ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Աստղային շքերթ»՝ տիեզերքում 4 մոլորակներ կմիանան
19:00 10.01.2020

«Աստղային շքերթ»՝ տիեզերքում 4 մոլորակներ կմիանան

«Հայաստանում արեգակի խավարում 2020 թվականին չի դիտվելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Միքայելյանի խոսքով, նույն կետից արեգակի խավարումը հնարավոր է դիտել 300 տարին մեկ. «Հայաստանում արեգակի ամբողջական խավարում մեկ անգամ 70-ականներին է եղել, իսկ մասնակի խավարումներ մի քանի անգամ եղել են»։

Լուսնի խավարումն ավելի հաճախ է դիտվում, քանի որ Երկիր մոլորակն ավելի մեծ է և վերջինիս ստվերն ավելի մեծ է լուսինը ծածկելուց։

«Հայաստանում այս տարի սպասվում է լուսնի 3 խավարում»,- հայտնեց Արեգ Միքայելյանը։

Աստղագետների կողմից ուսումնասիրվում են նաև մոլորակների միացումները, երբ երկու իրար մոտ գտնվող մոլորակներ մոտենում են իրար։ Միքայելյանը նշեց, որ այս տարի 4 մոլորակներ իրար են միանալու, ինչը հազվադեպ հանդիպող երևույթ է։

«Աստղաթափեր (ասուպային հոսքեր) ամեն տարի նույն օրերին լինում են։ Դա պայմանավորված է նրանով, քանի որ կոնկրետ օրերին Երկիրն անցնում է այդ հատվածով, կարծես բախվում է մանր քարերից բաղկացած խորշի։ Ընթացքում հազարավոր մանր քարեր մտնում են երկրի մթնոլորտ և վառվում։ Այդ այրման հետքերն ենք մենք տեսնում՝ որպես աստղաթափ»,- նշում է Միքայելյանը։

Իսկ եթե առանձին աստղակերպ է բախվում երկրին, դա ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ. «Դա կարող է ավերածությունների պատճառ դառնալ։ Կան մասնագետներ, որ այդ երևույթին հետևում են. Հայաստանում, ցավոք, դեռ չկա նման ծառայություն, բայց ես առաջարկել եմ, որ մենք էլ ստեղծենք»։

Միքայելյանը նշեց, որ կան հաշվարկներ՝ 2049 թվականին երկրին կարող է բախվել ոչ շատ խոշոր աստղակերպ, բայց եթե այն ընկնի որևէ քաղաքի վրա, դա կլինի այդ քաղաքի վերջը։ Թեև՝ ավելի հավանական է, որ այն կընկնի ջրային տարածքի վրա։

Անդրադառնալով այլմոլորակայինների գոյություն ունենալ-չունենալու հարցին՝ Արեգ Միքայելյանը նշեց, որ աստղագետները այժմ լուրջ հետազոտություններ են անում  արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման ուղղությամբ։

«Մոտ 4000 մոլորակ արդեն հայտնաբերված է։ Այսինքն՝ այլ աստղերի շուրջ ևս մոլորակներ կան։ Դրանց մեջ մոտ 30-ը երկրին նման են՝ իրենց չափով, աստղից ունեցած հեռավորությամբ, ջերմաստիճանային պայմաններով և այլն։ Հավանականություն կա, որ այնտեղ կարող է կյանք լինել, բայց դա չի նշանակում, որ այն արդեն գոյացել է»,- ասաց Արեգ Միքայելյանը։
 

Աղբյուր` Panorama.am

19:00 10.01.2020

Ամենաշատ ընթերցվածները