ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարությունը սահմաններ չի ճանաչում
16:00 10.12.2019

Բարությունը սահմաններ չի ճանաչում

«Սիրելի՛ Հարություն և քույրիկներ

Տիկին Բելլ Աշոտյանը մի քանի օր առաջ ձեր նամակները հանձնեց ինձ, որ փորձեմ կապ հաստատել ձեզ հետ։ Նա լավ հայուհի է, բայց հայերեն գրել-կարդալ չգիտի, քանի որ պապերն էլ են այստեղացի։ Շատ աստվածապաշտ է և մեծ բարեգործ։ Ես նրա ընկերուհին եմ։ Նույնպես փորձում եմ օգնել Հայաստանին։ Մի քանի անգամ փորձեցի հեռախոսով կապվել ձեզ հետ, բայց Կապան անունը հեռախոսացանկի մեջ չկա։ Գուցե դուք կարողանաք գտնել, թե անգլերեն ինչպես է գրվում։ Գուցե ձեր քաղաքը փոքր է, և դուք որևէ ազգական ունեք ավելի մեծ վայրում։ Քանի որ հեռախոսով չկապվեցի, ուրեմն և օգնությունը դժվար կգա, փոստը չի տանի կմնա մինչև որևէ հոգևոր հայր գա։ Ով գիտի՝ երբ կլինի։ Ուղարկում եմ ձեր նկարները, որ հաստատ համոզված լինեմ, որ դուք եք։ Լավ սովորեք, կյանքը միայն ուսյալ մարդկանց է ժպտում։ Նելլի Սադոյան»։

Մոտ 20 տարի առաջ գրված այս նամակը դարձավ օվկիանոսից անդին մի մեծ բարեկամության սկիզբ։ Արցախյան ազատամարտում 1993թ․ հուլիսի 10-ին զոհված ազատամարտիկ Գագիկ Մարտիրոսյանի զավակներին էր ուղղված, նպատակը մեկն էր՝ այդ դժվարին օրերին հայրենի երկրի զավակներին օգնել հնարավորության սահմաններում։

ԱՄՆ-ից խմբագրություն ուղարկված գրության մեջ նշվում է, որ 1999 թվականից սկսվել է կապանյան և ամերիկահայ ընտանիքների միջև բարեկամությունը․ «Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը ուներ որբախնամ ծրագիր՝ Նյու Յորքում գտնվող Ազգային առաջնորդարան կազմակերպության միջոցով ֆինանսական աջակցությամբ հովանավորվում էին զոհված ազատամարտիկների երեխաներից շատերը։ 2002-ին այդ ծրագրից օգտվեց նաև որդիս՝ Հարություն Գագիկի Մարտիրոսյանը։ Ամեն անգամ գումար ստանալիս գրում էինք շնորհակալական նամակ՝ մեր երախտագիտության խոսքը ուղղելով նրանց։ Այդ կազմակերպության միջոցով իմացանք, որ մեր հովանավորը Բելլ Աշոտյանն է։ Այդ ժամանակվանից ի վեր մշտապես նամակ և նկարներ ենք ուղարկել Բելլ Աշոտյանին։ Եվ մի օր էլ եկավ նամակի պատասխանը։ Գրում էր Բելլ Աշոտյանի ընկերուհին՝ Նելլի Սադոյանը, քանի որ Բելլը հայերեն չգիտեր։ Նա հետաքրքրված էր մեր ընտանիքով, ուզում էր մշտապես մեզ հետ կապի մեջ լինել», - նշվում է մեզ ուղարկված նամակում։

Մեկ տարի նամակագրական կապ ունեցան։ Հարությունի 18 տարեկանը լրանալուց հետո հովանավորությունը տրվեց դստերը՝ Մելինե Մարտիրոսյանին, ով այդ ժամանակ մայրաքաղաքում ուսանողուհի էր։ Տարեկան մեկ անգամ գումարը ստանում էին, բայց հետագայում նամակագրական կապը ընդհատվեց։

Տարիներ անց Մարտիրոսյանների ընտանիքը ճակատագրի բերումով մշտական բնակություն հաստատեց Միացյալ Նահանգներում։ Կապ հաստատեցինք Մելինեի հետ։ Նա ասաց, որ այդ գումարի միջոցով կարողանում էին տան համար որևէ գույք գնել։ «Երբ եկանք ԱՄՆ, սկսեցի տարբեր ուղղություններով փնտրել մեր հովանավորին։ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու միջոցով կարողացանք գտնել հեռախոսահամար, որը մեզ կհասցներ Բելլ Աշոտյանին։ Զանգահարեցինք, լսափողին մոտեցավ 90-ն անց մեր հովանավորը, ով, լսելով ինձ, ուրախությունից հուզվեց։ Պարզվեց, որ Բելլ Աշոտյանը Սանտա Մոնիկայում է բնակվում, որը մեզ շատ մոտ էր», - պատմում է Մելինեն։

Ընտանիքով մեկնեցին 16 տարի իրենց ընտանիքի բարեկամ Բելլ Աշոտյանին տեսակցության։ Հինգ զավակի մայրը պատմեց իր նախնիների մասին, որոնք Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառից էին, մազապուրծ փրկվել էին Մեծ եղեռնից և հասել Նյու Յորք։ Աստվածապաշտ կինը մինչ օրս էլ հուզմունքով է պատմում իր ընտանիքի անցյալի մասին և հատ-հատ ցույց տալիս լուսանկարները։

Առաջին հանդիպմանը հաջորդեց երկրորդը․ Բելլ Աշոտյանի ծննդյան 97-ամյակին մասնակցեցին, որտեղ արդեն ծանոթացան նրա զավակների, թոռների ու ծոռների հետ, որոնց անչափ հետաքրքիր էր այս ընտանիքի, բարեկամության ակունքների պատմությունը։

Ինչպես մեզ տեղեկացրեց Մելինեն, մինչ օրս էլ իրենց հովանավորի հետ կապը պահում են։

Չի կարելի մոռանալ այն մարդկանց, ովքեր թեկուզ մի փոքր ներդրում են ունեցել ձեր ընտանիքին դժվարին օրերին օգնելու հարցում։ Իսկ Երկիրը կլոր է, մի կետում անպայման մի օր դուք կհանդիպեք իրար, և շատ կարևոր է, որ այդ հանդիպումը բաց ճակատով լինի։

Պատրաստեց Արմինե Հարությունյանը

16:00 10.12.2019

Ամենաշատ ընթերցվածները