ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի
21:00 12.12.2019

Զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը չի երկարաձգվելու: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում հանդիսացել է կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Ըստ նախարարի, օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև՝ տարիքը լրանալուց հետո, վճարել համապատասխան գումարը:

«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց նախարար Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  չնայած օրենքի երկարաձգում չի լինելու, բայց շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը: «Մինչ հունվարի 1-ն օրենքը ուժի մեջ է, և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չէ, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս գնել, այս բոլոր գործընթացներն անցնել և Նոր տարին էլ նշել Հայաստանում», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաների դեպքում՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում: 

Նշված օրենքի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանացած որոշակի խումբ անձանց հնարավորություն էր տրված օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով չենթարկվել քրեական պատասխանատվության և կանգնել զինվորական հաշվառման։

Գործող ձևաչափով, որը կիրառվում է 2004 թվականից, յուրաքանչյուր խուսափած զորակոչի համար վճարվում է 200 հազար դրամ: Եթե բոլոր զորակոչերից՝ տարեկան երկու անգամ, խուսափել է (18 զորակոչ), ողջ գումարը կազմում է 3 միլիոն 600 հազար դրամ:

ՀՀ ԱԺ կողմից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարացվում էր: Այդ նպատակով կատարված վերջին օրենսդրական փոփոխությամբ՝ ԱԺ-ի կողմից ընդունված 2019 թվականի մարտի 6-ին, օրենքը տարածվում է այն անձանց վրա, որոնց 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացել է մինչև 2019 թվականի մարտի 1-ը, իսկ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Նկատի ունենալով, որ նշված օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը և այն երկարաձգելու մասին նոր օրենք չի ընդունվելու, ուստի նշված ժամկետի լրանալուց հետո վերոնշյալ կարգն այլևս չի գործելու և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող այդ հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից։

Աղբյուր` «Արմենպրես»

21:00 12.12.2019

Ամենաշատ ընթերցվածները