, դե ինչքան որ հիշում եմ, կամ…, մի խոսքով մի բան չկա արած մարզի համար, մի հատիկ ելույթ գոնե ԱԺ ամբիոնից մարզի հիմնախնդիրների վերաբերյալ: Դե, Աստված իրենց հետ, կարևորը՝ ժամանակին հեղափոխության խաչը պաչել են, հայտնվել են վերևներում: Չնայած խոսելու ենք նաև նախկին ռեժիմի անդամների նույն խաչը պաչելու մասին: Դե ի՞նչ, գնացինք:

Ոչ ստանդարտ ստանդարտներ

Հանրությունը առ այսօր չի կարողանում հասկանալ՝ որ գործիչներն են հանցագործ և պետք է պատժվեն, իսկ որոնք՝ ոչ: Թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ գործարար ոլորտի ներկայացուցիչների մեջ կան մարդիկ, որոնք վայելում են հեղափոխությունը իշխանությունների հետ հավասար, իսկ կան նրանք, որոնք հալածվում են: ԶԼՄ-ները չունեն բավարար տեղեկատվություն, որպեսզի հստակ փաստեր ներկայացնեն առաջին կամ երկրորդ խմբին պատկանելու մասին: Մեծ հաշվով միայն իշխանական վերնախավն է հասկանում այդ սկզբունքը: Այս ամենը երկար չի կարող տևել, քանի որ սերը առ իշխանություն վաղ թե ուշ փոխվում է հարգանքի կամ դրա բացակայության: Առանց ստանդարտների մշակման աղբի մեքենաներ նվիրաբերողները չեն կարող պարզապես դառնալ «Հեղափոխության խաչը պաչած» քստմնելի կամ ընդունելի մարդիկ: Կամ էլ իշխանությունները պետք է ազնվորեն նշեն, որ նախկին ռեժիմի օրոք ապրած ու գործած բոլոր մարդիկ ցանկացած պահի կարող են հանգստյան տնից տեղափոխվել բանտ: Այսինքն՝ այն, որ նրանք ազատության մեջ են, դա նրանց շնորհքը չէ, այլ հեղափոխականների բացթողումը: Մի խոսքով՝ շարունակում ենք ապրել ստանդարտներից զուրկ, անորոշության մեջ: Վտանգավոր է: Ինչու՞, հաջորդիվ:

Հայաստանի Հարկապետություն

Հարկերի մասին քիչ է խոսվում, քանի որ դա գործատուի գլխացավանքն է: Պետությունը հատուկ դա թողնում է գործարարների վրա, քանի որ հասկանում է, որ եթե քաղաքացուն տրվի իր կողմից վաստակած բոլոր գումարները, իսկ հետո ձեռքից առնվի, օրինակի համար, գրեթե կեսը, ապա դա կբերի նոր հեղափոխության: Վերհիշենք առկա իրավիճակը:

Եկամտահարկ - 23%

Առողջապահության սպասվելիք հարկ - 6%

Ավելացված արժեքի հարկ - 18%

Թոշակի պարտադիր հարկ - 3%

Զինծառայողների հարկ - 1000 դրամ

Հիմա տեսնում եք, որ պետությունը հավեսով մտել է մեր գրպանը ու դեռ շնորհքով չներկայացնելով հաշվետվողականություն, թե որքան խոհեմ է նա ծախսում մեր հարկերը, նորից փող է պատրաստվում ուզել, որպեսզի մեզ բուժի: 

Մենք դժբախտ ենք, քանի որ 30 տարում ոչ մի իշխանություն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ գոյություն չունեն պետական միջոցներ, գոյություն ունեն միայն հարկատուներից հավաքվող հարկեր: Ու պետք չէ մեր հաշվին մեզ լավություն անել: Եթե լինի սոցիալական արդարություն, մենք ինքներս մեզ համար կվճարենք: Ու ամենևին անհրաժեշտ չէ, որ դուք դրա համար պարգևավճարներ ստանաք:

Սոցիալական անարդարություն

Լսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՔԾ-ում։ Նա ասաց, որ վերջին տարիներին բյուջե է վերադարձվել 4 մլրդ դրամ տարբեր քրեական գործերով։ Դա մոտավորապես 8,3 մլն դոլար է։ Եթե համեմատեք Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած ժամանակ հնչեցրած՝ Հայաստանից ապօրինաբար դուրս հանված 10 մլրդ $ գումարի հետ, հետ բերածը անում է ընդամենը 0,08%. համեմատության համար ասեմ, որ միայն արագաչափերից (որոնց հանելու մասին երդվում էին դեռ իշխանության չեկած Նիկոլ Փաշինյանը ու Արարատ Միրզոյանը) հավաքվում է տարեկան մոտ 45 մլն դոլար։ Բա արժե՞ն այսքան բեմադրությունները, գաղտնալսումները, հետապնդումները, մարդկանց իրար դեմ հանելը այդ խղճուկ 0,08 տոկոսի համար:

Հեղափոխությունը չի լուծում ամենակարևոր խնդիրը՝ սոցիալական արդարության: Չի կարելի թոշակառուին տալ ամսական 30 000 դրամ թոշակ, եթե իր շենքի դիմացի ավտոտնակում աշխատող ավտոէլեկտրիկը վաստակում է այդ նույն 30000-ը կես ժամում ու հարկեր չի վճարում ընդհանրապես: Ես արդեն չեմ խոսում երթուղայինների գծատերերի մասին, ովքեր մի երկու կոպեկ են շպրտում հարկայինին, սակայն նույն 30000-ը օրական մեկ վարորդից են վերցնում իրենց որպես զուտ եկամուտ:

Հայաստանի ընտանիքների 70%-ը չի կարող տարեկան մեկ շաբաթով իրեն թույլ տալ հանգստանալ նույնիսկ ընկերների տանը:  55%-ը չի կարող կատարել անսպասելի ծախս 45000 դրամի չափով առանց պարտք խնդրելու: Ընտանիքների 51%-ը մրսում է ձմռանը: Նյութական զրկվածության տոկոսը կազմում է 40%. Եվրամիության անդամ երկրներում միջինը 8 է: 

Այս տվյալները Հայաստանի վիճակագրական ծառայության աղքատության զեկույցից են: 

Մի՞թե ճիշտ է այս մարդկանց ուղեղի սոցիալական բեռնվածությունը օգտագործել իրենց դեմ և շարունակ կերակրել իրենց ասֆալտի վրա փռելու լեգենդներով:

Վերջաբան

Հայաստանի ընտանիքների 20%-ը չի կարողանում վճարել բնակարանի վարձի կամ հիփոթեքի գումարը: Ինձ նման միամիտ հարկատուները վճարում են ամեն ամիս պետությանը 228 000 դրամ հարկ այն պարագայում, որ իմ հիփոթեքային վարկի գումարը 150 000 է: Ինքս եմ ճռռում, պետությունից փող չեմ ուզում, վարկերիցս շատ հարկեր եմ տալիս, ու ինձ դեռ բոբո են ուզում սարքել, թե՝ ա՛յ թարախ, 6% ավելի հարկ տուր, որ հիվանդանաս, մենք քեզ բուժենք: Սիրելի՛ հարգելիներ ջան, միգուցե բոլոր ձեզ խաբողներին բերեք հարկային դաշտ, նոր խոսենք լուրջ բաներից: Որ իմանամ՝ հեղափոխության խաչը պաչեմ, արդարությունը կվերականգնվի, կպաչեմ:

Արման Սուլեյմանյան

18:00 05.12.2019

Ամենաշատ ընթերցվածները