ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հայաստանը պետք է պահպանի դրական չեզոքությունը
19:00 16.01.2020

Հայաստանը պետք է պահպանի դրական չեզոքությունը

2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Բաղդադում սպանվեց իրանցի ռազմական գործիչ, գեներալ Ղասեմ Սուլեյմանին։ Նա եղել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար։ Գեներալին հայրենիքում աստվածացնում էին, թշնամիներն էլ՝ վախենում։ Այս իրողությունը թեժ քննարկումների առիթ է տվել միջազգային մամուլին։ Թեմայի շուրջ խոսել ենք քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

- Պարո՛ն Մեհրաբյան, ասացեք խնդրեմ, ինչի՞ հետևանք էր սա, արդյո՞ք ենթադրելի էր գործողությունների նման ընթացքը։

- Հարձակում տեղի ունեցավ ամերիկյան բազայի վրա, իսկ ամերիկացիներն էլ պատասխան հարված հասցրին։ Հետո հարձակում եղավ ամերիկյան դեսպանատան վրա։ Նման զարգացման սպասելն այնքան էլ զարմանալի չէր։ Այս ամենը նաև հետևանք է ամերիկյան քաղաքականության մեջ ռազմավարության բացակայության հետ, որովհետև ամերիկացիները ունեն ներկայություն Մերձավոր Արևելքում, սակայն ինչ անել այդ Մերձավոր Արևելքում, նրանք դրա ռազմավարությունը չունեն։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ տարբեր սկզբունքներ են ի հայտ գալիս։ Բացի դրանից՝ Ռուսաստանը ակնհայտ քաղաքականություն է վարում, որ Մերձավոր Արևելքից ուղղակի դուրս հանի Միացյալ Նահանգներին, և Մերձավոր Արևելքում բոլոր հարցերը լուծվեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի եռակողմ պայմանավորվածությամբ։ Թե ինչպիսին կլինի այդպիսի Մերձավոր Արևելքը, դժվար չէ ասել․ լինելու է այդ երեք պետությունների «բոստանը», որտեղ ինչ ուզենան, այն էլ կանեն։

- Արդյո՞ք կլինեն լայնածավալ բախումներ։

- Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լայնամասշտաբ բախումներ տեղի ունենան, քանզի դժվար չէ պատկերացնել, թե ինչ ավերածություններ դա կբերի։

- Իսկ հնարավո՞ր է, որ փոքրածավալ, հատուկ թիրախային հատվածներ ընդգրկվեն։

- Հատվածական կլինեն։ Հատկապես կլինի հատուկ վստահված և իրազեկ անձանց միջնորդության ներգրավումը։

Իրանը նրանց միջոցով է գործում, դրանք արաբական ծագման «շիա» ստորաբաժանումներն են։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ևս այսպես կոչված պրոքսիկների միջոցով է գործում, Ռուսաստանն է ամբողջ պաշտոնական Սիրիա պետությունը վերածել պրոքսիկների պետության, հետևապես դրանց միջոցով, այնուամենայնիվ, լարվածությունը կպահպանվի, բայց մեծածավալ բախումներ չեն լինի։

- Ինչպե՞ս այս ամենը կազդի Հայաստանի վրա։

- Բախումները, որոնք տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ և որոնցում ներգրավված են տարածաշրջանային գերտերությունները, ինքնին մարտահրավեր են Հայաստանի համար։ Ի՞նչ դիրքորոշում կարող է և պետք է որդեգրի Հայաստանի Հանրապետությունը․ այն, ինչ որդեգրեց պաշտոնական Երևանը՝ սկսած հունվարի 3-ից, այսինքն՝ դրական չեզոքություն, որևէ հակաամերիկյան, որևէ հակաիրանական հոսանքին տրվելու բացառում։ Բացի դրանից՝ պետք է ընդգծվի, որ Հայաստանը ցանկացած բռնությանը դեմ է։

- Կա՞ն սկզբունքներ, որ ոչ մի պարագայում չպետք է անտեսենք։

- Հայաստանը խաղաղությունը, պատասխանատվությունը, իմաստությունը, բռնության բացառումը տարածաշրջանում պետք է կարևորի։

- Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև։ Դուք ինչպե՞ս կգնահատեք մեր կողմի մոտեցումը, մասնավորապես այն պարագայում, որ մեր արտգործնախարարը նշեց միայն Բաղդադում տեղի ունեցածը։

- Այն, ինչ հնարավոր է և այն, ինչ կախված է Հայաստանից,  պաշտոնական Երևանը անում է և պետք է շարունակի ակտիվորեն անել։ Խոսքը վերաբերում է Արտգործնախարարության երկու հայտարարությանը, ինչպես նաև սար բարձրանալիս Նիկոլ Փաշինյանի խոսքին, որը վերաբերում էր տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ինչը խորհրդանշական քայլ է։ Ինչպես նաև, ի պատիվ մեր արտգործնախարության և պաշտպանության նախարարության, այս խնդրով շտապ կարգով բավականին ընդգրկուն խորհրդակցություններ են կազմակերպվել, կարող ենք ենթադրել, որ ուղեղային գրոհ է տեղի ունեցել, թե ինչ պետք է չարվի։ Դա վկայում է, որ Հայաստանի պետական ինստիտուտները պատշաճ կերպով արձագանքում են այս իրողություններին։ Հայաստանի համար կարևոր է Միացյալ Նահանգների և Իրանի հետ հարաբերությունները իրար չհակադրելը։

Զրույցը վարեց Անուշ Միրզոյանը

19:00 16.01.2020

Ամենաշատ ընթերցվածները