ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակից մահվան մեկ դեպք է արձանագրվել
16:00 11.01.2020

Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակից մահվան մեկ դեպք է արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակից մահվան մեկ դեպք է արձանագրվել։

«Ցավով հայտնում ենք, որ երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։

Նախարարությունից նաև հայտնում են, որ եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։

Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

Ըստ ԱՆ-ի՝ սյսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում:

Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարության կողմից շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացվում է համապատասխան շահագրգիռ կառույցներին:

Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

«Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում, և առողջ ազգաբնակչությունը ևս կարող է ստանալ պատվաստում։

Պատվաստումները կատարվում են առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին, մասնավորապես՝

հղիներ,

6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,

65 տարեկանից բարձր տարիքի անձինք,

շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

բուժաշխատողներ (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ),
զորակոչի ենթակա անձինք,

փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում,հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպիև սուր շնչառական վարակների բուժման համար,
հագնվե´ք եղանակին համահունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
հետևե´ք անձնական հիգիենային։


Աղբյուր` Panorama.am

16:00 11.01.2020

Ամենաշատ ընթերցվածները