ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բնակիչները էլի են սպասելու
19:00 07.12.2019

Բնակիչները էլի են սպասելու

«Մեր ամենօրյա դիմումներին «Վեոլիայից» գրեթե միշտ պատասխանում են, որ Սյունիք գյուղի ջրամատակարարման խնդիրների պատճառը Չանախչի ջրի մաքրման կայանից քիչ քանակությամբ ջուր մղելն է, որը կապված է եղանակի հետ, երկար ժամանակ է՝ տեղումներ չկան», -ասաց բնակչուհի Մանյա Պատվականյանը։

Սյունիք բնակավայրը երկար տարիներ է՝ ջրի խնդիր ունի, վիճակն ավելի է վատացել այս տարվա ամռանը։  Բնակիչները  բողոքում են, ինչպես իրենք են ասում, դանակը հասել է ոսկորին․ «Երկու երեխա ունեմ, մեկը դպրոց է գնում, մյուսը՝ մանկապարտեզ։ Երկուշաբթի առանց լողացնելու ուղարկել եմ։ Չգիտեմ՝ ով կհանդուրժի այս ամենը, օրերով ջուր չենք տեսնում, ջուր ենք հավաքում, որ օգտագործենք, մինչև ե՞րբ», - մեզ հետ զրույցում ասաց վրդովված բնակիչ Դիանա Արզումանյանը։

Մեկ ջուր ունեն, մեկ՝ չէ

Ժամանակ առ ժամանակ ջուր ունենում են, բայց եղածը խմելու համար պիտանի չէ։ Ասում են՝ պղտոր է, տներում էլ փոքրիկ երեխաներ կան։ Ստիպված խանութից են գնում կամ հեռու-մոտիկ աղբյուրներից բերում․ «Ինչքան կարելի է գնել, հնարավորություն չունեմ, կարևոր բաներ կան գնելու, բայց դրա փոխարեն ջուր եմ գնում, որ երեխաս մաքուր ջուր խմի», - նշեց Նաիրա Սարգսյանը։

Սյունիք բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Մանուչարյանը նշում է, որ այդ խնդիրը իր հերթին նոր խնդիրներ է առաջ բերում․ «Հարցը ժամանակավոր է լուծվում, մասամբ։ Դրա հետևանքով էլ կոյուղի է փակվում, հաշվիչներն են սառում, «Վեոլիան» էլ չի գալիս և նոր հաշվիչ տեղադրում, բնակիչն էլ ստիպված գնում է՝ իր գրպանից 7000 դրամ տալով»։

Բնակիչների խոսքով՝ այնքան են դիմել, որ հոգնել են։ Ասում են՝ եթե չլուծվի, կդիմեն ծայրահեղ քայլերի․ «Պետք լինի՝ միջազգային մայրուղին փակելու ենք, որովհետև ջուրը կարևոր է, եթե չկա,  գյուղում մնում ենք՝ ի՞նչ անենք», - ասաց  Ֆրունզ Զաքարյանը։

Կապանի համայնքապետարանը խնդրին տեղյակ է, հնարավորության սահմանում աջակցում է՝ պարբերաբար դիմելով «Վեոլիա ջուր»․ «Ջրամատակարարման խնդիրը մեր իրավասությունների մեջ չի մտնում, բայց, քանի որ Սյունիքը համարվում է համայնքի խոշոր բնակավայրերից, չենք կարող անտարբեր անցնել։ Ըստ էության այս խնդիրը արմատական լուծման կարիք ունի», - ասաց համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։

«Վեոլիան» պարզաբանում է

«Համայնքի ոչ միայն այս թաղամասը, այլև Սպանդարյան 4-րդ, 5-րդ նրբանցքները ջուր են ստանում առանձին ջրագծով Չանախչի մաքրման կայանից, որը ջուր վերցնում է Նորաշենիկ գետակից։ Ընդհանուր առմամբ այնտեղից ստացվող ջրի հոսքը շատ չէ՝ վայրկյանում մոտավորապես 60-65 լիտր, սակայն այս տարի կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով հոսքը ավելի է նվազել, և այս պայմաններում կարողանում ենք վայրկյանում ստանալ մինչև 40 լիտր ջուր», - ասաց «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը։

Բաժնի պետը միաժամանակ տեղեկացրեց, որ Սյունիք բնակավայրում բնակչության թիվն այս տարիներին ավելացել է, մինչդեռ նոր ջրագիծ չի կառուցվել, այժմ իրենք մտածում են այդ մասին․««Արևելք» տարածաշրջանային տնօրենության այսպես կոչված գոտիավորման խումբը փորձում է գտնել այդ խնդրի լուծման բանալին՝ նոր այլընտրանքային ջրագիծ կառուցելով՝ Կապանից դեպի Սյունիք բնակավայր։ Ընդհանուր առմամբ պետք է կառուցվի մոտավորապես 1300 գծամետր երկարությամբ նոր ջրագիծ։ Հաճախ ինչ-որ մարդիկ միջամտում են դեռևս գործող ջրատարի աշխատանքին՝ փականը փակում են, որ վերևում գտնվող ձեռնարկությունները կարողանան ավելի լիարժեք ջուր ստանալ՝ չմտածելով, որ դրանով իսկ խախտում են գործող ջրամատակարարման գրաֆիկը՝ անհարմարություններ պատճառելով մարդկանց։ Դրա համար կկառուցենք այնպիսի ջրագիծ, որը բնակելի տարածքից հեռու կլինի և չի ունենա արտաքին միջամտության վտանգ»։

Ընկերությունը հավաստիացնում է, որ եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն, ապա մինչև նոր տարի կփորձեն լուծել բնակավայրի  ջրի խնդիրը։

Նարե Խաչատրյան

19:00 07.12.2019