ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Ոչ» ասելու նուրբ արվեստը
15:00 19.01.2020

«Ոչ» ասելու նուրբ արվեստը

Շատերին է ծանոթ այս արտահայտությունը՝ դիմացինին «այո» ասելիս համոզվեք, որ ինքներդ ձեզ «ոչ» չեք ասում: Մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ կյանքում մեկ անգամ, եղել է այնպիսի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը խնդրանքով դիմել է մեզ, և մենք ցանկացել ենք մերժել, բայց ներքին որևէ բան խանգարել է մեզ, և մենք դրական պատախան ենք տվել՝ «ոչ» ասելու փոխարեն։ Բոլորս էլ հավանաբար բախվել ենք այս իրավիճակին, երբ մյուսներին երջանկացնելու համար մեզ զրկում ենք այդ պահի համար այլ որևէ կարևոր բանից և այդպիսով հայտնվում ենք վատ վիճակում: Եվ դա զարմանալի չէ: Դեմ գնալ ինքդ քեզ, նշանակում է՝ ներքին հակասություն ունենալ՝ այս կարծիքին է հոգեբան Մարիաննա Մարգարյանը:

«Երբեմն սա վերածվում է տհաճ երևույթի, հատկապես երբ «ոչ» ասել չկարողանալուց սկսում են օգտվել քո կողքի մարդիկ: Սա դառնում է բնավորության մի գիծ, որը ծառայում է ի վնաս այն կրողին և հօգուտ դիմացինի թուլությունից օգտվել սիրող մարդկանց: Նման մարդիկ գիտեն՝ ինչ հնարքներ կիրառել, որ ստանան ձեր համաձայնությունը: Դա բնավորության այն քիչ գծերից է, որը բոլորը, բացի այն ունեցողներից, դրական են համարում, բայց ունեցողը ցանկանում է ընդմիշտ ազատվել դրանից: Իսկ ազատվել մի բանից, ինչի պատճառները չգիտենք՝ շատ դժվար է: Նախ և առաջ փորձեք պարզել մերժել չկարողանալու պատճառները, որոնք բազմաթիվ են՝ չեք ուզում որևէ մեկին մերժել, լինել եսասեր, անսիրտ, չսիրված, չեք ուզում վիճել և այլն:

Մարդը իր բնույթով սոցիալական էակ է և վախենում է մենակությունից: Իսկ որպեսզի միշտ շրջապատված լինես քեզ սիրող մարդկանցով, դու էլ պետք է դառնաս նրանց սիրելին: Այսինքն՝ սա ենթադրում է չմերժել ոչ ոքի, միշտ օգնության հասնել, լինել վստահելի։ Թվում է, թե ինչ վատ բան կա այս ամենի մեջ, բայց դա լավ է այնքան ժամանակ, քանի դեռ դիմացինդ չի օգտվում քո այդ թույլ կողմից:

Մարդուն չմերժելու երևի թե ամենատարածված պատճառը նրան նեղացնել չցանկանալն է: Իհարկե, մարդիկ իրոք կարող են նեղանալ մերժվելիս, բայց դա չի նշանակում, որ դրան պետք է զոհ գնալ ու միշտ ձեր անձնական զոհողությունների հաշվին «այո» ասել: Պետք է կարողանալ հաղթահարել այդ վախը, դիմացինը ձեզ որևէ բան խնդրելիս չի պահանջում դա անել, նա պարզապես խնդրում է, և մերժելը ձեր բնական իրավունքն է», - ասում է հոգեբանը:

Փորձեք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Թող մյուսներն իմանան ձեր նախընտրությունները, ճաշակն ու այն, թե ինչ արժեքներ ունեք: Հնարավոր է՝ ձեզ ավելի լավ ճանաչելու դեպքում ձեր մտերիմները չխնդրեին ձեզանից այն, ինչ ձեզ դուր չի գալիս:

Սովորել ասել «ոչ» փոքրուց

Ոչ ասելու արվեստը զարգանում է տարիքի հետ միասին:  Այո կամ ոչ բառերը ծնողների կողմից ասելը պետք է լինի պատճառաբանված և չափի մեջ: Եթե դուք հազվադեպ եք ձեր երեխային ասում «ոչ», այն սակավ անգամներն էլ, երբ դուք ասում եք, նա կբողոքի, քանի որ սովոր չէ հիասթափվել: Եթե երեխայի ամբողջ օրը լի է «ոչ»-երով, երեխան հավատում է, որ աշխարհը բացասական միջավայր է, և, մեծանալով, նա ինքն էլ կարող է դառնալ բացասական անձ: Իրական աշխարհը միշտ լի կլինի «այո»-ներով և «ոչ»-երով:

«Չգիտես՝ ինչու, մենք միշտ մտածում ենք, որ եթե մերժենք մարդու խնդրանքը, նա էլ հաջորդ անգամ մեզ կմերժի, կսկսի վատ վերաբերվել մեզ, երբ նրա օգնության կարիքն ունենանք, երբեք օգնության չի գա: Այս վախը գալիս է դեռ մանկությունից, երբ մեզ սովորեցնում են, որ մեզ կսիրեն, եթե մենք լավը լինենք, լսող լինենք: Եվ այդպես էլ այդ «լսող ու խելոք» լինելու պահանջով էլ մեծանում են մարդիկ ու արդեն հասուն տարիքում մյուսների հետ փոխհարաբերություններում դրսևորում նույն վարքը՝ չասել ոչ, որ սիրվես:

Այս դեպքում պարզապես պետք է գիտակցել, որ եթե մարդը ձեզ իրոք սիրում է, նա երբեք չի դադարի սիրել, եթե մերժեք նրան», - ասում է Մարիաննա Մարգարյանը:

«Ոչ» ասել սովորենք դանդաղ, բայց հաստատուն

Գրի առեք ձեր առաջնահերթությունները և մնացած բոլոր պարագաներում, եթե դրանք չեն տեղավորվում ձեր այդ ցանկի մեջ, կամ ավելին՝ անգամ համեմատության եզր չունեն, առանց խղճի խայթ զգալու, պատրաստ եղեք քաղաքակիրթ ձևով մերժել:

Ինչպես նշում է հոգեբանը, մերժել դժվար է միայն առաջին անգամ: Ամեն անգամ հրաժարվելով մի բանից, որը քեզ պարտադրում են, դու քեզ կզգաս ավելի վստահ սեփական ուժերի վրա, և շատ ավելի հարգված: Որպեսզի անսպասելի իրավիճակներում ձեզ չկորցնեք և ձեզ համար ոչ նպատակահարմար դեպքերում կարողանաք մերժել մարդկանց, հարկավոր է նախապես պատրաստվել, փորձեր անել: Կարող եք սկսել ամենասովորական իրավիճակներից և հատկապես անծանոթների հետ, քանի որ նրանց դեպքում չեք վախենա հարաբերություններ փչացնել:

Մերժեք, երբ փորձում են, օրինակ, հերթում առանց պատճառի առաջ անցնել, հրաժարվեք, երբ հեռախոսով ինչ-որ բան են առաջարկում գնել, հրաժարվեք, երբ մատուցողն առաջարկում է խմիչք կամ աղանդեր վերցնել, իսկ դուք այդքան էլ չեք ցանկանում: Մերժեք, եթե ձեզնից գումար են խնդրում, իսկ դուք գիտեք, որ դա ձեր առաջնահերթ ծախսերի գումարն է: Փոքր բաներում սովորելով մերժել՝ դուք շատ ավելի հեշտությամբ կկարողանաք «ոչ» ասել ավելի կարևոր իրավիճակներում:

Եվ հիշեք, ձեր որոշումը միայն ձեր ընտրությունն է, և պատասխանատվությունը ևս լինելու է միայն ձերը:

Սոնա Օհանջանյան

15:00 19.01.2020

Ամենաշատ ընթերցվածները