ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վթարային շենքերի բնակիչների հարցը կլուծվի՞
15:00 08.12.2019

Վթարային շենքերի բնակիչների հարցը կլուծվի՞

Շուրջ 3 տասնամյակ է արդեն, ինչ Կապան և Սիսիան քաղաքների առաջնային խնդիրներից է վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելը։ Տարիներ անց խնդիրը, կարծես թե, լուծվելու միտում ունի: ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման լրամշակված նախագիծ, համաձայն որի Սիսիանի Ֆիզկուլտուրնիկների 6 և Կապանի Շինարարների 20 վթարային, քանդման ենթակա շենքերի թվով 109 ընտանիքներին, որպես բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցություն, 2019 թվականին կհատկացվի 615 մլն 342 հազ դրամ: 

Ըստ Կապան և Սիսիան քաղաքների վթարային շենքերի թաղամասերի բնակարանների շուկայական գների՝ որոշվել է Կապանում 1 սենյականոց բնակարանի համար հատկացնել 4 մլն 887 հզ, 2-ի համար՝ 5 մլն 973 հզ․, 3-ի համար՝ 7 մլն 59 հզ․ դրամ, Սիսիանում՝ 1 սենյականոցի համար՝ 3 մլն 834 հզ․, 2-ի համար՝ 4 մլն 686 հզ․, 3-ի համար՝ 5 մլն 538 հզ․ և 4-ի համար՝ 6 մլն 390 հզ․ դրամ:  

Բնակիչների մեծամասնությունը համաձայն է առաջարկվող պայմանին։ Նրանց խոսքով՝ այսքան տարվա ընթացքում ինչքան ասես, որ չեն դիմել, միայն հուսադրող արտահայտություններ և չիրականացված խոստումներ են լսել: Ճիշտ է, գումարը փոքր-ինչ քիչ է այլ բնակարան գնելու համար, բայց սա միակ ձեռնտու տարբերակն է: Շենքի օրերը հաշվված են:

Ոմանց աչքին չի երևում նույնիսկ թանկարժեք վերանորոգումը, սեփական կյանքը ամեն ինչից թանկ է: Եթե հատկացված գումարով բնակարան գնել չկարողանան, պատրաստ են վարկ ձևակերպել, միայն թե ապահովության զգացում ունենան:

Բնակիչների անհամաձայն մասն էլ ոչ մի կերպ չի պատրաստվում լքել բնակարանը. «Առաջարկվող գումարով 3 սենյականոց բնակարանիս դիմաց նույնիսկ 2-ը դժվարությամբ ձեռք կբերեմ: Ինձ գումար հարկավոր չէ, մեկ այլ տան բանալի տրամադրեք, և այս մեկը կազատեմ», - ասում է Շինարարների 20 շենքի բնակիչ Ամասիա պապը:

Բնակիչներին հուզող հարցերին պատասխան տալու և միասնական որոշման գալու նպատակով երկու քաղաքներում էլ հանրային քննարկումներ անցկացվեցին: Առաջարկվող պայմանի համաձայն՝ բնակիչների մի մասը տեղում գրավոր համաձայնություն ստորագրեց՝ հարևաններին հորդորելով նույնը անել:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Էդուարդ Միրզոյանի կարծիքով՝ քննարկումները այդպես էլ իրենց նպատակին չծառայեցին: «Տարիներ շարունակ բնակիչները թեկուզ փոքր ֆինանսական աջակցության դեպքում պատրաստակամություն էին հայտնում լքել վտանգ ներկայացնող շինությունները: Իսկ այսօր, երբ հստակ գումար է նշված, հետ են քաշվել, ոմանց անհամաձայնությունը անհասկանալի է ինձ համար», - իր խոսքում ընդգծեց Էդուարդ Միրզոյանը:

Առաջարկվող տարբերակի մասին դրական արտահայտվեց նաև Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

Վերջնական որոշման գալու նպատակով բնակիչներին ևս մի քանի օր մտածելու ժամանակ տրվեց: Այդ որոշումով գրությունը մարզպետարանից կառավարություն պետք է ուղարկվի դեկտեմբերի 20-ին: Հարկ է նշել նաև, որ կառավարությունը նախագիծը որպես որոշում կընդունի միայն նշված վթարային շենքերի բոլոր բնակիչների համաձայնության դեպքում: 

Անի Գրիգորյան

15:00 08.12.2019