ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՀԿ. Եվրոպայի տարածաշրջանում տարեկան 700 երեխա է մահանում բռնության հետևանքով
14:00 15.01.2020

ԱՀԿ. Եվրոպայի տարածաշրջանում տարեկան 700 երեխա է մահանում բռնության հետևանքով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Եվրոպական տարածաշրջանում  ամեն տարի 55 մլն երեխա է տուժում բռնություններից։ 700 երեխա մահանում է մեծահասակների ձեռքով։ ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն,  այդ դեպքերի մեծ մասը  մնում են չհրապարակված։

Բռնություններից երեխաների պաշտպանության վերաբերյալ խնդիրները երեկ քննարկել են Տալլինում առողջապահության, կրթության, արդարադատության ոլորտների, խորհրդարանների ու կառավարությունների ներկայացուցիչները։

«Տարեկան 204 մլն երեխայից 55 մլնը կամ երեխաների ¼-ն  Եվրոպական տարածաշրջանում ենթարկվում են բռնության տարբեր ձևերի՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և այլն։ Նրանց 1/3-ը տուժում է  հոգեբանական բռնությունից, 23 տոկոսը՝ ֆիզիկական, 9 տոկոսը բախվում է սեռական բռնության հետ։ Դրան էլ գումարած, ամեն տարի 700 անչափահաս սպանվում է»,-նշել են ԱՀԿ մասնագետները՝ ընգծելով, որ իրականում այս թվերն ավելի մեծ կարող են լինել։

Հետազոտությունները ցույց են տվել, որ բռնության ենթարկված երեխաները, հետագայում ավելի հակված են լինում թմրամիջոցների, ալկոհոլի օգտագործման, նրանց մոտ ավելի հաճախ են զարգանում հոգեկան, ճարպակալման խնդիրներն ու խրոնիկ այլ հիվանդությունները։

«Մանկության ընթացքում ստացած տրավմաները թանկ են նստում ոչ միայն երեխաների, այլև ողջ հասարակության վրա՝ բացասաբար անդրադառնալով նրա բարեկեցության ու տնտեսական զարգացման վրա»,-նշել են կազմակերպության մասնագետները՝ որպես հիմնավորում ներկայացնելով թվեր, ըստ որոնց, այդ տարածաշրջանում բռնությունից տուժած երեխաների բուժման ու աջակցության համար տարեկան ծախսվում է 581 մլրդ դոլար։

Աղբյուր` Panorama.am

14:00 15.01.2020

Ամենաշատ ընթերցվածները