ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ընտանիքի նոր անդամ. սպասումներ և իրականություն
16:00 11.12.2019

Ընտանիքի նոր անդամ. սպասումներ և իրականություն

Երբ ընտանիքում ծնվում է երկրորդ երեխան, մեծ ուրախություն է ծնողների, իսկ մեծ սթրես՝ մյուս երեխայի համար, քանի որ  ամեն ինչ այնքան հարթ չէ, ինչպես թվում է: Սկզբնական շրջանում ավագ երեխան, որպես  կանոն, ուրախությամբ ու նաև հետաքրքրությամբ է ընդունում տան նոր, փոքրիկ անդամին, նույնիսկ երջանիկ զգում, որ  ունի նոր ընկեր, որի հետ կխաղա, կկիսի գաղտնիքները, կդիտի մուլտֆիլմեր, և որի մասին այդքան հաճախ խոսել էին ծնողները: Սակայն մի քանի օր անց երեխան բացահայտում է, որ այդ ամենին երկար պետք է սպասի, քանի որ իր նոր ընկերը կարողանում է միայն քնել և  լացել:

Մանկական հոգեբան Մարիամ Հովհաննիսյանի  խոսքով՝ խանդում են բոլորն անխտիր, բայց տարբեր տարիքային խմբերի մոտ տարբեր կերպ է արտահայտվում: «Երեխաներին թվում է, թե երկրորդ երեխայի հայտնվելու դեպքում ծնողների սերը կիսվելու է, իրենց անտեսելու են, և սկսում են այնպիսի քայլեր անել, որ ուշադրությունն իրենցից անպակաս լինի: Խանդը հիմնականում ուժեղ արտահայտվում է 2-5 տարեկան երեխաների մոտ: Այդ տարիքում երեխաներին առավել ուշադիր և ըմբռնումով պետք է վերաբերվել: Բոլոր երեխաները կրտսեր եղբոր կամ քրոջ լույս աշխարհ գալուն տարբեր կերպ են արձագանքում. ոմանք ինքնամփոփ են դառնում, որոշներն էլ սկսում են անհանգստանալ ու լացել:  Ծնողների ճիշտ մոտեցումը թույլ կտա հնարավորինս մեղմել խանդը: Երկրորդ երեխայի ծնունդով լիովին փոխվում է ավագ երեխայի կյանքը, և ծնողների պարտքն է անել ամեն ինչ, որ այդ փոփոխությունը երեխայի համար հնարավորինս նվազ սթրեսային լինի: Առաջինը պետք է պատրաստել երեխային փոքրիկ եղբոր կամ քույրիկի հայտնվելուն դեռ ծննդաբերությունից առաջ, պատմելով, թե ինչպիսին նա կծնվի, թե որքան նա կզգա հոգատարության, մեծերի օգնության կարիքը: Ամենակարևոր գործոններից մեկն էլ ծնողական սերն է, հուզական ջերմությունն ու ապահովությունը: Սակայն ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչպես արտահայտել այդ սերը այնպես, որ երեխան զգա դա: Երեխայի լույս աշխարհ գալուն պես առաջնեկին ավելի շատ ժամանակ և ուշադրություն պետք է հատկացնել: Երեխաների հետ շփումը պետք է  կազմակերպել անհատական: Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ երեխաներից մեկի հետ առանձին գնացեք զբոսնելու, խոսեք միայն իր մասին, իր զգացողությունների, դպրոցի կամ մանկապարտեզի մասին, ինչ ուրախ պահեր է ապրել, ինչ տխուր զգացողություններ է ունեցել:  Ինչ է ցանկանում առհասարակ, ինչի կարիք ունի, նստեք այգում, գրկեք ձեր երեխային: Միգուցե դա տևի կես ժամ, սակայն, հավատացեք, այն երեխային կպարգևի երանության, սեփական անձի կարևորման և ինքնագնահատականի կայուն ձևավորման մեծ հիմք: Նա արդեն տուն կվերադառնա հասուն և պատրաստ կլինի օգնել իր կրտսեր եղբորը կամ քրոջն ամեն հարցում», - ասում է հոգեբանը:

Շատ կարևոր է նաև ավագ երեխային թույլ չտալ ժամանակից շուտ հոգեբանորեն մեծանալ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անցնել մանկությանը հատուկ բոլոր փուլերը՝ խաղային և անհոգ մտքերի ուղեկցությամբ: Պետք չէ ծանրաբեռնել առաջնեկին ավելորդ պատասխանատվությամբ և պահանջներով: Պետք է պահպանել ավագ երեխայի հետ նույն հարաբերությունները, որոնք եղել են փոքրիկի ծննդից առաջ: Երեխայի համար նորածնի հայտնվելու ամենադժվար պահերից մեկը ուշադրության հանկարծակի տեղափոխումն է իրենից փոքրիկի վրա։ Հոգեբանն առաջարկում է նախազգուշացնել երեխային, որ հյուրերը փոքրիկի հանդեպ մեծ ուշադրություն են ցուցաբերելու, ինչպես նրանք արել են իր հանդեպ, միաժամանակ հիշեցնել հյուրերին՝ շփվել ավագ երեխայի հետ նույնպես: 

«Քանի որ երեխաները զգայուն են ժեստերի լեզվի հանդեպ, ցանկալի է ավելի շատ ուշադրություն դարձնել շփման այս կողմին: Ծնողները պետք է հնարավորինս հաճախ գրկեն իրենց առաջնեկին, շոյեն, համբուրեն:  Արդյունավետ է երկու երեխաներին միաժամանակ մերսելը կամ ցերեկը միասին պառկեցնել քնելու: Ավագին կրտսերի հետ կապում է հոգածությունը, նորածնի կյանքում ունեցած դերակատարությունը, մայրիկին ցուցաբերած ակտիվ օգնությունը:  Մայրիկը երբեք չպետք է մոռանա ընդգծել առաջնկի վաստակը և գովել նրան: Նորածնի համար ինչ-որ բան գնելիս ծնողները չպետք է մոռանան ավագի մասին: Եվ մի շատ կարևոր հանգամանք՝ ավագի վրա ոչ մի դեպքում չի կարելի բարկանալ կրտսերի ներկայությամբ, անգամ եթե խանդի հարցը սուր չի զգացվում», - ասում է Մարիամ Հովհաննիսյանը:

Ուշադիր ու հոգատար ծնողները կարողանում են նվազագույնի հասցնել, բայց ոչ երբեք բացառել մանկական խանդը: Երեխան պետք է անցնի խանդի այդ փորձությունը, քրոջ կամ եղբոր հետ մրցակցության այդ ծանր պահը ապրի: Եվ միայն ծնողներից է կախված` կսովորի արդյոք երեխան հաղթահարել իր զգացմունքներն առանց լուրջ հոգեկան խնդիրների:

Սոնա Օհանջանյան

16:00 11.12.2019