ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մամուլի ասուլիս Կապանում
16:00 28.01.2020

Մամուլի ասուլիս Կապանում

Անցած շաբաթ մեր մարզի կյանքը աշխուժացավ գործադիրի ղեկավարի մամլո ասուլիսի շնորհիվ: Առաջին անգամ կառավարությունը չապահովեց լրագրողների ճանապարհածախսը դեպի հեռավոր մարզ, առաջին անգամ այս իշխանության ընտրվելուց հետո Փաշինյանը հասարակ մարդկանց չընձեռեց հնարավորություն շփվել իր հետ փողոցում: Առաջին անգամ վարչապետը մարզում մենակ էր հանդես գալիս, առանց մարզպետի, փոխմարզպետների և ընդհանրապես առանց տեղացիների: Ընդհանրապես շատ բաներ եղան, որին ականատես դարձանք առաջին անգամ, բայց եկեք հերթով, կարգով ներկայացնենք ամեն ինչ: Գնացինք…

Սակայն ինչ կապ ունի, որ Կապանում

Սյունեցիները միամտորեն կարծել են, որ եթե Փաշինյանը Կապանում ասուլիս է տալու, ապա իրենք ինչ-որ հնարավորություն կստանան, ինչ-որ առավելություններ՝ հարց հղելու, կամ գոնե ինչ-որ առանձնացված տեղեկատվություն կստանան՝ հյուրընկալելով թիվ 1 ղեկավարին: Սրա մասին էր վկայում բազմաթիվ քաղաքացիների հետ մեր շփումը, որոնք փորձում էին ինչ-որ հարցեր փոխանցել վարչապետին մեր միջոցով: 

Իրականում տեղական մամուլը շպրտվեց հերթում ամենավերջ, և հնարավոր էր, որ ընդհանրապես չհասցնեինք հարց ուղղել: Վարչապետի 2,5 ժամ տևած սուպերձանձրալի 100 փաստի ընթերցանությունը ոչ մի կերպ չառանձնացրեց Սյունիքը, ամեն ինչ ընդհանուր Հայաստանի մասին էր: Դրսում ազատ շփումներ էլ չկայացան: Սյունիքին վերաբերող հարցերը նույնպես քիչ բովանդակություն էին պարունակում, իսկ 1,5 տարի կառավարած մարզպետի առումով ընդհանրապես անբովանդակ: «Մարզպետը չի մարզի համար լավ բան անողը», - այսպիսի հստակ պատասխան լսեցինք, երբ փորձեցինք գնահատական լսել Հունան Պողոսյանի գործունեության մասին: Ինչու՞ ենք առ այսօր պահում այդ կառույցը, որը հեղափոխությունից հետո տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ ցրել կամ ձևափոխել, այդպես էլ պարզ չդարձավ: Մի խոսքով՝ ասուլիսը Կապանում էր, բայց Սյունիքի հետ մեծ հաշվով ոչ մի կապ չուներ: Առաջին հարցը Գյումրիի մասին էր, իսկ այն, որ Գյումրիում կամ Վանաձորում ոչ մեկը Սյունիքի մասին չի հարցնելու, փաստ է:

Կազմակերպումից ամեն ինչ պարզ է դառնում

Այն, որ Փաշինյանը չունի մամլո քարտուղար, երևաց հենց Կապանի ասուլիսի ժամանակ: Բոլոր լրագրողներին խնդրեցին ուղղել ընդամենը մեկ հարց: Սյունիք հասած ԶԼՄ ներկայացուցիչների քանակը ընդամենը 25 էր: Կարելի էր համով-հոտով ասուլիս անցկացնել 3 ժամում, հանգիստ ու սպառիչ պատասխանել, ինչից հետո նույնիսկ ցրտին կանգնած մարդկանց էլ կարելի էր ժամանակ տրամադրել: Սակայն ինչ-որ մեկը, հավանաբար, վարչապետին ասել էր, որ լրագրողները չեն կարողանում կարդալ, այդ իսկ պատճառով Փաշինյանը 2,5 ժամ անձամբ կարդում էր այս կառավարության կատարած 100 փաստը, որը ի սկզբանե խոստովանեց, որ աշխատանքային տեղեկատվություն է և դեռ պետք է ճշտգրտվի, այսինքն, փաստացի ոչ կոռեկտ կլինի, եթե այդ բրոշյուրից որևիցե լրագրող որևիցե տվյալ օգտագործի: Երևում էր, որ Փաշինյանը հոգնեց: Ի պատիվ իրեն, նա, այնուամենայնիվ, փորձեց պատասխանել բոլորի հարցերին: Ինչ եղավ հետո՝ հաջորդիվ:

Ի՞նչ տվեց ասուլիսը

Վարչապետն «ավելի լավ էր պատրաստվել» ասուլիսին, քան լրագրողներից շատերը։ Լրագրողները հարցեր տալիս էին ինչ-որ բան ասելու, քան պատասխանը լսելու համար։
Վարչապետն էլ իր հերթին հարցերին պատասխանում էր՝ հաճախ շեղվելով թեմայից ու անհարկի ծավալվում բոլորովին այլ թեմայով։ Հայաստանյան այս հարցուպատասխանի մշակույթը ինձ երբեք էլ դուր չի եկել: Լրագրողները ջանում են իրենց ցուցադրել, մինչդեռ նրանց գործը հասարակությանը հուզող հարցերը վեր հանելն է, այլ ոչ երբեք սեփական ամբիցիոզ եզրակացությունները ցուցադրելը, իսկ վարչապետի «Կարգին հաղորդման» սքետչերի հիշատակումը ոչ այլ բան, քան թեման մեռցնելու փորձ: 

Որքան էլ խոսվեց դավեր նյութող ուժերի մասին, կիբերպատերազմի մասին, Փաշինյանը զերծ մնաց որևիցե մեկի անունը հստակ հնչեցնելուց: Այո՛, մեզ միամտորեն թվում է, որ մեղադրող թիվ մեկ պաշտոնյան, ով տիրապետում է ոստիկանության և ԱԱԾ տեղեկատվությանը, պետք է որ անկաշկանդ լինի փաստերով ու անուններով խոսելիս, բայց, ավաղ, դա տեղի չունեցավ: Արցախի հիմնախնդիր, հանքեր, քաղաքական հիբրիդային պատերազմ, ՍԴ, ոչ մի թեմայով ոչ մի սպառիչ պատասխան չհաջողվեց ստանալ: Համենայն դեպս, ռուսական լրատվամիջոցներից ինձ զանգահարած գործընկերների հարցերին ես չկարողացա ձևակերպել հստակ պատասխաններ, քանի որ վստահ չէի, որ դրանք ունեմ:

Սյունեցիների համար պարտավոր եմ նշել հետևյալ քիչ թե շատ հստակություն ունեցող տեղեկատվությունը. Գանձասար-Կապան ֆուտբոլային թիմի կապանյան խաղերը մնում են հարցականի տակ, հաջողություններ այս թեմայով չկան, անկախ այն հանգամանքից, որ նախընտրական շրջանում խոստում կար, որ կլինի առաջընթաց: «Հեղափոխական» մարզպետի գործունեությունը գնահատական չստացավ, Սյունիքով անցնող նարկոտրաֆիկի դեմ պայքարի վերաբերյալ տեսանելի արդյունքներ չհիշատակվեցին: 

Ասուլիսի սկանդալը

Կապանյան ասուլիսի սկանդալային հատվածներից էր Հրայր Թովմասյանի տևական «շողոքորթումը», որի մասին վարչապետը ասաց, որ այն մեկնարկել էր դեռ 2018-ի մայիսից: Դրանից հետո Փաշինյանը խոստացավ համապատասխան փաստեր ներկայացնել լայն հասարակությանը, որից հետո մենք բոլորս երկու օր շնչակտուր սպասում էինք ինչ-որ ձայնագրության կամ այլ անհերքելի փաստի, ինչից կերևար ՍԴ նախագահի կոռուպցիոն առաջարկը վարչապետին, սակայն որպես արդյունք մեզ ներկայացվեց անխոս գրիչը, որը նվիրվել էր վարչապետին: Հիմա ազգովի «սպասում ենք» գրիչի հարցաքննությանը:

Վերջաբան

Արդեն 2020թ․ հունվարի 27-ի իր ֆեյսբուքյան լայվ հեռարձակման շրջանակում Փաշինյանը խոստովանեց, որ ժամանակ չի ունեցել լրջորեն զբաղվելու, հասկանալու Սահմանադրական դատարանի խնդիրը, դրա հետևանքները և այլն: Այսինքն՝ ապացուցվում է այն փաստը, որ ինչ-որ բաներ երկրում տեղի են ունենում, երբ վարչապետը ժամանակ ունի և խորանում է, իսկ շատ ու շատ բաներ տեղի չեն ունենում, քանի որ դրա ժամանակը ու հավեսը ուղղակի չկան: Իսկ այն հանգամանքը, որ բոլոր հարցերը, գութանից, բրոկոլիից սկսած ու ՍԴ բարդ հարցերով վերջացրած, մենք իմանում ենք միմիայն վարչապետից, նշանակում է, որ դեռ շատ ենք սպասելու երկրում իրական, զգալի փոփոխությունների:

Արման Սուլեյմանյան

16:00 28.01.2020

Ամենաշատ ընթերցվածները