ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թռիչք կկվի բնի վրայով
16:00 18.01.2020

Թռիչք կկվի բնի վրայով

Ճաղավանդակներից այն կողմ գտնվողներից յուրաքանչյուրը աշխարհում իր աշխարհն է ստեղծել, ներս մտնողին խեթ հայացքով է նայում, հարցնում՝ ո՞վ է այս տարօրինակ մարդը։ Այստեղ չկան զսպաշապիկներ, պարզապես մարդիկ են, ովքեր կորցրել են ժամանակի զգացողությունը․․․։

Շուրջ հինգ ամիս Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում շփվում էի հոգեկան առողջական խնդիրներ ունեցողների ու աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն, ինչու են դրանք առկա, և լուծման ինչ տարբերակներ կան։ Այն, ինչի մասին նշեցի, զետեղված է «Հոգու կարիքներ» երկարամետրաժ ռեպորտաժում, իսկ ստորև պարզապես ներկայացնում եմ մենախոսություններ ու երկխոսություններ։

Տեսարան բուժքրոջ սենյակում

Հիվանդ - Ես ամենից շատ կոտլետ եմ սիրում (անթարթ հայացքով նայում է)։

Լրագրող - Վերջին անգամ ե՞րբ ես կոտլետ կերել։

Հիվանդ - 8 տարի առաջ․․․ (Անթարթ հայացքով, թեթև, սառը ժպիտ)

Բժշկի սենյակում

Բժիշկ - Մենք ի՞նչ ենք պայմանավորվել։

Հիվանդ - Ինչի՞ համար։

Բժիշկ - Ես քեզ ի՞նչ խորհուրդ եմ տվել, դուրս գրվելուց հետո ի՞նչ պետք է անես։

Հիվանդ - Խելոք մնամ, չխմեմ․․

Բժիշկ – Ահա։

Հիվանդ - Ալկոհոլ չօգտագործեմ․․

Բժիշկ - Ահա, ճիշտ է։

Հիվանդ - Դա վնաս է առողջությանը։ Մայրիկին ու հայրիկին լսեմ, իրենց օգնեմ, իրենց հետ  ապրեմ։

Բժիշկ - Իսկ բժշկական մասով ի՞նչ պետք է անես։

Հիվանդ - Դեղս գնամ հիվանդանոցից ստանամ, բերեմ մեր տուն, երկու տուփ տալիս են, 45 օրվա համար։

Բժիշկ - Քեզ համար դժվա՞ր կլինի օրական երկու անգամ դեղ խմել։

Հիվանդ- Չէ, դժվար չի, ուրախ կլինեմ։

Բժիշկ - Ի՞նչ կտա դա քեզ։

Հիվանդ-Արդյունք կտա, կառողջանամ, ուղեղս կբացվի։

Բժիշկ - Գանգատ ունե՞ս։

Հիվանդ - Ոչ։

Բժիշկ -Եղավ, ապրես, գնա, հաջողություն։

Դրվագ պետքարանում

Հիվանդ1 - Աննան ծխախոտս դեն է գցել (լացում է բարձրաձայն ու ձեռքով հրում տարիքով կնոջը)։

Հիվանդ 2 - Ինչո՞ւ ես խանգարում (ձեռքերով պաշտպանվում է)։ Ամեն օր մեր միսը ուտում ես դրա համար, վա՜յ։

Հիվանդ3 - (վազելով գալիս է վիճողների մոտ) Ի՞նչ է, ինչո՞ւ ես գոռում, ատամդ կհանեն, կհանգստանաս․․․ (բարձր լաց)

Մենախոսություն

Իրենց ձայնից ամեն օր արթնանում ենք, գիշերը վեր են կենում ծվծվում, երեք անգամ վեր եմ կացել, սանիտարկան տեսավ ճար չկա, տարել են դրան կապել, ու այսպես անվերջ։

Սահմանագիծը ոտքերի արանքում 

Լրագրող - Ինչո՞ւ եք դուք այստեղ։

Հիվանդ - Կռվի ժամանակ կոնտուզիա եմ ստացել, ժամանակավոր եկել եմ այստեղ (դիսպանսերի բակում կատարում է արևելյան մարտարվեստի վարժություններ)։

Լրագրող - Հիմա անկաշկանդ, առանց լարվածության Դուք սպորտով եք զբաղվում, կարծես թե գիտակից եք, չե՞ք ցանկանա վերադառնալ տուն։

Հիվանդ - Բժիշկը ինձ պետք է դուրս գրի, բայց տեղ չունեմ գնալու, ամբողջությամբ մերկ եմ․․․ (ձեռքով վարժություններ է կատարում հաստաբուն ծառի վրա, խոսելիս ավելի է արագացնում այդ հարվածները)։

Բժիշկ - Այսինքն, այդ ինչպե՞ս։

Հիվանդ - Ես ուղղակի տուն չունեմ, ոչինչ չունեմ։ Միայն մի փոքրիկ տնակ ունեի, այն էլ կորցրի։ Եթե վերևում կա Աստված, Բուդդան, ապա կօգնի։ Բայց ամենից սարսափելին այն է, որ այստեղ մի սենյակում են նորմալ մարդիկ, ինչպիսին ես եմ, և դեբիլոիդները, դա անտանելի է։

Լրագրող - Ո՞րն է կյանքի իմաստը։

Հիվանդ - Արդար ապրել, օգնել ինքդ քեզ և ուրիշներին։

Ցավոտ դրվագներ 

Հիվանդ - Հայր մեր, որ յերկինս ես․․․

Լրագրող - (Անահիտը՝ անունը՝ պայմանական, աղոթում է, որպեսզի մոտ ժամանակներս Երևան գնա։ Աղջկա խոսքը անհասկանալի է, հազիվ է հասկացվում)

Հիվանդ - Ես եկել եմ Երևանից, մանկատնից, որ բուժվեմ։ Իմ ծնողներին ընդհանրապես չեմ տեսել։ Մայրիկիս կարոտել եմ։ Նեղված եմ ծնողներիս համար։ Ընկեր եմ ուզում ունենամ, մի լավ աշխատող տղա եմ ուզում, որ ամուսնանամ։ Կցանկանամ երեխա ունենալ, որ հիվանդ չլինի, կպահեմ։

Լրագրող - Իսկ եթե հիվանդ եղավ, կտանե՞ս մանկատուն։ 

Հիվանդ - Բա իմ երեխան է, ո՞նց կտանեմ։

Լրագրող - Ինչո՞ւ։

Հիվանդ-Այնտեղ վատ է, բժիշկները լավը չեն, կապում են, ջղայնանում են, խփում են։ 

Լրագրող - Մանկատանն էր լա՞վ, թե՞ այստեղ։

Հիվանդ - Այստեղ բժիշկը այ այսպիսի մարդ է (ցույց է տալիս բթամատը)։

Փիլիսոփայության ներածություն

Պատմում է դիսպանսերի շահառուն․«Ռուս մեծ փիլիսոփա Բելինսկու խոսքերը հիշեցի՝ այս տառապանքը որ տեսա (նկատի ունի մյուս հիվանդի հետ վեճը), նա ասում է․ «Ապրել չի նշանակում՝ ուտել, խմել, չարչարվել փողի ու պաշտոնի համար, ապրել նշանակում է զգալ, մտածել»։

Փիլիսոփայություն եմ ուսումնասիրել․ էպիկուր, Կանտ, Սոկրատես, Լիխտենբերգ, Բելինսկի։ Հոգեբուժարանում Նիցշեն՝ գերմանացի փիլիսոփան, 12 տարի տառապել է, իր գրածի վրա հոգեկանը խանգարվել է։ 53 տարեկան եմ, ես կյանքից դժգոհ չեմ, հիվանդություն է էլի, փողով չեմ գնել։ Կինս ասում է, որ գալու է տանի, ամեն օր խոսում եմ հետը․․․ հավատում եմ, գալու է տանի․․․(կինը հաճախ է ասում, որ կգա ու կտանի, բայց, ինչպես հասկացաք, նա դեռ այնտեղ է)։

Անավարտ վերջաբան

Դիսպանսերում նկարահանման ընթացքում քայլում էինք ես ու օպերատորները՝ ձեռքներիս տեխնիկա։ Հիվանդներից մեկը հարցրեց, թե ինչ ենք անում։ Պատասխանեցի, որ նրանց մասին ֆիլմ ենք նկարում, նրանց առօրյայի ու խնդիրների մասին։ Ես հարցրի, թե ինչ կանվաներ ֆիլմը, ասաց՝ «Թռիչք կկվի բնի վրայով»։

Ֆիլմ էր դիտել հենց այս վերնագրով ու հենց հոգեկան առողջական խնդիրներ ունեցողների մասին։ 

Անուշ Միրզոյան

16:00 18.01.2020

Ամենաշատ ընթերցվածները