ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը
16:00 06.12.2019

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով: Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքներն արձանագրող լուսատախտակին ցույց տրվեց 69 կողմ ձայն, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծին կողմ քվեարկության մասին հայտնել են գործուղման մեջ գտնվող պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը. նրանց ձայները ևս գումարվեցին կողմ քվեարկած պատգամավորների  ձայներին:

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Դեկտեմբերի 5 և 6-ին խորհրդարանում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:

«Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: և, ըստ էության, այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- բյուջեի նախագծի ներկայացման ընթացքում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում պետական բյուջեի նախագծի քննարկումը մեկնարկել էր նոյեմբերի 13-ին:

Աղբյուր՝ Արմենպրես

16:00 06.12.2019

Ամենաշատ ընթերցվածները