ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժան - Պոլ Սարտր․ «Սրտխառնոց»
16:00 12.12.2019

Ժան - Պոլ Սարտր․ «Սրտխառնոց»

1964-ին Ժան-Պոլ Սարտրը հրաժարվում է Նոբելյան մրցանակից։ Ֆրանսիացի գրողը չի ցանկանում վտանգել իր անկախությունը և պարտական լինել որևէ սոցիալական կառույցի։ Իսկ մրցանակը շնորհվել էր «Սրտխառնոց» վեպի համար։ Հենց այս ստեղծագործությունն են գրականագետները համարում անփոխարինելի օղակ 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին։

Անտուան Ռոկանտենը պատմաբան է։ Գավառական Բուվիլ քաղաքում գիտական աշխատություն է գրում դը Ռոլբոն անունով մի մարկիզի մասին, որ ֆրանսիական լրտես է եղել։ Ի՞նչ է անում սովորաբար պատմաբանը։ Փաստեր է հավաքում, համադրում դրանք՝ վերակենդանացնելով իր հերոսի կերպարը։ Բայց Ռոկանտենը դժվարին կացության մեջ է հայտնվել․ փաստերը չեն մեկտեղվում, հետևաբար մարկիզի կյանքը հնարավոր չէ վերստեղծել։

Վիճակը բարդացնում է Ռոկանտենի մարմնական թուլությունը։ Նա իր մեջ փոփոխություն է նկատում։ Իրականության և այդ իրականության մեջ սեփական գոյության աբսուրդի գիտակցումը սրտխառնոցի է վերածվում, որը, ժամանակ առ ժամանակ ահագնանալով, ուղեկցում է հերոսին։ Բժշկի չի դիմում, դեղատուն էլ չի գնում։ Մտնում է գրադարան, վերցնում Բալզակի վեպերից մեկը՝ «Էժենի Գրանդեն», և սկսում կարդալ։ Հույս ուներ, որ ճշգրտության ձգտող բալզակյան արձակը կօգնի իրեն վերականգնելու 18-րդ դարում ապրած մարկիզի կյանքի պատմությունը։ Բայց Բալզակը գրող է, իր կերպարները հորինում է այնպիսի ճշգրտությամբ, որ ընթերցողները մոռանում են նրանց հորինված լինելու հանգամանքը։

Մինչդեռ Ռոկանտենը պատմաբան է, հորինել չի կարող։ Նրան փաստեր ու մանրամասներ են պետք։ Բայց որտեղի՞ց։ Գիտական շարադրանքը չի ամբողջանում։ Իսկ այդ պահին մարկիզը Ռոկանտենի գոյության միակ արդարացումն էր․ «Այլևս չեմ գրում Ռոլբոնի մասին գիրքը։ Վերջ, ամեն ինչ վերջացած է, էլ չեմ կարող գրել։ Ի՞նչ անեմ կյանքիս հետ»։

Ճգնաժամը շարունակվում է։ Ռոկանտենը հանգիստ չունի։ Փողոցներն է չափում, սրճարանից սրճարան անցնում։ Սրտխառնոցը չի նահանջում․ «Չեմ էլ կարծում, թե շուտով կանցնի, բայց ես էլ դրանով չեմ տառապում, դա ո՛չ հիվանդություն է, ո՛չ էլ ինչ-որ անցողիկ նոպա․ Սրտխառնոցը ես եմ»։

Որոշումը վերջապես կայացվել էր։ Գիրքն այլևս չի գրելու, ուրեմն գավառական այդ քաղաքում, որտեղ ապրել էր երեք տարի, այլևս մնալու կարիք չկար։ Մտադիր էր հեռանալ, բայց դեռ չէր գտել իր Սրտխառնոցի, իր սեփական կյանքի բանալին։ Արթնացումը վրա է հասնում գնացքի մեկնելուց րոպեներ առաջ։ Գիրք է գրելու, բայց դա չի լինելու պատմագիտական ուսումնասիրություն։ Որոշվել է․ վեպ։ Բայց ոչ Բալզակի պես, որը գոյության հավաստիությունն է ամրագրում․ «Չէ՛, ուրիշ տեսակի գիրք պիտի լինի։ Հաստատ չգիտեմ՝ ինչ տեսակի, բայց այդ գրքի տպագիր բառերի ու էջերի հետևում պիտի ինչ-որ բան նշմարվի, որը գոյություն չի ունենա, որը վեր կլինի գոյությունից։ Ասենք, ինչ-որ մի պատմություն, որ չի կարող պատահել, մի որևէ արկած։ Պիտի գեղեցիկ ու ամուր լինի, ինչպես պողպատը․․․»։  

Ելքը գտնվեց։ Բայց երբ ավարտվում է ընթերցանությունը, ակամա մտաբերում ես Սարտրի վեպի սկիզբը, որը սկսվում է հրատարակչի փոքրիկ առաջաբանից։ Այդտեղ նա ասում է, թե Անտուան Ռոկանտենի թղթերի մեջ հայտնաբերել է նրա օրագիրը, որն ընդգրկում է պատմաբանի կյանքի տարիները Բուվիլում։ Սակայն պարզվում է՝ մարկիզը պատմական անձ չէ, գոյություն էլ չի ունեցել, պարզապես հրատարակչի երևակայության արդյունքն է։ Իսկ այդ մասին հրատարակչի գլխավոր կերպարը՝ Անտուան Ռոկանտենը, տեղյակ չէ։ Հենց հորինված կերպարն էր պատմագիտական ուսումնասիրություն գրում մեկի մասին, որը նույնպես հորինված է։ Հրատարակիչը ևս մի թակարդ է լարել․ Ռոկանտենը իր երկը շարադրում էր մի քաղաքում՝ Բուվիլում, որը նույնպես իրականում գոյություն չունի։ Այնպես որ՝ Սարտրի վեպը կարծես հակադրվում է բալզակյան ճշգրտությանը, որ հետո ամբողջովին դառնա երևակայության խրախճանք։ Գուցե սա հենց այն է, որը գոյություն չունի, որը վեր է գոյությունից։

Արթուր Իսրայելյան  

16:00 12.12.2019

Ամենաշատ ընթերցվածները