ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պենտագոն. հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է
14:00 31.01.2020

Պենտագոն. հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջև իրական ոգևորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաև զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաև շարունակել կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա և ապագա առաջնորդներին», -ասաց Լորա Քուփերը։

Քուփերի խոսքով, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի և Կանզաս նահանգի միջև ընդլայնվող գործընկերությունն է. «Կանզասի հետ ընթացող ծրագիրը թույլ է տալիս մեծացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործունակությունը, դյուրացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:

Հայ-ամերիկյան ռազմական գործընկերության մասին խոսեց նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ շրջանակներում:

«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում և՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում»,-ասաց Վարուժան Ներսեսյանը։

Աղբյուր` Panorama.am

14:00 31.01.2020

Ամենաշատ ընթերցվածները