ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Համբավաշատ գյուղ․ կենդանության նշաններ
16:00 09.12.2019

Համբավաշատ գյուղ․ կենդանության նշաններ

Վերին ձորի հինավուրց, պատմական բնակավայրերից է Վերին Հանդը՝ Քաջարանի մերձակայքում, Ողջի գետի ձախ բարձրադիր ափին, Բանիսջուր ձորակի լանջերին փռված երբեմնի համբավաշատ գյուղը:

Բնակատեղի է դեռ անհիշելի ժամանակներից։ 18-րդ դարի սկզբներից այստեղ հաստատվում են առաջին բնակիչները, որոնց համար դառնում է մշտական բնակավայր: Գյուղի մասին հիշատակումների ենք հանդիպում արխիվային վկայագրերում, փաստաթղթերում, Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն»,  Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատություններում, եկեղեցական չափաբերական մատյաններում: Ըստ պատմաաշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր համերկրացի Թադևոս Հակոբյանի՝ գյուղի հյուսիսահայաց սարալանջին են գտնվում 12-րդ դարում սելջուկ-թուրքերի ավերած Շլորուտ բերդի ավերակների հազիվ նշմարելի մնացորդները:

Գյուղը հիշատակվում է նաև Բանիսլու, Մեծ Հանդ, Տաթևի վանքի պտղի հարկացուցակում՝ Հանդիշեն անվանումով:

Արևմուտքից հարևանում է Քաջարանին, արևելքից՝ Լեռնաձորին: Գյուղի մերձակայքով է անցնում Մ-2 միջպետական նշանակության Երևան-Ագարակ ավտոմայրուղին:

1842 թվականին գյուղն ընգրկված էր Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի կազմում, ուներ 10 ծուխ, 48 բնակիչ, 1909 թվականին՝  31 ծուխ, 200  բնակիչ:

Ձեռքի տակ է 1852-ին թվագրված արխիվային փաստաթուղթ, որը 16 հեղինակավոր վերինհանդեցիների ստորագրությամբ վավերացված խնդրագիր է Տաթևի վանքի կառավարությանը՝ համագյուղացի տիրացու տեր Պողոսին գյուղի եկեղեցու քահանա ձեռնադրելու մասին. հոգևոր այրը լուրջ հեղինակություն, մեծ ազդեցություն ուներ գյուղում, վայելում էր տարածաշրջանի հասարակության հարգանքը, աստվածասիրություն, հայրենասիրություն քարոզում:

Գյուղը նաև տարածաշրջանի հայտնի հոգևոր-մշակութային կենտրոններից էր։     

Այդ տարիներին Ձորք գավառի գյուղախմբից ծխական դպրոց է ունեցել միայն Վերին Հանդը: Վերինհանդեցիների վերաբերմունքը կրթության  և եկեղեցու նկատմամբ միշտ էլ ընդօրինակելի է եղել, խրախուսանքի արժանի:

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ տեր Պողոս քահանա Մելիք-Ստեփանյանցը տասնամյակներ գործած ծխական դպրոցի հիմնադիրն էր, հաճախ նաև միակ ուսուցիչը: Դասավանդվել է կրոնի պատմություն, մայրենի լեզու, թվաբանություն, երգեցողություն, ձեռագործ և այլն: Հայ մեծ գրող, հրապարակախոս Ավետիք Իսահակյանի եղբոր որդին՝ Իսահակ Իսահակյանը, դպրոցի ուսուցիչներից էր: Դպրոցն ունեցել է նաև գրադարան:

Ավելի ուշ՝ 1881 թվականին, «Դավիթ Բեկ» վեպի համար պատմական նյութեր հայթայթելու նպատակով Զանգեզուր այցելած հայ մեծ վիպասան Րաֆֆին եղել է նաև Վերին Հանդում:

Տասնամյակների հետ աստիճանաբար ավելացել են գյուղի ծխերի քանակը, բնակչության թիվը, կառուցվել նոր բնակելիներ, սակավահողության պատճառով գյուղացիները հողեր են վարձակալել հարևան Քրդիկանցից (հետագայում՝ Լեռնաձոր), հաջողությամբ զբաղվել երկրագործությամբ ու անասնապահությամբ, առևտրով, տարբեր արհեստներով:

Գյուղի համար առաջընթացային էր խորհրդային շրջանը: 1931 թվականին կազմավորվեց Ա.Ջափարիձեի անվան կոլտնտեսությունը, բնակավայրն ուներ նաև գրասենյակ, ակումբ, գրադարան, խանութ:

1934 թվականին գյուղի բնակչությունն արդեն կազմված էր 65 տնտեսությունից, ուներ 328 շունչ: Մինչև 1950-ական թվականների վերջերը Վերին Հանդի պատմության վերելքի շրջանն էր: Սակայն այդ տարիներին արագորեն կազմավորվող երիտասարդ արդյունաբերական կենտրոն Քաջարանը սկսեց կլանել տարածաշրջանի գյուղական բնակավայրերի, այդ թվում՝ Վերին Հանդի բնակչությանը: Գործարկված կոմբինատը բանվորական ուժի մեծ պահանջարկ ուներ, որը բավարարվում էր նաև լեռնագործ դարձած երեկվա գյուղացիներով:

Արդեն 1960 թվականի փետրվարին Վերին Հանդը ներգրավվեց նորաստեղծ Քաջարան քաղաքի վարչական շրջագծի մեջ:

Վերինհանդեցիները գիր ու գրականություն սիրող, ուսումնառության գինն իմացող, աշխատասեր մարդիկ են: Այստեղից սերել են հայտնի շատ գերդաստաններ, ովքեր զգալի ներդրում են ունեցել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և հոգևոր մշակութային կյանքում. տեր Պողոսի տոհմաճյուղից Հակոբյանների գերդաստանում շատ են արդյունաբերության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտների անվանի մարդիկ:

Այժմ որպես ամառանոց է, այն էլ՝ ընդամենը մի քանի կանգուն տնով:

Գյուղացիներից ոմանք վերջին տարիներին շինարարություն են ծավալում, փորձում պահպանել նախնյաց տներն ու հողատարածքները մշակել:

2015թ․ վերինհանդեցի Արթուր Ղազարյանի (ապրում և աշխատում է մայրաքաղաքում) ջանքերով եկեղեցու բակում խաչքար տեղադրվեց: Հոգևոր կենտրոնի 2008-2009թթ․ հիմնանորոգումից հետո այդ ձեռնարկումը ևս շատերի ուշադրությունը հրավիրեց դեպի գյուղ: Մարդկային աշխույժ շարժն այժմ այստեղ կարծես ապահովված է․ Սբ. Աստվածածինն իր ձգողական ուժով գյուղ է բերում շատերին:

Գուցե դա կնպաստի դեռ կենդանության նշաններ ցույց տվող երբեմնի համբավաշատ բնակավայրի վերածննդին, ինչը վաղուց հասունացած հրամայական է…

Լիլիթ Իսրայելյան

16:00 09.12.2019

Ամենաշատ ընթերցվածները