ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վայոց ձորը՝ Սյունիքից վատթար
21:00 07.12.2019

Վայոց ձորը՝ Սյունիքից վատթար

Երկար ժամանակ Սյունիքի մարզը ամբողջ հանրապետությանը մատակարարում էր բացասական տեղեկատվությամբ, իսկ մարզի ժողովուրդը համակերպվում էր՝ ասելով, թե մեր մարզը անիծված է հավերժ վատ ղեկավարություն ունենալու: 

Հեղափոխությունից հետո Վայոց ձորի մարզում նշանակված մարզպետ Տրդատ Սարգսյանը թնդաց հանրապետությունով մեկ զինվորական սպայի ծեծով, որից հետո հրաժարական տվեց: Այսինքն՝ սկզբից չէր ուզում տալ, հետո ծանր հանգամանքների և ապացույցների ներքո տեղի տվեց: Նրան մեկ ամիս առաջ փոխարինած նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը /որը, ի դեպ, նախկին մարզպետի փաստաբանն էր/ առաջին հերթին որոշում է դատի տալ մարզի բնակիչներին, որոնք «նենգաբար» ավագանու որոշումներով ուզում են օրինական կերպով որոշել իրենց բնակավայրի՝ Ջերմուկի էկոտուրիստական բնույթը և ցանկանում են արգելել որևէ մետաղական հանքի շահագործումը, քանի որ այն կարող է խաչ քաշել վերջին 100 տարվա առողջարանային զարգացման ուղու վրա:

Հիշեցում

Ջերմուկ համայնքի ավելի քան երեք հազար բնակիչ ներկայացրել էր հանրագիր, որի հիման վրա համայնքի ավագանին 2018թ. դեկտեմբերի 18-ին որոշել էր «հավանություն տալ Ջերմուկ համայնքի բնակիչների՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համայնքի ավագանուն ներկայացրած «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը»:

Վայոց ձորի մարզպետարանը 2019թ․ նոյեմբերի 14-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Ջերմուկի ավագանու՝ «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:

Հիշեցնենք, որ Արենի խոշորացված համայնքի ավագանու՝ համայնքը էկո-տնտեսական տարածք ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով մարզպետարանը սեպտեմբերի 5-ին դիմել էր վարչական դատարան:

Նախորդ հայցադիմումները դատարան մուտք էին արվել Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, ապա Ջերմուկ համայնքի ավագանու որոշման դեմ ներկայացված հայցը՝ Արարատ Գրիգորյանի, ով այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 31-ին:

Զոռբայությունը դեռ ակտուալ է

Հայաստանում, իմ խոնարհ կարծիքով, իսկապես ժողովրդավար իշխանություններ դեռևս չեն կառավարել: Եթե նախկինները մերժվեցին իրենց զոռբայության պատճառով, որը բազում հարցերում էր դրսևորվում, ապա հեղափոխականների զոռբայությունը, անշուշտ, Ամուլսարի խնդիրն է: Հետազոտությունը տապալեցին, քննությունը տապալեցին, ու, միևնույն է, դեռ պատգամավոր-սուրհանդակներ են ուղարկում Ջերմուկ, ու միևնույն է, չեն խորշում տարբեր մեթոդներով ազդելու ակտիվիստ-գյուղացիների վրա, որպեսզի վերջիններս հետ կանգնեն իրենց նպատակներից: Մեկ օդիոզ մարզպետին մյուսով փոխում են, բայց ճնշումները նույնն են, իշխանական են, բարձունքից են, մարդկանց նսեմացնող են: Մենք վաղուց ենք գուժել, որ Ամուլսարը այս իշխանությունների առաջին զոռբայությունն է, մյուսները դեռ առջևում են: Օրերս «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ վարչապետահաճո հանքի նախագիծը դադարի իր առաջխաղացման հերթական քայլը: Ինչևէ, զարգացումները չեն ուշանա, զոռբայությունը չի սիրում երկար սպասել, իսկ իշխանական զոռբայությունը՝ առավել ևս:

Սյունիքի համար հնարավոր վտանգները

Ոմանց կարող է թվալ, թե այն, ինչ կատարվում է Վայոց ձորի մարզում, չի վիրաբերում և չի վերաբերելու Սյունիքին: Սխալվում ենք, վաղ թե ուշ ամուլսարյան զոռբայության պտուղները քաղելու ենք մենք և մյուս մարզերի բնակիչները: Եթե այսօր Կապանի ցեմենտի գործարանը առկախված վիճակում է, և բնակիչներին հաջողվում է տապալել հանրային լսումները, ապա Ջերմուկում կյանքի կոչված իշխանական զոռբայությունը հեշտորեն կարող է օրերից մի օր մեկնարկել՝ օգնեն «գործարար-պատգամավոր» (ըստ Սահմանադրության՝ բարձրաստիճան պաշտոնյաները իրավունք չունեն գործարարությամբ զբաղվելու, իսկ ԱԺ պատգամավորը համարվում է բարձրաստիճան պաշտոնատար անձ) Գագիկ Ծառուկյանին, ով հեղափոխության շնորհիվ հեշտությամբ տրանսֆորմացվեց՝ օլիգարխից դառնալով բարեխիղճ գործարար-պատգամավոր:

Այնպես որ, հարգելինե՛րս, դժվարը առաջին զոռբայությունն է, մյուսները լինելու են շատ ավելի անհոգ և մեքենայացված: Ցանկացած իշխանության համար դժվարը ռուբիկոն անցնելն է, գետը անցնելուց հետո փաստացի պատերազմը սեփական ժողովրդի դեմ տեխնիկայի հարց է:

Պատմությունը դասեր չի տալիս

Հին Հռոմի զորքերի համար գոյություն ուներ մի յուրահատուկ պատժի ձև: Եթե կոհորտան /զինվորական հրովարտակ 480 հոգի/ դրսևորում էր  վախկոտություն, չարամտորեն խուսափում ճակատամարտից կամ հիվանդ ձևանում, ապա այդ հրովարտակի 10 տոկոսին ենթարկում էին քարերով ծեծի՝ ընդհուպ մինչև մահ: Ընտրությունը պատահական կերպով էին անում, դա կարող էր լինել ամեն 5-ը կամ ամեն 10-ը, բայց կարևոր էր, որ ընդհանուր թվի 10 տոկոսը պատժվեր, այսինքն՝ 48 հոգի: Այդ պատժի անվանումը դիսիմացիա է, որը նշանակում էր տասներորդ մասից զրկում: Այսպիսի կարգապահությունը կոչված էր ամուր պահել Հռոմի ուժն ու հզորությունը: Հայաստանի և ոչ մի իշխանություն չի փայլել կարգապահությամբ: Ինչ խոսք, որևիցե իշխանություն չի մշակել դիսիմացիայի որևէ տարբերակ, ըստ որի, բառադի թիմակիցներին կպատժեն, կամ գոնե կհեռացնեն իրենց շարքերից հասկանալի կերպով: Ներկա իշխանությունները շարունակում են մարդկանց նշանակել և հեռացնել պաշտոններից անհասկանալի կերպով: Կարևորը, որ վարչապետի սրտով լինի ամեն ինչ: Հիմա մի Վայոց ձորի մարզպետ զինվորական է ծեծել, ոչինչ, կհեռանա, մյուսը կգա ու էլի կշարունակի գլխավոր հրամանատարի զոռբայությունը, դատի կտա բնակիչների որոշումը, որը վերևների սրտով չէ: Հիմա ի՞նչն է կարևոր, ժողովու՞րդը, թե՞ վարչապետը ու իր կատարածուները...

Արման Սուլեյմանյան

21:00 07.12.2019