ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է ՌՀՍ-III-ի երկարաձգմանը. Պուտին
19:00 19.12.2019

Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է ՌՀՍ-III-ի երկարաձգմանը. Պուտին

Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի երկարաձգելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների պայմանագիրը (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-III): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսում:

«Դուք հիշատակեցիք այն հիմքերից մեկը, որի վրա մենք պետք է կառուցենք (ԱՄՆ-ի հետ) մեր հարաբերությունները. դրանք գլոբալ անվտանգության հարցերն են, այդ թվում ՌՀՍ-III-ը: Մենք տվել ենք մեր առաջարկությունները,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:- Ես արդեն ասել եմ, ցանկանում եմ մեկ անգամ եւս ասել. մենք ընդհուպ մինչեւ տարեվերջ պատրաստ ենք պազապես վերցնել եւ երկարաձգել գործող ՌՀՍ-III համաձայնագիրը»:

«Բայց առայժմ մեր բոլոր առաջարկություններին ոչ մի պատասխան չկա»,- ուշադրություն է հրավիրել Պուտինը: Նրա խոսքով՝ եթե չլինի նաեւ ՌՀՍ-III-ը, «ապա աշխարհում ընդհանրապես չի լինի ոչ մի բան, որ զսպում է սպառազինությունների մրցավազքը»: «Եվ դա, իմ կարծիքով, վատ է»,- հավելել է նախագահը:

ՌՀՍՊ-ն Մոսկվան եւ Վաշինգտոնն ստորագրել են 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրն իր ռազմավարական հարձակողական սպառազինությունները կրճատում է այն կերպ, որպեսզի յոթ տարի անց եւ հետագայում միագումար քանակությունները չգերազանցեն 700 միավորը ծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների եւ ծանր ռմբակոծիչների համար, 1550 միավորը դրանց մարտալիցքերի համար, 800 միավորը ծավալված եւ չծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանվերի բալիստիկ հրթիռների եւ անվտանգության տեխնիկայի համար: Պայմանագիրն ուժի մեջ է մնում 10 տարվա ընթացքում (մինչեւ 2021 թվականը), եթե մինչ այդ ժամկետը չի փոխարինվի հետագա համաձայնագրով: Այն նաեւ կարող է երկարաձգվել հինգ տարուց ոչ ավելի (այսինքն՝ մինչեւ 2026 թվականը) երկուստեք համաձայնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 19.12.2019