ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մի գրիչի ոդիսական
21:00 28.01.2020

Մի գրիչի ոդիսական

Օրեցօր, ամեն վայրկյան արժեզրկվում է ամեն ինչ: Եթե ուզենաք նորմալ կուսակցություն բացել, որ միտված լինի երկրում լուրջ ռեֆորմների, ապա իմացեք՝ չեք կարողանալու կարկառուն, ասելիք ունեցող անվանում գտնել: Դեմոկրատներ, բարգավաճողներ, ռեֆորմատորներ, գրեթե բոլոր, ժամանակին արժեք ունեցող բառերով անվանված կուսակցություններ արդեն կան և, բնականաբար, նրանք ոչ մի հաջողության չեն հասել: Հերթը հասավ մեզ՝լրագրողներիս, արդար գործի սիմվոլիզմն է հարվածի տակ ընկել:

Ոսկե գրիչ, գեղեցիկ գրիչ հասկացությունները վարչապետի կապանյան ասուլիսից հետո համալրեցին արժեզրկված հասկացությունների, առարկաների շարքը: Այլևս հնարավոր չէ ասել՝ էսինչի գրիչը լավն է, լավ է հոդված գրում: Հանկարծ պարզվեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մի նենգ, թանկարժեք գրիչ է նվիրել Փաշինյանին, ու դա գործադիրի ղեկավարը 1.5 տարի թաքցրել է և միայն 2020թ․ հունվարի 25-ից հետո որոշեց դարձնել լայն հասարակության համար կոռուպցիայի խորհրդանիշ: Համենայն դեպս վարչապետը այդպես է ասում, որ այդ գրիչը խորհրդանշում է նախկին համակարգի կոռուպցիոն կապեր ստեղծելու նպատակները։

Հետո ամեն ինչ ավելի դեգրադացվեց։ Ալեն Սիմոնյանը մեղադրեց Արթուր Վանեցյանին, որ վերջինս փորձում էր բարեխոսել ՍԴ նախագահի համար։ Վանեցյանը ստախոս անվանեց ԱԺ փոխնախագահին, իսկ վերջինս գիշերվա կեսին սրտաճմլիկ հակադարձում գրեց առ այն, որ Վանեցյանը նենգ է ու չի գնահատում իրենց ունեցած ընկերությունը։ Միակ հարցը, որ այս ամենից զարնում է իմ գլխին. «Երեխաներ, ուր է ձեր դաստիարակչուհին»։

Այո՛, ներկա իշխանությունները իրենց ինտերնետային շփման շրջանակում շարունակում են ապացուցել, որ պետությունը կարելի է կառավարել միայն խարդավանքների հաշվին, որոնց մի մասի ականատեսն ենք մենք դառնում համացանցից, իսկ մյուսը՝ ամենակարևորը, որը իսկապես բախտորոշ է, այդպես էլ մնում է պետական մանկապարտեզատիպ միջանցքներում։

«Զանգեզուր պրես»

21:00 28.01.2020