ԱՎԵԼԻՆ

Մամուլ

2019-ի խնդիրներով մտանք 2020
16:00 13.01.2020

2019-ի խնդիրներով մտանք 2020

1) Մենք հավատում ենք, որ գոյություն ունի օբյեկտիվ ճշմարտություն, և դա սոսկ գաղափարախոսական համակարգ չէ՝ ցածր խավի մարդկանց հնազանդ պահելու համար։

2) Մենք հավատում ենք լոգիկային, որն ասում է՝ երկու իրարամերժ արտահայտությունը չեն կարող միաժամանակ ճիշտ լինել։

3) Մենք բոլորս հավատում ենք գիտությանը և կարծում ենք, որ դա մարդկության ամենամեծ նվաճումներից է։

Եթե բոլոր երեք հարցերին պատասխանել եք դրական, ուրեմն շնորհավոր Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը: Տարեսկզբին ցանկություն է առաջանում հստակ արձանագրել, թե ինչ խնդիրներ ենք վստահ տեղափոխել հին տարուց նոր տարի: Դե ինչ, գնացինք…

Թասիբ, նամուս, արժանապատվության բացակայություն

Այնպես է ստացվել, որ հեղափոխական Հայաստանում ապրում ու աշխատում է մարդկանց մի ստվար զանգված, ովքեր իրենց դիրքը, պաշտոնը ստացել են Սերժ Սարգսյանի օրոք, սակայն հեղափոխության քամու շնորհիվ վայրկյանների ընթացքում դարձել են հեղափոխականներ: Լևոն Տեր-Պետրոսյանի 1998թ․ հրաժարականի ժամանակ 10 տարեկան երեխա էի, սակայն հստակ հիշում եմ, թե ինչպես ժամեր անց առաջին նախագահի թիմակիցները հրաժարական տվեցին՝ պատվով հեռանալով և միևնույն ժամանակ նոր ուժերի համար ճանապարհ հարթելով: Ուղիղ 20 տարի անց, երբ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ժողովուրդը կքել էր թալանչիների իշխանության տակ, այդ նույն թալանչիներն ու նախկին ռեժիմի հենասյուները միանգամից սրբացան ու լծվեցին պետականաշինությանը: Օրինակները շատ են, նշեմ մի քանիսը՝ գլխավոր դատախազ, ֆինանսների և շրջակա միջավայրի նախարարներ:

Այս «սուրբ» պատկերը ամբողջացնում է վարչապետի և ՍԴ նախագահի կողք կողքի գտնվելը 2020թ․ Սուրբ ծննդի օրով Էջմիածնում:/Լուսանկարում/ Քիչ է մնում երկուսին էլ փաթաթվես ու պինդ պաչես այն բանի համար, որ մեզ պես փոքրիկ երկրում այդպես էլ պարզ չդարձավ, թե ով է սև, իսկ ով՝ սպիտակ: Չնայած, չէ՛, պարզ դարձավ, եթե սև ես, բայց ներկա իշխանությունների սև գործերը սպասարկում ես, ապա միանշանակ սպիտակ ես: Կորչի թասիբն էլ, նամուսն էլ, արժանապատվությունն էլ վրայից:

Տնտեսական «հրաշքներ»

Ամանորյա իր ուղերձում վարչապետը նշեց շլացուցիչ տնտեսական հաջողությունների մասին: Ընդհանրապես, բոլոր իշխանությունների տնտեսական ցուցանիշներին պետք է զգուշորեն մոտենալ այն պարզ պատճառով, որ Հայաստանում շարունակվում են թվային ցուցանիշների մեքենայությունները: Միշտ նշում են մեդալի մի կողմը, այն, որը ձեռնտու է իշխանությանը, և լռեցնում են կյանքի հետ անմիջական կապ ունեցողները: Բացատրեմ պարզ օրինակով: 73-ամյա մայրիկիս թոշակը բարձրացվել է 10%-ով, ինչի մասին թմբկահարում են բոլոր ԶԼՄ-ները: Այն դարձել է 33700 դրամ: Մայրս ամսական գնում է 30000 դրամի անոթային ճնշումը զսպող դեղամիջոցներ: Առնվազն 7000 դրամ էլ կազմում են կոմունալ ծախսերը: Մինչ ներկա իշխանություններին փառքի արձան կանգնեցնելը ասեմ, որ մայրս ունի նաև շաքարախտ, որի պատճառով պետք է հաճախակի սնվի: Ինչպես նկատեցիք, «ճոխ» թոշակը չի հերիքում նրա սնվելուն: Իհարկե, մայրիկիս բոլոր երեխաները վաղուց հասկացել են, որ պետության վրա հույս դնելը միամտություն է, և մենք ամբողջությամբ հոգում են տարեց մարդու կարիքները: Այս փոքրիկ պատմության մեջ ամենակարևոր բառը կարիք բառն է: Ամբողջ աշխարհում վաղուց գոյություն ունի կարիքի գնահատման հասկացություն: Տարեց, հաշմանդամ, անչափահաս կամ առհասարակ ցանկացած մարդու կարիքները պետք է գնահատի պետությունը: Եթե պետությունը չի անում դա, ուրեմն տվյալ քաղաքացու խնդիրների լուծման մասին անիմաստ է խոսել, ինչպես որ անիմաստ է խոսել իմ մայրիկի 10 տոկոս բարձրացրած թոշակից: Հեղափոխականները չգնահատեցին ոչ մեկի իրական կարիքը և նախկինների պես շարունակում են խնդիրների քաոսային լուծումը:

Իրավական պատուհաս

Հաջորդ, ամենացավոտ խնդիրը, որը մեզ հետ բերել ենք նախորդ տարվանից և փորձելու ենք գլուխ ջարդելով դա լուծել նաև 2020-ին, իհարկե, դատաիրավական համակարգն է: Սահմանադրական դատարանը մեկ ամիս առաջ ընդունեց մի վճիռ, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը ըստ էության զրկվեց որևիցե դատավորի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու կարողությունից: Չմանրամասնելով եղելության մանրուքները՝ ասեմ միայն, որ ՍԴ այդ որոշումից հետո բոլոր դատավորները սրբացան, և նրանք կարող են անել՝ ինչ ուզեն, քանզի այլևս չկան մեխանիզմներ նրանց լրջորեն պատժելու համար, իսկ նկատողություններով հեղափոխական գարուն չի գալիս:

Մոդայիկ և ականջահաճո վեթինգ բառը մնաց անցած տարում, և այսօր չկա մեկը, ով կպատկերացնի, թե ինչպես կարելի է լուծել դատաիրավական համակարգի աղետը: Այն աղետալի է, որովհետև տարբեր անիմաստ դատական քաշքշուկների պատճառով այսօր Հայաստանում 700 մլրդ դրամ սառեցված է: Որպեսզի ընկալեք այս թվի մեծությունը, ասեմ, որ անցած տարում ՀՔԾ-ն, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ԱԱԾ-ն, բոլորը միասին, վերականգնել են 40 մլրդ դրամ:

Բանը միայն փողը չէ, մարդը ծնվում է արդարության պահանջով: Հետևաբար, ունենալ Արդարադատության նախարարություն և չունենալ արդարություն, մեծ ճոխություն է:

Ամանորից առաջ աղմկահարույց հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ճողոպրեց երկրից՝ իր հետ տանելով ինչ-որ տվյալներ և սկավառակներ: Իսկ մենք 10 օրվա բլինչիկ ենք ուտում և չենք հասկանում, թե ով էր մեղավոր դրա համար և, որ ավելի կարևոր է, ինչ ենք անելու, որ այս օրն ենք ընկել:

Վերջաբան

Հարևան Իրանի հայտնի գեներալի սպանությունը մեծ հավանականությամբ հանգեցնելու է մեծ բախման երկու հսկա երկրների միջև: Մենք պետք է հանգիստ նստենք մեր տեղը ու ոչ մի դեպքում անվտանգության խորհրդի նիստ չհրավիրենք: Ավելի լավ է Արտանիշ լեռ բարձրանանք, մի քիչ թուլանանք և փորձենք հաճույք ստանալ նոր տարվա մեր ակնկալիքներից: Ես ձեզ մաղթում եմ բարձր տրամադրություն և առողջություն, Աստված Ձեզ հետ:

Արման Սուլեյմանյան

16:00 13.01.2020

Ամենաշատ ընթերցվածները