ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ակնկալվում է, որ 2019-ին ներգնա զբոսաշրջության աճը կլինի 15 տոկոս
21:00 14.01.2020

Ակնկալվում է, որ 2019-ին ներգնա զբոսաշրջության աճը կլինի 15 տոկոս

Թեև տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն ակնկալվում է, որ 2019 թվականին զբաշրջության ոլորտում կգրանցվի 15 տոկոս աճ։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին ներգնա զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,4 տոկոս աճ։ Ըստ նրա՝  շատ կարևոր է, որ ներգնա տուրիզմն աճել է այնպիսի երկրներից, որտեղից այցելությունները գերազանցում են 30-40%-ը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում  Գերմանիայից այցելություններն աճել են 45%-ով, Ֆրանսիայից՝ 21%-ով, Նիդերլանդներից՝ 23%-ով, զգալի աճել է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝  Եվրամիության մի շարք երկրներից Հայաստան ժամանողների թվի աճը վկայում է, որ արդյունավետ են այն քարոզչական կամ մարքեթինգային գործիքները, որոնք կիրառվում են Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան է հրավիրել ավելի քան 50 ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև բլոգերների՝ տարբեր թիրախային շուկաներից՝ Գերմանիայից,  Ֆրանսիայից, Իտալիայից,  ԱՄՆ-ից, Լեհաստանից։

«Այդ այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում: Սա այն հիմքն է, որ մեզ թույլ է տալիս մտածել՝ 2020 թվականի ընթացքում կունենանք ներգնա զբոսաշրջության ցուցանիշների ոչ պակաս աճ, ինչը նաև իր հերթին նպաստում է զբոսաշրջության հետ կապ ունեցող ծառայությունների ոլորտի զարգացմանը»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։

Աղբյուր` Panorama.am

21:00 14.01.2020

Ամենաշատ ընթերցվածները