ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ադրբեջանցի սահմանապահները Վրաստանի քաղաքացու են վիրավորել
17:00 11.12.2019

Ադրբեջանցի սահմանապահները Վրաստանի քաղաքացու են վիրավորել

Վրացական «Մթավարի» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի հարակից տարածքում միջադեպ է տեղի ունեցել. ադրբեջանցի սահմանապահը կրակ է բացել Վրաստանի քաղաքացու ուղղությամբ:

Հեռուստաընկերությունը մի քանի վարկած է տարածել միջադեպի առնչությամբ: Դրանցից մեկն այն է, որ հովիվը հոտը տարել է չեզոք տարածք և այդ ժամանակ սահմանապահները կրակ են բացել, իսկ երկրորդ վարկածի համաձայն` սահմանապահները թիրախավորել են շանը, սակայն փամփուշտը հովվին է դիպչել:

Ըստ տեղեկության` վիրավորված քաղաքացին բուժվում է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցում:

Ինչպես գրում է regionmonitor-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել սահմանի մոտ, թեև չեն մանրամասնում, թե սահմանի որ մասում է տեղի ունեցել այն և չեն խոսում ադրբեջանցի սահմանապահների ներգրավվածության մասին: Նաև պարզ չէ, թե որ հոդվածի հատկանիշներով է ընթանում հետաքննությունը:

«Վրաստան — Ադրբեջան սահմանի հարակից տարածքում դեկտեմբերի 6֊ին տեղի ունեցած միջադեպի պատճառով վիրավորվել է Վրաստանի քաղաքացի, որը բուժվելու նպատակով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Նրան տեսակցել են ՆԳՆ և Ադրբեջանում Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմի տեղեկատվությամբ` Վրաստանի քաղաքացու առողջական վիճակը բավարար է: Ընթանում է հետաքննություն: Վրաց և ադրբեջանցի իրավապահներն ակտիվորեն համագործակցում են»,- «Նեթգազեթի» պարբերականին տեղեկացրել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել էր հատկապես այս տարվա գարնանը, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի վանքը։

Աղբյուր` Panorama.am

17:00 11.12.2019

Ամենաշատ ընթերցվածները