ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջարկվում է բարձրացնել զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը
21:00 23.01.2020

Առաջարկվում է բարձրացնել զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը

«Նախատեսվում է հստակեցնել զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության միջոցները»,- խորհրդարանում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Բալայանի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվում է վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվությունը միայն քրեական օրենսգրքով սահմանել։

«Մասնավորապես, վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն է սահմանված թե՛ քրեական, թե՛ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով։

Բացի այդ, զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում սահմանվել է, որ զորահավաք հայտարարվելու դեպքում զորահավաքի ներգրավվումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև քրեական օրենսգրքում»,- նշեց Բալայանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, առաջարկվում է բարձրացնել զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը՝ 20 հազարից դառնալով 30 հազար դրամ։ Նույն արարքը մեկ տարվա ընթացքում պահեստազորայինի կողմից կրկնվելու դեպքում կսահմանվի 50 հազար դրամ տուգանք.

«Զորավարժություններին չմասնակցելու հարգելի պատճառները ևս սահմանվում են։ Հստակցվում է նաև տուգանքը կիրառող մարմինը։ Մինչ այս տուգանքը կար, բայց կիրառող մարմին սահմանված չէր»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց, թե նախկին օրենսդրությամբ ասպիրանտուրա ընդունված քաղաքացիները, ովքեր պարտավոր էին 3 տարվա ընթացքում պաշտպանել թեկնածուական թեզը, ազատվում էին ծառայությունից։ Բայց եթե նրանք ինչ-ինչ պատճառներով 3 տարում չեն պաշտպանել թեկնածուական թեզը, արդյո՞ք քրեական հետապնդման են ենթարկվելու։

«Հիմա այդ մարդիկ եթե արդեն պաշտպանել են, դարձել են գիտությունների թեկնածու, ո՞նց կարող են գալ և ծառայել՝ առանց քրեական պատասխանատվության»։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Բալայանը նշեց, որ այդ ասպիրանտները, եթե նրանց 27 տարին լրացած է, ժամանակ ունեին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայանալ, իսկ դրանից հետո նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում։

Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդուելու մասին հարցը։

Աղբյուր` Panorama.am

21:00 23.01.2020