ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2019թ-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան
18:00 14.01.2020

2019թ-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ. Տիգրան Խաչատրյան

«Շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականին, քանի որ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա»,- այսօր ամփոփելով 2019 թվականի տնտեսական տարին՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը հայտնեց, որ 2019 թվականի 11 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7,5%, առաջատար աճ ունի արդյունաբերությունը՝ 9,3 տոկոս:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունը կազմել է՝ 9,2 տոկոս, շինարարությունը՝ 4,5 տոկոս, իսկ արտահանումն աճել է 9 տոկոսով:

«Թեև ցուցանիշները վերջնական ամփոփված չեն, սակայն արդեն կարող ենք ասել՝ 2019թ-ին կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր ձեռքբերում է»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է զբաղվածության ցուցանիշներին, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ վերոնշյալ ժամանակահատվածում մասնավոր հատվածում աշխատատեղերը զգալի ավելացել են, մասնավորապես, 5300-ը՝ վերամշակող արդյունաբերությունում, 12 400-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում, 4300 աշխատատեղ ավելացել է կացության և հանրային սննդի ոլորտում, 2300-ը՝ կապի և տեղեկատվության, 2100-ը՝ ՏՏ ոլորտում և 2700-ը՝ այլ ծառայություններում։

Աղբյուր` Panorama.am

18:00 14.01.2020

Ամենաշատ ընթերցվածները