ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շինուհայրի բրենդը մայրաքաղաքում
16:00 17.01.2020

Շինուհայրի բրենդը մայրաքաղաքում

«Երբ  բանակից զորացրվեցի,  մի  քանի  անգամ  տարբեր  տեղեր  դիմեցի  գործի  ընդունվելու  համար, բայց  մերժում  ստացա», - պատմում է Շինուհայրի բնակիչ 21-ամյա Արսեն Բագրատյանը։ Ասում է, որ գյուղում իրեն հետաքրքրող այլ զբաղմունք չկա, ամենալավը սեփական բիզնեսով զբաղվելն է, ծնվել և ապրում է Շինուհայրում։ Հետո  մտածեց․  ինչու  աշխատել  ուրիշի  համար, եթե կարող է իր սեփականն ունենալ։

Ճխթթուն՝ որպես ընտանեկան բիզնես

Արսենը Երևանում մի քանի անգամ մասնակցել է բիզնես դասընթացների, ստացել բազային   գիտելիքներ  և  հետո սկսել կատարել առաջին  քայլերը: Արդեն 6 ամիս է, ինչ զբաղվում է պահածոների արտադրությամբ․ «Դասընթացներից մեկի թեման էր «Ինչպե՞ս ստեղծել  գյուղատնտեսական բրենդ»: Հետո երկար մտածեցի՝ ինչ արտադրել գյուղում, որ ունենա բրենդ  դառնալու պոտենցիալ, և կանգ առա այն մտքի վրա, որ Գորիսի բրենդային  ուտեստներից մեկը  ճխթթուն  է: Սկսեցի ուսումնասիրել  շուկան, այնուհետև զբաղվեցի արտադրության կազմակերպման հարցերով»:

Շուկայի ուսումնասիրություն, պատրաստման տեխնոլոգիաներ, արտադրական պրոցես և, որ ամենադժվարն է, շուկա մտնել։ Սեփական գործ սկսելու հարցում Արսենին ընտանիքն է աջակցել, իր խոսքով՝ ընտանեկան բիզնես է։ Դժվարությունների  հանդիպել է։ Մտավախություն ուներ, որ կարող է ձախողվել, բայց համարձակությունը հաղթեց․ «50/50 էր  արդյունքի հասնելը: Սակայն, ինչպես ասում են, ռիսկը գործի կեսն է, ու հատկապես բիզնեսում պետք է  կարողանալ ռիսկի դիմել: Նաև հարազատներս և ընկերներս հորդորեցին, որ կարող եմ և պետք է փորձեմ: Ձախողվելու դեպքում էլ սա ևս փորձ ձեռք բերելու մի հնարավորություն էր: Սակայն հաջողությամբ  հաղթահարեցի և այժմ էլ աշխատում եմ ընդլայնելու ուղղությամբ»։

Սիրողական բիզնեսը տարածաշրջանից դուրս

Արսենի կարծիքով՝ պահածոների արտադրությունը դեռ զարգացման փուլում է։ Թեև դեռ սկսնակ է, բայց շահույթից դժգոհ չէ․ «Ամեն օր մի նոր մտահղացում կարող է ի հայտ գալ։ Մեկ  տարին լրանալուց հետո միայն կմտնենք կայացման փուլ: Առանց շահույթի բիզնես չի լինում: Հիմա մարդկանց մեծամասնությունը մտածում է՝ եթե մի բիզնեսի մեջ փող է դրել, ապա պետք է դրանից շատ արագ շահույթ ստանա, սակայն կարծում եմ, որ նախ պետք է գործը սիրել, հետո՝ փողը: Դրա համար դեռ սիրողական մակարդակով եմ զբաղվում, հետո՝ ծավալների մեծացմանը համընթաց կմտածեմ նաև մեծ շահույթների մասին»:

Առայժմ արտադրանքը բացառապես սպառվում է Երևանում, հաջորդ տարի նպատակ կա արտահանել  նաև Ռուսաստանի Դաշնություն․ «Շահագրգռված էի մեծ շուկա ունենալու հարցով, դրա շնորհիվ կարողացա արտադրանքը սպառել մայրաքաղաքում: Հիմա այն  առկա է մայրաքաղաքի սուպերմարկետների ցանցերից երկուսում՝ «SAS»-ում և «Նոր Զովք»-ում: Երևանում կան շատ մարդիկ, ովքեր իրոք հետաքրքրված են ոչ միայն իմ բիզնեսով, այլև առհասարակ բոլոր մարզերին ու տարածաշրջաններին բնորոշ ավադական աղցաններով և այլ ուտեստներով: Ուղղակի պետք է գտնել այդ մարդկանց, համագործակցել և զարգացնել մեր համայնքները և գյուղերը»:

Արսենը հեռակա ուսուցմամբ սովորում է նաև ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում, ընտանեկան բիզնեսին զուգահեռ էլ զբաղվում գյուղատնտեսական այլ աշխատանքներով:

Նարե Խաչատրյան

16:00 17.01.2020

Ամենաշատ ընթերցվածները